Լրագրողների հետ պետք է զգույշ լինել, որովհետև լրագրողի վրա հարձակվելը միշտ թանկ է նստում հարձակվողի վրա. Արեն Ապիկյան
Արխիվ 16-20
Երկու օր առաջ Կապան քաղաքում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ «Իրավունք» թերթի լրագրողի կողմից հարց հնչեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին. «Պարոն վարչապետ, ակնհայտորեն սորոսականներ կան իշխանության վերին օղակներում: Հավատում ենք, որ դուք սորոսական չեք, բայց կա տպավորություն, որ դուք կա՛մ զգուշանում ենք նրանցից, կա՛մ նույնիսկ տեսակետ կա, թե գերի եք նրանց ձեռքում: Ի վերջո, կհերքե՞ք, թե՞ կհաստատեք: Իսկ եթե՝ ոչ, ապա ինչո՞ւ չեք զսպում նրանց ակտիվությունը, որը երբեմն նաեւ ակնհայտ ապազգային է»։ Ի պատասխան լրագրողի հարցին, վարչապետ Փաշինյանը կարծես թե կորցրեց հավասարակշռությունը, զայրացավ, կիրառելով երկրի առաջին դեմքին ոչ հարիր բառամթերք։ Ավելին, նա կարծես խուճապի մատնվեց: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսին Iravunk.com-ը այս մասին հարց ուղղեց բիզնեսխորհրդատու, հասարակական գործիչ Արեն Ապրկյանին, ի՞նչ եք կարծում, վարչապետ Փաշինյանն իսկապե՞ս Սորոսի գերին է, եթե հաշվի առնենք, որ կառավարման համակարգում նրանց թիվը ավելանում է։
- Չէի ցանկանա որպես գերի գնահատեմ, քանի որ վերջիվերջո խոսքը գնում է երկրի վարչապետի մասին, բայց այն, որ սորոսական թևի ազդեցությունը կա Կառավարության վրա և առհասարակ այն որոշումների, որոնք այսօր կայացվում են երկրում մեծ է, նշեմ որ նոր չէ սորոսական ազդեցությունը մեր երկրում, այլ վաղուցվանից։ Պետք է նշել, որ ակնհայտ է Սորոսի գրասենյակից եկող վտանգը Հայաստանի համար։ Իհարկե Սորոսին կարելի է տարբեր կերպ վերաբերվել։ Իմ կարծիքով Ջորջ Սորոսը բիզնես հանճար է, բայց միևնույն ժամանակ նրա գործունեությունը և նրա գաղափարախոսությունը Հայաստանի և նման երկրների համար, կարող է շատ վտանգավոր լինել։
- Ձեր խոսքում նշում եք, որ ՀՀ-ում նոր չէ Սորոսի ազդեցությունը, այլ վաղուց եղել է, սակայն ի՞նչ եք կարծում, հիմա առավել քան երբևէ ակտիվ և վտանգավոր չի՞ դարձել սորոսականների գործունեությունը։
- Առավել վտանգավոր է, քանի որ նրանք իշխանական լծակներ են ստացել, որովհետև բազմաթիվ սորոսական գործիչներ այսօր և՛ գտնվուն են Կառավարությունում և՛ ԱԺ-ում։ Այսինքն՝ նախկինում նրանք եղել են ընդամենը հասարակական կազմակերպություն, իսկ հիմա նրանք ստացել են մուտք պետական տարբեր կառույցներում, և այո, դա շատ մտահոգիչ է և կրկնում եմ Սորոսի ուլտրալիբերալ գաղափարախոսությունը Հայաստանի պես պատերազմող երկրի համար, երբ մեր կրոնը, մշակույթը դարեր շարունակ մեզ թույլ են տվել վերապրել, այլ ոչ թե շատերի պես վերանալ, վտանգավոր է։ Սորոսն իր վերջին ելույթի ժամանակ էլ նշել է, որ պայքարելու է նացիոնալիզմի դեմ։
- Ինչպե՞ս եք գնահատում վարչապետ Փաշինյանի հարց-պատասխանը լրագրողների հետ։ Արդյո՞ք լրատվամիջոցի հետ նման բառամթերքով հաղորդակցվելը ճնշում չէ մամուլի նկատմամբ։
- Ամեն դեպքում, ինչպես ասում են՝ լրագրողների հետ պետք է զգույշ լինել, որովհետև լրագրողի վրա հարձակվելը միշտ թանկ է նստում հարձակվողի վրա։ Երկրի առաջին դեմքը, ինչպես գիտենք, եղել է լրագրող և ինչպես ինչքն է ասում՝ բազմաթիվ անգամներ տուժել է, ինքը կրկնակի անգամ նման բան չպետք է թույլ տար իրեն։
- Ներկայիս իշխանությունների արդարացումներից մեկն էլ այն է, թե ինչպե՞ս երեսուն տարվա քանդածը միանգամից հետ բերենք։ Նրանք մասնավորապես հայտարարում են, որ բյուջեն դատարկ է, սակայն 30 միլիոն դրամ պետությունը հատկացնում է սեռափոխված կնոջ մասին պատմող ֆիլմի համար, սակայն հայտարարում, որ սահմանամերձ համայնքներում պետք է ծննդատներ փակվեն, քանի որ այնքան էլ լավ վիճակում չեն վերոնշյալ ծննդատները, այսինքն պետությունն անզոր է, գումար հատկացնել ծննդատներին։ Այս մասին ի՞նչ կասեք:
- Ծննդատների փակման թեման, բնական է , որ պետք է հանգեցներ սոցիալական որոշակի դժգոհության։ Երբ պետությունն անում է նման քայլ, պետք է բավականին հավասարակշռված լինի։ Ես ընդունում են, որ ոչ բոլոր ծննդատներն են արդյունավետ աշխատում։ Ես կարծում եմ, որ առանձին պետք է վերլուծվի յուրաքանչյուր ծննդատան գործունեություն, և համաձայն եմ, որ ոչ արդյունավետ հիմնարկները պետք է լուծարվեն, բայց դրա հետ մեկտեղ պետք է նայել հարցի սոցիալական կողմին, թե քանի մարդ է մնում առանց աշխատանքի, քանի ծննդկան կունենա խնդիր։ Այստեղ հավելեմ նորից՝ պետք է առավել հավասարակշիռ մոտեցում, քանի որ բիզնեստրամաբանությունը պետության կողմից չի աշխատում։ Ես կարծում եմ, որ պետք է վերանայվի այս որոշումը։
ՀԱՅԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ