«ՄԵՐ ԵՐԿՐԻ ՄՇԱԿՈՒՅԹԸ ՈՉՆՉՈՎ ՉԻ ԶԻՋՈՒՄ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԱՐՎԵՍՏԻՆ»
Արխիվ 12-16
«ՄԵՐ ԵՐԿՐԻ ՄՇԱԿՈՒՅԹԸ ՈՉՆՉՈՎ ՉԻ ԶԻՋՈՒՄ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԱՐՎԵՍՏԻՆ»
Սանկտ Պետերբուրգի լեգենդար Մարինյան թատրոնում, որը Ռուսաստանի եւ աշխարհի ամենահայտնի ու խոշոր օպերայի եւ բալետի թատրոններից մեկն է, կրկին հնչեց հայկական ազգանուն: Ավելին` օտար հանդիսատեսը վայելեց հատված Արմեն Տիգրանյանի «Դավիթ Բեկ» օպերայից մի հատված` Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ Բարեշնորհ ՀՈՎՀԱՆՆԵՍ սարկավագ ՆԵՐՍԵՍՅԱՆԻ կատարմամբ, ում հետ էլ ծավալվեց «Իրավունքի» զրույցը` վերջերս կայացած համերգի, միջազգային բեմերի եւ հոգեւոր ծառայության կողքին իր ստեղծագործական ուղու մասին:
ԵՐԲ ՕՏԱՐ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԸ ԼՍՈՒՄ Է ՆԱՐԵԿԱՑՈՒՑ ՄԻՆՉԵՎ ԱՐՄԵՆ ՏԻԳՐԱՆՅԱՆ
- Ձեր հարցազրույցներից մեկում ժամանակին նշել էիք, որ «Օպերան առանց սահմանների» միջազգային մրցույթի ժամանակ Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Հյուսիսային Օսեթիայի ժողովրդական արտիստուհի Լարիսա Գերգիեւան Ձեզ հրավիրել էր սովորելու Մարինյան թատրոնին կից երիտասարդ օպերային երգիչների ակադեմիայում: Ինչպե՞ս ստացվեց, որ այսօր արդեն այնտեղ համերգով եք հանդես գալիս:
- Նախ նշեմ, որ այնտեղ դասընթացների եմ մասնակցել ու հաճախ եմ լինում թատրոնին կից երիտասարդ օպերային երգիչների ակադեմիայում: Եվ այս անգամ Մարիինյան թատրոնից հրավեր ստացա մասնակցելու «Միջազգային երգի մրցույթների դափնեկիրներ» խորագրով համերգին, որը տեղի ունեցավ Մ.Պ.Մուսերսկիի անվան դահլիճում: Համերգին մասնակցում էինք երեք հոգով` երկուսը տեղի ակադեմիայի ուսանող էին եւ Մարիինյան թատրոնի մեներգիչներ ու ես` Հայաստանից: Կատարել եմ վեց ստեղծագործություն` 4 օպերային արիա եւ երկու ռոմանս: Ի դեպ, արիաներից մեկը հենց իրենց իսկ խնդրանքով եւ պահանջով հայկական էր` Արմեն Տիգրանյանի «Դավիթ Բեկ» օպերայից «Դավիթ Բեկի» արիան:
- Ինչպե՞ս ընդունվեց, մասնավորապես հայկական կատարումը` օտար հանդիսատեսի կողմից:
- Պատկերացրեք, որ լավ: Ուղղակի ինձ համար մեծ պատիվ է հանդես գալ մեր հայ կոմպոզիտորների ստեղծագործություններով օտար բեմերում, որովհետեւ ներկայացնում եմ մեր երկրի մշակույթը, որը ոչնչով չի զիջում համաշխարհային արվեստին, մասնավորապես, օպերային արվեստին: Իհարկե, սա առաջին անգամը չէ, որ օտար երկրում, օտար հանդիսաստեսի առջեւ կատարում եմ հայկական ստեղծագործություն, հայկական կոմպոզիտորների արիաներ, նաեւ նույն Սանկտ Պետերբուրգում Նարեկացուց հոգեւոր շարականներ եմ կատարել, ու հանդիսատեսը մեծ բավականությամբ լսել է ու ընդունել:
«ՀԱՅ ՀԱՆԴԻՍԱՏԵՍՆ ԷԼ ՇԱՏ ՊԱՀԱՆՋԿՈՏ Է»
- Սանկտպետերբուրգյա՞ն, թե՞ հայ հանդիսատեսն է ավելի պահանջկոտ ու քմահաճ:
- Հայ հանդիսատեսն էլ է շատ պահանջկոտ, բայց չեմ կարող չնշել, որ Սանկտ Պետերբուրգը մշակութային քաղաք է եւ ծնել է բազմաթիվ մեծանուն կոմպոզիտորներ, հետեւաբար այնտեղի հանդիսատեսն ավելի հաճախ է հաղորդ լինում օպերային արվեստին ու այս արվեստի շատ սիրահարներ ունեն: Իհարկե, չեմ ուզում ասվածը հնչի այնպես, թե իբր թերագնահատում եմ մեր հայ հանդիսատեսին: Մերոնք էլ իրենց նախանձախնդրություններն ունեն ու մշտապես պահանջում են որակյալ ներկայացումեր, որակյալ համերգներ` մեր օպերային թատրոնից: Այնպես որ, մշակույթի հարցում մեր հանդիսատեսն էլ իր պահանջկոտության աստիճանն ունի, ու նրանց երբեք չեմ ուզում որեւէ երկրի հանդիսատեսի հետ համեմատել: Չէ որ ամեն երկիր, ամեն մշակույթ, ամեն հանդիսատես ունի իր ուրույն ճաշակը:
- Նախորդ տարի Ռիմսկի Կորսակովի անվան երիտասարդ օպերային երգիչների 9-րդ միջազգային երաժշտական մրցույթում զբաղեցրեցիք առաջին տեղը, այս տարի արդեն իրականություն է հաջողությամբ պսակված համերգը Մարինյան թատրոնում, ո՞րն է լինելու հաջորդ քայլը:
- Հաջորդ քայլը չեմ կարող ասել, որպես օպերային թատրոնի մեներգիչ, բնականաբար, կլինեմ հայաստանյան բեմերում: Տա Աստված, կլինի էլի հրավերներ,մեծ սիրով կգնամ, կմասնակցեմ: Ու ոչ միայն Մարինյան թատրոնից, Աստծո կամքով որտեղից հրավեր ստանամ կգնամ` ամեն անգամ փորձելով բարձր պահել մեր երկրի պատիվը` մեր արվեստը ներկայացնելով օտար հանդիսատեսին` օտար հողերում, օտար բեմերում, որպեսզի իրենք էլ տեսնեն, թե ինչ մշակույթի տեր ժողովուրդ ենք:
«ՄԵՆՔ ԱՅՆ ԱՆՈԹՆԵՐՆ ԵՆՔ, ՈՐՏԵՂ ԱՍՏՎԱԾ ԼՑՆՈՒՄ Է ՔԱՂՑՐԱՀԱՄ ՋՈՒՐԸ»
- Գուցե համեմատությունը տեղին չէ, բայց ակամայից հիշեցի Կոմիտաս վարդապետին, ով ժամանակին հալածվել է աշխարհիկ կատարումների համար: Կարելի՞ է ասել, որ մոտ 120 տարի անց սխալների ուղղում է կատարվում, ու այսօր Մայր եկեղեցին Ձեր կողքին է:
- Ճիշտ չի լինի իմ կողմից այդպիսի համեմատություն անցկացնել եւ խոսել ուղղումների մասին, բայց կարող ենք արձանագրել մի փաստ, որ փառք Աստծո, այսօր ունեմ իմ կողքին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին, ով մշտապես ինձ աջակցում եւ իր օրհնությունն է տալիս, որպեսզի մասնակցեմ հնարավոր բոլոր ծրագրերին` համերգներին, մրցույթներին, ինչի համար շնորհակալ եմ իրեն: Նշեմ նաեւ, որ նա էլ մեծ սիրահար է օպերային արվեստի: Եվ վստահ եմ, որ Սրբազանը յուրաքանչյուր մեկի համար այս աջակցությունը կցուցաբերեր, որովհետեւ իր ազգասիրությունն ուղղակի, գերագույն աստիճանի է հասնում: Վերջապես սրանով նաեւ ազգի մշակույթն է ներկայացվում, այստեղ որեւէ սխալ բան չեմ տեսնում:
- Ի վերջո, ո՞րն է Ձեր ստեղծագործական հաջողությունների գրավականը:
- Այդ հաջողությունների համար ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ դասախոսին` ՀՀ վաստակավոր արտիստ, օպերային թատրոնի առաջատար մեներգիչ Գեւորգ Հակոբյանին, ով նաեւ իմ ընկերն է մինչեւ դասախոս լինելը: Շնորհիվ նրա` Կոնսերվատորիայում սովորեցի իր դասարանում եւ կարողացա հասնել ինչ-որ մի արդյունքի, ու այս հաջողություններն արձանագրվեց: Եվ փառք եմ տալիս Աստծուն, որովհետեւ վերջապես շնորհը Աստծուց է տրվել: Միշտ այս օրինակն եմ բերում` ասելով, որ բաժակի մեջի քաղցրահամ ջուրը բաժակին չի պատկանում, մենք այն անոթներն ենք, որտեղ Աստված լցնում է քաղցրահամ ջուրը: Աստված այդ շնորհը տալիս է ամեն մեկին յուրովի, ամեն մեկին իր չափով, ամեն մեկին իր տարբեր առումներով:
Զրույցը` ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ