Նիկո՛լ, արի ծնողասպան չդառնանք, արի՛ փրկենք երկիրը. Նորայր Նորիկյան
Արխիվ 16-20
«Նիկոլ Փաշինյանի վերջին ելույթից հետո լրիվ սթափվեցի։ Հայաստանի վարչապետը խոստովանում է, որ ՀՀ կառավարության եւ հասարակության միջեւ կա հոգեբանական պրոբլեմ։ Վարչապետն արձանագրում է, որ կառավարությունն իր ծագումնաբանությամբ համաճարակից խուսափելու կանոնները պարտադրելու առումով ունի ինչ-որ հոգեբանական գիծ, որը չի կարողանում անցնել», - այս մասին գրում է փաստաբան ՆՈՐԱՅՐ ՆՈՐԻԿՅԱՆԸ եւ մանրամասնում. «Ըստ նրա, մենք բոլորոս ենք այս կառավարությունը ձեւավորել եւ մի ընտանիք ենք, եւ եթե ընտանիքի մի անդամ պետք է դուբինկաներով առողջություն պարտադրի մյուս հատվածին, ուրեմն սա լուրջ հոգեբանական գիծ է ու դժվարացնում է իր գործը։
Ես միշտ կողմնակից եմ եղել առավել կոշտ ու կտրուկ միջոցների՝ ընդգծելով, որ եթե հայտարարված է արտակարգ դրություն, ուրեմն իշխանությունը պարտավոր է դրսեւորել արտակարգ դրությանը համահունչ եւ համարժեք խստություն, հարկ եղած դեմքում նաեւ կոշտ միջոցների կիրառմամբ ապահովել արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշման դրույթների իրականացումը:
Նիկո՛լ, կառավարության այսպիսի փափուկ քաղաքականությունն ինչ-որ տեղ ծնողասպան գործունեություն է։
Ինչպես ուզում ես գնահատի, սա՛ է մեր հասարակությունը։
Այսօր մահանում են իմ հարեւանի, իմ ընկերոջ, իմ հեռու ազգականի ծնողները, որի համար արդեն իսկ յուրաքանչյուրիս մեղքի բաժինը կա։
Վաղն այդ ողբերգությունը կարող է հասնել իմ ու քո ծնողին, եւ ինքներս չկարողանանք երբեւէ մեզ ներել։ Նիկո՛լ, արի ծնողասպան չդառնանք, արի՛ փրկենք թե՛ նրանց, թե՛ երկիրը…
Ես պատրաստ եմ պաշտպանել քո կառավարության հստակ դիրքորոշումն ու իրական քայլերը եւ հրապարակայնորեն մարդկանց բացատրել, որ անհրաժեշտության դեպքում, այո՛, «Դուբինկաների» համաչափ եւ օրենքով գործադրումը մեր ծնողներին փրկելու շանս է…
Վստա՛հ եմ, Հայաստանի գիտակից բոլոր քաղաքացիները ըմբռնումով կմոտենան կառավարության իրական ջանքերին, որոնք ուղղված են մարդկանց կյանքերը փրկելուն։
Հիմա փափուկ լինելու ժամանակը չէ, հիմա հոգեբանական շեմը հաղթահարելու ժամանակն է՝ հանուն բոլորիս ծնողների…
Սթափվե՛լ է պետք…»: