ՎԻՐՈՒՍՆ ԻՐՈՔ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ, ԵՎ ԱՅՆ ՇԱՏ ԱՆԽՆԱ Է. ՄԱՇԿԱՎԵՆԵՐԱԲԱՆ
Արխիվ 16-20
Այս օրերին, երբ աշխարհում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը ահագնացող տեմպեր է գրանցում, ամենուր քաղաքացիներին հորդորում են խստորեն հետեւել վարակի տարածումը կանխող կանոններին: Բայց որքանո՞վ են արդյունավետ դիմակներն ու ձեռնոցները, երբ անգամ դրա հայաստանյան թիվ մեկ քարոզիչ Նիկոլը հայտարարեց, թե ընտանյոք հանդերձ վարակվել են: Մյուս կողմից` մաշկային ի՞նչ խնդիրներ կարող են առաջացնել դիմակների եւ ձեռնոցների ամենօրյա պարտադիր կրումը: «Իրավունք TV»-ի եթերում փորձել ենք հարցի պատասխանը ստանալ «Մաշկաբանության եւ սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոն» ՓԲԸ-ի մաշկային բաժանմունքի վարիչ, մաշկավեներաբան ԳԵՎՈՐԳ ՇԱՔԱՐՅԱՆԻՑ:
- COVID-19-ը նաեւ մաշկային դրսեւորումներ ունի, որոնք բաժանված են չորս ձեւերի: Առաջին տարբերակը էրիտեմատոզ ձեւն է, որը հիմնականում դրսեւորվում երիտասարդ դրական հաստատված պացիենտների մոտ: Այս ընթացքում առաջանում են էրիտեմատոզ կապտակարմրավուն ցանավորումներ` հիմնականում մարմնի վերջույթների շրջանում, որոնք հիսուն տոկոս դեպքերում ուղեկցվում են ցավով: Հաջորդը արյունային բշտիկային ձեւն է, որը հիմնականում դրսեւորվում է COVID-19-ով վարակված արդեն միջին ծանրության հիվանդների մոտ: Երրորդ ձեւը եղնջացանի տեսք ունի, որը բնորոշ է ծանր դեպքերին, ուղեկցվում է քորով: Լիվեդոյի տեսքով ձեւը դրսեւորվում են մեծահասակների մոտ` անոթային տրոմբոզների, մաշկի մեռուկացման ժամանակ: Հիմնականում այս ձեւերն են, որոնք օգնում են բժիշկներին հասկանալ, որ գործ ունեն իրականում COVID-19 դրական հիվանդների հետ` դեռ թեստը չարած:
ԴԻՄԱԿՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԿՐԵԼ ԸՍՏ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ
- Մարմնի ո՞ր մասերի վրա կարող են առաջ գալ այդ դրսեւորումները:
- Ամբողջ մարմնի: Էրիտեմատոզ ձեւը կարող է լինել ստորին եւ վերին վերջույթներում, եղնջացանը կարող է լինել իրանի, մեջքի եւ առհասարակ մաշկի տարբեր հատվածներում: Այլ խոսքով` մաշկի բոլոր հատվածները նեգրավված են լինում պրոցեսի մեջ եւ ուղեկցվում են ցավով:
- Դուք Ձեր բաժանմունքում առիթ ունեցե՞լ եք առնչվելու կորոնավիրուսով վարակված կամ կոնտակտավոր անձանց հետ:
- Առիթ ունեցել եմ շփվելու COVID-19-ով հիվանդների հետ. շուրջ 1.5 ամիս մեկուսարաններում կառավարիչ էի աշխատում: Եվ ուզում եմ մեր հայրենակիցներին ասել, որ վիրուսն իրոք գոյություն ունի, եւ այն շատ անխնա է` հատկապես խրոնիկ հիվանդություն ունեցող հիվանդների նկատմամբ:
- Դիմակ եւ ձեռնոց կրելը պարտադիր պայման է: Որքանո՞վ է այն նվազեցնում չվարակվելու վտանգը: Եվ մաշկային ի՞նչ խնդիրների կարող է հանգեցնել:
- COVID-19-ի դեմ պայքարում ամենակարեւոր դերակատարումն ունեն արտաքին պաշտպանիչ միջոցների կիրառումը` ձեռնոցները, դիմակները: Դիմակները պետք է կրել ըստ անհրաժեշտության: Սակայն վերջերս ի հայտ են եկել տարբեր տեսակի դիմակներ, որոնք շատ դեպքերում անորակ են: Իսկ անորակ դիմակները կարող են բերել ալերգիկ դրսեւորումներ: Պետք է ասեմ, որ դիմակները կարող են խնդիրներ առաջացնել այն անձանց մոտ, ովքեր ունեն որոշակի հիվանդություններ: Օրինակ` կորյակային հիվանդություններ, տարբեր տեսակի սեբորիաներ:
ԱՆԳԱՄ ՁԵՌՆՈՑՆԵՐՈՎ ԿԱՐԵԼԻ Է ՎԱՐԱԿԸ ՏԱՐԱԾԵԼ
- Ի՞նչ կասեք ձեռնոցների պարտադիր կրման մասին:
- Գոյություն ունեն նորմատիվներ, որոնց պետք է հետեւել` ավելորդ խնդիրներից խուսափելու համար: Օրինակ` չի կարելի ձեռնոցները կրել թաց մաշկին: Չի կարելի ձեռքերը ախտահանել եւ միանգամից ձեռնոց հագնել: Չի կարելի ձեռնոցներ կրելուն զուգահեռ մատանիններ հագնել, բրասլետներ կրել: Ձեռնոցմերը հանելուց հետո պետք է շատ արագ լվացվել եւ մաշկը չորացնել: Ախտահանիչ նյութերի կիրառմանը զուգահեռ կարելի օգտագործել տարբեր տեսակի կրեմներ, խոնավացնող լասյոններ, որոնք մաշկը կպահեն պատշաճ մակարդակի: Եթե արդեն առաջանում է կոնտակտային մաշկաբորբ, պետք է առաջին հերթին միանգամից շտապ լվացվել սառը ջրի տակ, օգտագործել հակաալերգիկ պրեպարատներ, ապա անհապաղ դիմել մաշկաբանի:
- Ի՞նչ հաճախականությամբ է անհրաժեշտ փոխել ձեռնոցները, հաշվի առնելով, որ օրինակ երթուղայինի վարորդները ամբողջ օրվա ընթացքում նույն ձեռնոցն են կրում: Սա վտանգավոր չէ՞:
- Ձեռնոցները պետք է երկու-երեք ժամը մեկ փոխել: Իհարկե հասկանում ենք, որ սոցիալական վիճակից ելնելով` շատ մարդիկ, նաեւ Ձեր նշած վարոդները, ի վիճակի չեն հաճախակի փոխել ձեռնոցները, ինչն առաջացնում ալերգիկ մաշկաբորբներ: Պետք է անկախ սոցիալական վիճակից, մաշկին խնամքով վերաբերվել, ձեռնոցները աշխատեք երկու ժամից ավել չկրել: Ես, այո, գիտեմ, տեսնում եմ, որ մարդիկ օրերով նույն դիմակն ու ձեռնոցն են կրում, որը կատեգորիկ չի կարելի, ավելին՝ խստիվ արգելվում է:
- Շատերը ձեռնոցները լվանում են եւ նորից կրում:
- Դա չի թույլատրվում, որովհետեւ ինչքան Դուք լվանաք, միեւնույնն է, այդ ախտածին միկրոբները չեն վերանա, եթե համապատասխան ախտահանիչ նյութերով դրանք չմշակվեն: Ձեռնոցներից մի վտանգ էլ կա: Ձեռնոց դնելիս շատերս մտածում ենք, որ պաշտպանված ենք արտաքին միջավայրից: Դա այդպես չէ, որովհետեւ ձեռնոցներով կպնում են դեմքին, մաշկին, ինչը կատեգորիկ չի կարելի, որովհետեւ անգամ ձեռնոցներով կարելի է վարակը տարածել:
ԱՅՍՕՐ ՏԱՐԱԾՎԱԾ ԵՆ ՄԱՇԿԱՅԻՆ ԽՐՈՆԻԿ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- Պարոն Շաքարյան, առհասարակ, այսօր ո՞ր մաշկային հիվանդություններն են տարածված:
- Այսօր տարածված են մաշկային խրոնիկ հիվանդությունները , ինչպիսիք են բշտախտները, պսորիազները, որոնք, ցավոք, այսօր երիտասարդացել են:
- Ինչո՞վ է դա պայմանավորված:
- Պատճառները տարբեր են` էկոլոգիական իրավիճակից սկսած` մինչեւ տարբեր սննդատեսակների օգտագործում՛: Եթե մենք տասը տարի առաջ հանդիպում էինք մաշկային հիվանդությունների միջին եւ թույլ տեսակները, ապա հիմա կարող եմ ասել, որ մեզ մոտ ընդունված հիվանդների գրեթե 70 տոկոսը շատ ծանր վիճակում են լինում:
Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ