ԿԱՐՄՐՈՒԿԸ 6 ԱՆԳԱՄ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻՑ, ԳՐԻՊԸ՝ 26, ՏՈՒԲԵՐԿՈՒԼՅՈԶԸ՝ 50
Արխիվ 16-20
Այն, որ կորոնավիրուսը դարձել է համաշխարհային ու այդ թվում՝ հայաստանյան կյանքի օրակարգի թիվ 1 թելադրողը, անզեն աչքով էլ է տեսանելի: Անխտիր կյանքի բոլոր ոլորտները՝ տնտեսություն, կրթություն, մշակույթ, սպորտ, սովորական կենցաղ եւ այդպես շարունակ, պայմանավորված է նրանով, թե այս կամ այն երկրում տվյալ օրը կորոնավիրուսի ինչ դինամիկա կա: Ու ասվածի հիմնավորումն է, որ մասնավորապես Հայաստանում սկսեց գործել արտակարգ դրություն, իսկ շատ երկրներում այդ ռեժիմը կա՛մ արդեն կիրառվել է կա՛մ պատրաստվում են կիրառման:
Բայց այս ամենին զուգահեռ կան անեւ այս հարցը՝ իրո՞ք կորոնավիրուսն այն վտանգն է ներկայացնում, որ դրա համեմատությամբ այլ բան չի երեւում: Փորձենք այս հարցին շատ ավելի սթափ նայել: Այսպես, ստորեւ ներկայացված են բացառապես պաշտոնական՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից հրապարակվող ցուցանիշներն այլ վարակիչ հիվանդությունների եւ կորոնավիրուսի հետ կապված (տե՛ս աղյուսակը): Կորոնավիրուսից առաջացած մահվան թվերն ամեն օր փոխվում են, այսինքն այս պահին մի փոքր նշված թիվը աճել է: Բայց եթե ընդունենք, որ երեք ամսում աշխարհում ունեցել ենք մոտ 6 հազար մահվան դեպք, կներկայացնի մոտավոր պատկերը: Այս տեմպերով շարունակվելու դեպքում մահացության տարեկան ցուցանիշն աշխարհում կհասնի մոտ 25 հազարի: Ու համեմատելով՝ կստանանք. կորոնավիրուսից ունենք (կունենանք) 6 անգամ քիչ մահացածներ, քան տարեկան կտրվածքով աշխարհի մասշտաբով ունենում ենք կարմրուկից: Մալարիայի պարագայում այդ հարաբերությունը 12 անգամ է, գրիպի համար՝ 26, ՄԻԱՎ-ի համար՝ 30: Հեպատիտից տարեկան ունենում ենք ավելի քան 50 անգամ շատ մահացու դեպքեր, մոտ այդքան էլ տուբերկուլյոզից: Այսինքն, եթե այս երեք ամիսներին մոտ 6000 մարդ մահացել է կորոնավիրուսից, ապա նույն ժամանակահատվածում, օրինակ, գրիպից մահացել է մոտ 150 000 մարդ: Այսպիսով, մի շարք վարակիչ-վիրուսային հիվանդությունների համար կորոնավիրուսի վտանգավորությունն անգամ տեսանելի չէ: Ու չնայած դրան, թվարկվածներից եւ որեւէ մեկը չի առաջացնում նման խուճապային իրավիճակ, իսկ ԱՀԿ-ն էլ չի շտապում պանդեմիկ իրավիճակներ հայտարարել, ինչպես արեց կորոնավիրուսի պարագայում ու դրանով ծանրագույն հարված հասցրեց համաշխարհային տնտեսությանը: Ինչո՞ւ: Պատասխանը միանշանակ է՝ այս խուճապը հարուցած աղմուկն արհեստածին է: Այսինքն, եթե ամեն օր նույն հաճախականությամբ խոսվեր, թե կարմրուկից այսքան մարդ մահացավ, գրիպից ու թոքախտից՝ այսքան, հաստատ դա տպավորություն կառաջացներ, որ եկել են Արմագեդոնի օրերը: Իսկ թե ում եւ ինչի համար է պետք կորոնավիրուսը վերածել համաշխարհային սարսափի հարուցիչի, այլ խոսակցության թեմա է:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ