«Օլիգարխն ու գյուղացին մեզ համար նույնն են». փոփոխություններ` կադաստրի համակարգում
Արխիվ 16-20
«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը երեկ քննարկվում էր ԱԺ-ում: Հարցի զեկուցող Կադաստրի պետական կոմիտեի փոխնախագահ Աշոտ Մուսայանից «Իրավունք»-ը տեղեկացավ, որ վերոնշյալ օրենքով սահմանամերձ բարձր լեռնային բնակիչների համար գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վճարները դարձան 50%: Օրինագծի համաձայն` գյուղատնտեսական հողերի սեփականության վկայականի կրկօրինակների համար բնակիչները վճարելու են 2000 դրամ 5000 դրամի փոխարեն:
Հարցի քննարկման ժամանակ ՀՀԿ-ի պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն առաջարկեց կադաստրի ետական կոմիտեի ենթակայության տակ ստեղծել չափագրող ընկերութուններ, որոնք քաղաքացիներին մատչելի գնով չափագրման ծառայություններ կմատուցեն: Բանն այն է, որ մասնավոր չափագրող ընկերությունները քաղաքացիներին մատուցվող ծառայությունների արժեքը բարձրացրել են: «Մտածում ենք այդ ուղղությամբ, քանի որ մասնավոր չափագրող ընկերությունները ուռճացրել են գները»,- ասաց Մուսայանը:
Քիչ չեն դեպքերը, երբ կադաստրի պետական կոմիտեն չափագրման մասնավոր ծառայություններ կատարող ընկերությանը որակավորումից զրկում են: Իսկ դրանից երբեմն տուժում են քաղաքացիները, որոնցից մասնավոր ընկերությունները կանխավճար են վերցնում, իսկ որակավորումից զրկվելու դեպքում գումարը չեն վերադարձնում: Մուսայանի խոսքով` դրա համար կադաստրի պետական կոմիտեն պատասխանատու չէ: «Եթե քաղաքացու հետ գրավոր պայմանագիր չունեն, նշանակում է անօրինական են աշխատում: Քաղաքացին ինչո՞ւ է համաձայնել առանց պայմանագրի, գումար վճարել»,- ասաց Աշոտ Մուսայանը:
- Անշարժ գույքի վերագրանցման պետական տուրքը 26.000 դրամ է: Մի փոքր թանկ չէ՞ մեր բնակչության համար, եթե նվազագույն աշխատավարձը 55.000 դրամ է: Հնարավո՞ր է այդ գինն առաջիկայում նվազի:
- Բարձր գին չէ: Իսկ ի՞նչ արժե վերագրանցվող գույքը: Անշարժ գույքի քանի՞ տոկոսն է այդ գինը: Արտասահմանում 10-12.000 դոլար են վճարում սեփականությունը գրանցելու համար: Ամոթ էլ է` 25.000 դրամ...: Եթե թույլ տան (նկատի ունի ԱԺ-ին-խմբ.), իհարկե, կէժանացնենք: Բայց այսօր այդ գինը չենք կարող նվազեցնել, քանի որ այդ գումարներով մի ամբողջ համակարգ ենք պահում:
- Պրն Մուսայան, Կադաստրի պետական կոմիտեի գլխավոր մասնաճյուղում փակցված են որակավորված չափագրող ընկերությունները: Քաղաքացին այդքանի միջից ինչպե՞ս որոշի` որի՞ ծառայությունից օգտվի, հաշվի առնելով, կադաստրի կոմիտեն կարող է ընկերություններին զրկել որակավորումից ոչ պատշաճ աշխատանքի համար:
- Ինչքան մեծ լինի ընտրությունը, մրցակցությունը մեծ լինի, աշխատանքի որակն էլ կբարձրանա: Կադաստրի կոմիտեն չի կարող ուղղորդել քաղաքացիներին:
- Քիչ չեն դեպքերը, երբ հատակագծերի սխեմաների շփոթություն է լինում: Սխալը ուղղելու համար քաղաքացին հայտնվում է բյուրոկրատական քաշքշուկի մեջ: Չափագրող ընկերությունները, օգտվելով այս իրավիճակից, զարտուղի ու բավական հեշտ ճանապարհ են առաջարկում` վճարիր 30.000 դրամ եւ մենք այս սխալը ներքին կարգով կուղղենք: Հակառակ դեպքում կարող ես դիմում գրել կադաստրի կոմիտե, որն էլ կհանձնարարի քեզ գտնել այն քաղաքացուն, որի մոտ է քո հատակագծի սխեման, քոնն էլ` նրա մոտ է: Ապա նրա հետ կգաս կադաստրի կոմիտե, կգրեք գրավոր դիմում, որից հետո պարզ կլինի` կադաստրի կոմիտեն ինչ կպատասխանի:
- Դա խաբեություն է: Չափագրող ընկերությունը կարող է էժան գներով չափագրման կարիք ունեցող անշարժ գույքի կոորդինատները գնել, որից հետո կատարել չափագրում: Եթե այդպես արեց, կադաստրի կոմիտեն չի կարող մերժել տվյալ օբյեկտի չափագրումը: Այդ խնդիրն առաջանում է, քանի որ չափագրող ընկերությունները չեն գնում այդ կոորդինատները, փող են խնայում: Դրա համար էլ իրենց չափագրումն օդի մեջ է լինում: Մեղքն էլ գցում են կադաստրի կոմիտեի վրա: Պետք է հիմք ընդունի քաղաքացու փաստաթղթերը եւ կադաստրի կոմիտեից ստացված կոդերը:
- 14-րդ հարկում տեղեկատվության տրամադրման կետրոնը, որը տարիներ առաջ բաց էր եւ հասանելի քաղաքացիների համար, հիմա փակ է: Ինչո՞ւ:
-Առաջին հարկի աշխատակիցն ամեն հարցով աջակցում է քաղաքացիներին...
- Ես օգտվել եմ, անկեղծ ասած, այդքան էլ գոհ չեմ:
- Կոռուպցիայի դեմ պայքարելու համար թույլ չեն տալիս քաղաքացիներին օգտվեկ այդ կենտրոնից: Բարձրանան վերեւ, ուրիշ բաներ խոսեն, չպայմանավորվեն աշխատակիցների հետ եւ այլն, եւ այլն:
- Կադաստրի պետական կոմիտեն ինչ փոփոխություններ է կատարելու:
- Պետության համար կարեւոր երկրատեղեկատվական համակարգ է ստեղծվում: Քարտեզագրական բազա ենք ստեղծում` տարբեր շերտերով: Բոլոր պատկան կառույցների տեղեկատվությունը հավաքվում է այս բազայում: Կադաստրը պարբերաբար թարմացնում է այդ բազան, որի օգտվում են նաեւ պատկան կառույցները: Քաղաքացիներն էլ այս բազայից կարող են օգտվել:Այս ամենն իրականացվելու է օդալուսանկարահանման քարտեզների ճշգրտման հետեւանքով:
- Այսինքն` տեղեկատվություն կարելի է ստանալ նաեւ ցանկացած օլիգարխի օբյեկտների մասի՞ն:
- Մեզ համար օլիգարխն ու գյուղացին նույն բանն են: 11-րդ հոդվածն ուսումնասիրեք` պարզ կլինի, թե որ ինֆորմացիան է բաց, որն է տրվում սեփականատիրոջ համաձայնությամբ: Եթե ցանկանում են տեղեկություն ստանալ որեւէ մեկի տան հատակագծի կամ մյուս բաների մասին, սա փակ է:
- Համայնքային սեփականության ոչ բոլոր հողատարածքներն են գրանցած կադաստրի կոմիտեում: Ինչո՞ւ: Սրա պատճառով քաղաքացին, եթե չի ցանկանում թաղապետարանին դիմել, չի կարող տեղեկատվություն ստանալ իրեն հետաքրքրող, բայց չգրանցված հողատարածքի մասին:
- Գրանցման չեն բերել, չի գրանցվել:
- Համայնքը չի՞ բերել:
- Քաղաքացիներն էլ: Դրեցին տակները կամ գնացի Ռուսաստան:
- Վերջերս ցանկացա տանս կից համայնքի պատկանող, բայց ինքնակամ տնօրինվող հողատարածքի մասին տեղեկատվություն ստանալ, սակայն կադաստրի կոմիտեից ասացին` հողատարածքը հաշվառված չէ:
- Մեզ մոտ գրանցված են համայնքային հողերը: Առանձին հողեր գրանցված չեն: Համայնքի ղեկավարը, եթե ցանկանա, կբերի, կգրանցի: Չի ուզում փող ծախսի:
- Քաղաքացիների մեծ մասը բնակարանի առք ու վաճառքի ժամանակ կարեւորում է միայն սեփականության վկայականը: Մինչդեռ բնակարանի հատակագծին այդքան էլ ուշադրություն չեն դարձնում: Մասնավորապես, եթե բնակարանում սեփականատերը ներքին փոփոխություններ է կատարում, նոր չափագրում չի անում, նոր հատակագիծ չի ունենում, եւ այդպես էլ վաճառում է: Գնորդներն էլ մեծ մասամբ դրան ուշադրություն չեն դարձնում: Եվ խնդրի առաջ կանգնում են այն ժամանակ, երբ պատկան կառույցների, հարեւանների հետ վեճ են ունենում: Ինչպե՞ս անել, որ բնակարանի ներքին ու արտաքին ցանկացած փոփոխություն արտացոլվի հատակագծում:
- Դա ՏԻՄ-ի սուրբ պարտականությունն է, ոչ թե կադաստրի: Եթե ինչ-որ բան եք ավելացրել ձեր տան մեջ, նշանակում է` գույքահարկի փոփոխություն եղավ: Իսկ գույքահարկի տերը թաղապետարանի խնդիրն է: Շինարարությունից հետո պետք է թաղապետարանը պարտադրի քաղաքացուն, որ կատարված փոփոխությունները գրանցի: Ինչ վերաբերում է տան ներսի փոփոխություններին, դրանք չեն ազդում գույքահարկի վրա: Գնորդներն էլ կարող են բնակարանը գնելուց առաջ ուշադրություն դարձնել հատակագծին: Կարող են դիմել մասնավոր չափագրող ընկերությանը` հասկանալ, թե այն բնակարանը, որը ցանկանում են գնել, համապատասխանո՞ւմ է հատակագծին, թե՞ ոչ:
- Իսկ չե՞ք կարծում, որ բնակարանի ներքին փոփոխություններին պատկան կառույցները եւս պետք է ուշադրություն դարձնեն եւ այնպես անեն, որ բնակիչը դա ներառի հատակագծում:
-Դա բոլոր օղակների խնդիրն է: Պետք է մակարդակը բարձրանա: Օրենսդրություն էլ այս առումով բավարար է: Արտասահմանում անգամ լուսամոււտները որեւէ գույնով ներկելու համար համայնքից թույլտվություն են ստանում: Իսկ մեզ մոտ ով ինչ ուզում, անում է: Համայնքի ղեկավարներն էլ եթե քթի մազություն անեն, համայնքի բնակիչները կըմբոստանան եւ չորս-հինգ տարի հետո ձայն չեն ստանա համայնքի ղեկավարին:
- Սակայն քաղաքաշինությանն առնչվող շատ հարցեր բյուրոկրատական քաշքշուկներ են առաջացնում:
- Դա էլ պետք է պարզեցվի: Գիտեմ, որ Քաղաքաշինության կոմիտեն ինչ-որ նախագծային մոդելներ են առաջ քաշել տներ, գոմեր կառուցելու համար: Քաղաքացին նախագիծ չէր պատվիրում, միանգամից ընտրում էր մոդելներից մեկը եւ կառուցում բնակարան, գոմ:
Սոնա Դավթյան