ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

19.12.2017 19:30 ԶԱՐՄԱՆՔ
 ԶԱՐՄԱՆՔ

«Ելքի» որոշ ներկայացուցիչներ երբեմն այնպիսի բաներ են ասում, որ ակամա մտածում ես` այդ դաշինքի առաջարկած ելքը քաղաքակա՞ն է, թե` ֆիզիոլոգիական: Այսպես, Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԸ զարմանալիորեն հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետության նախագահի` «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում լուրջ հայտարարություններ եւ ուղերձներ չեն հնչել: Դե իհարկե, պարոն Ալենի համեմատ, «լուրջ ուղերձներ» չեն կարող լինել, չէ՞ որ ի տարբերություն պարոն Ալենի` երկրի նախագահը չի առաջարկում այնպիսի «կայֆոտ» բաներ, ինչպիսին է թեթեւ թմրանյութերի օրինականացումը: Իսկ որ Ալեն Սիմոնյանը այդպիսի բաներ շատ է սիրում, երեւում է թեկուզեւ նրա այս պնդումից. «Ավելի լավ կլիներ, եթե նախագահը հարցազրույց տար գոնե բեմադրական ձեւաչափով, ինչպես դա արվում է Ռուսաստանում, երբ երկրի նախագահը 2-3 ժամվա ընթացքում պատասխանում է բնակչության հարցերին»: 

ԶԱՐՄԱՆՔ

Ասում են, թե վռազողը տղա չի ունենում: Բայց վռազողների մասին փոքր-ինչ այլ կարծիք ունի Ծառուկյան դաշինքի պատգամավոր ԳԵՎՈՐԳ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ, ով վրդովված է այն հանգամանքով, որ ԱԺ Պետաիրավական հանձնաժողովում կարեւոր օրենքները մեծ շտապողականությամբ են քննարկվում. «Այնպիսի տպավորություն է, կարծես նորաձեւության ամսագիր ենք թերթում: Ինչպե՞ս մենք կարող ենք ծանոթանալ նման կարեւոր օրենքներին ընդամենը երկու-երեք օրվա ընթացքում»: Այդ զարմանալի բանաձեւն, անշուշտ, դիպուկ է, բայց ավաղ արտաքին տեսքով օրինագծերը շատ հեռու են գունավոր ամսագրից, ուստի շտապողականությունը էլ ավելի զարմանալի է: 

Սակայն տերվռազներ կան ոչ միայն ԱԺ վերը հիշատակված հանձնաժողովում, այլեւ` հայրենի կառավարությունում: Մասնավորապես, զարմանալի շտապողականությամբ Տրանսպորտի նախարարությունը այնպիսի նախագիծ է ներկայացրել ԱՋ ՂԵԿՈՎ ավտոմեքենաները շահագործումից հանելու մասին, որ բազում վարորդներ վրդովվել են, եւ արդեն իսկ ստեղծված «Աջ ղեկ» անունով նախաձեռնություն, որը տարվա ամենակարճ օրը` դեկտեմբերի 22-ին, սկսում է բողոքի ցույց-ավտոերթ: Եվ դատելով, թե ինչպիսի թափով է բողոքի ակցիայի հայտարարությունը տարածվում սոցցանցերով, եւ ինչքան շատերն են պատրաստակամություն հայտնում մասնակցելու, նման է, որ արդյունքում կարող է ստացվել 2015-ի «Էլեկտրիկ Երեւանը» հիշեցնող իրավիճակ: Զարմանալի է, մի՞թե հնարավոր չէր ավելի նորմալ տարբերակ մտածել այդ ավտոմեքենաներն աստիճանաբար շրջանառությունից հանելու համար, որը չդիպչեր այդքան շատերի գրպանին եւ չհարուցեր այդքան վրդովմունք: 

Ինչպես հայտնի է, հայերը շատ են սիրում Ամերիկան: Սակայն ՄԱԿ-ի ծայրահեղ աղքատության հարցերով հատուկ զեկուցող ՖԻԼԻՊ ՕԼՍՏՈՆԸ հայտարարում է, որ. «Այսօր ամերիկյան երազանքը արագորեն վերածվում է ամերիկյան պատրանքի»: Նշելով, որ Միացյալ Նահանգները աշխարհում ամենահարուստ, ամենահզոր եւ տեխնոլոգիական տեսանկյունից նորարարական երկրներից մեկն է, ՄԱԿ փորձագետը շեշտել է, որ ո՛չ երկրի հարստությունը, ո՛չ նրա ուժը, ո՛չ էլ տեխնոլոգիաները չեն օգնում աղքատության մեջ ապրող 40 միլիոն մարդկանց օգնություն ցույց տալու գործում: Եվ նա մի զարմանալի բնորոշում է տալիս ԱՄՆ-ին` «անհավասարության չեմպիոն»: 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА