Վարդենիսցի կինը վարակվել է աղանդավորական հավաքի ժամանա՞կ
Արխիվ 16-20
Սոցցանցերում տարածված տեղեկությունների համաձայն, բավական տարօրինակ պատմություն է ունեցել վարդենիսցի կնոջ` նոր կորոնավիրուսով վարակման դեպքը: Ըստ շրջանառվող վարկածի, թեպետ երկրում արտակարգ դրություն է, տիկինը գնացել է Էջմիածին՝ մասնակցելու աղանդավորական հավաքի, այնտեղ էլ վարակվել ու հետ է վերադարձել համայնք՝ այցելելով վարսավիրանոց, ապա մատնահարդարի, հետո էլ գնացել է աշխատանքի եւ վարակել պոլիկլինիկայի բուժաշխատողներին: Նույն աղբյուրների պնդմամբ՝ Վարդենիսում հիմա տասը հաստատված դեպք կա, բայց մեկուսացվածները հիսունից ավելի են:
Թե որքանով են այս լուրերը համապատասխանում իրականությանը, «Իրավունքը» հետաքրքրվեց Վարդենիսի քաղաքապետ ԱՐԱՄ ՄԵԼՔՈՆՅԱՆԻՑ: Սակայն, նա չցանկացավ որեւէ հարցազրույց կամ մեկնաբանություն տալ թեմայի վերաբերյալ՝ շեշտելով, որ համավարակի հետ կապված ցանկացած հարց պետական մասշտաբի խնդիր է, եւ իր կողմից ասված յուրաքանչյուր բառ կարող է շատ վատ անդրադառնալ բնակչության վրա. «Բժշկուհու վերաբերյալ իրավասու չեմ որեւէ հարցի պատասխանել, խնդրում եմ՝ թողեք մի քանի օր անցնի, հասկանանք ինչ է կատարվում: Ստույգ էլ չէ՝ ինքն Էջմիածնո՞ւմ է եղել, թե՞ Աբովյանում: Շատ տարբեր խոսակցություններ են պտտվում, ու ստույգ ոչ ոք չի կարող ասել, թե ինչ է եղել, միայն կարող է ասել ինքը, որի հետ ես ընդհանրապես չեմ զրուցել: Հիմա նա բուժման մեջ է կամ մեկուսացված է: Իսկ ով ինչ էլ ասի, իրական չի լինի, մինչեւ պաշտոնական տեղեկատվություն չլինի կամ անձամբ նա չխոսի այդ մասին: Միայն կարող եմ ասել, որ քաղաքում հիմա շատ հանգիստ վիճակ է, փորձում ենք ամեն ինչ անել, որ ե՛ւ քաղաքն ախտահանված լինի, ե՛ւ` բազմաբնակարան շենքերն ու փողոցները: Իսկ այսօր ծառատունկ ենք կազմակերպել»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ