Ո՞ՒՄ ՋՐԱՂԱՑԻՆ ԷՐ ԵԺԿ-ՈՒՄ ՋՈՒՐ ԼՑՆՈՒՄ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ
Արխիվ 12-16
Ո՞ՒՄ ՋՐԱՂԱՑԻՆ ԷՐ ԵԺԿ-ՈՒՄ ՋՈՒՐ ԼՑՆՈՒՄ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ
Հունվարի վերջին, երբ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամները Ստրասբուրգում իրենց ելույթներով դիմակազերծում էին Ադրբեջանին` ընդգծելով այնտեղի մեծ թվով քաղբանտարկյալների առկայության ու մարդու իրավունքների ոտնահարման մասին, միեւնույն ժամանակ, փորձելով չեզոքացնել ԵԽԽՎ-յան հակահայկական բանաձեւերը, Բրյուսելում ընթացող Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) քաղաքական համաժողովում նույնպիսի ելույթ էր ունենում «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը` միայն այն տարբերությամբ, որ հնչեցրած քննադատությունն ուղղված էր ոչ թե Ադրբեջանին, այլ Հայաստանին: Թե որքանո՞վ էր ընդունելի նման վարքագիծը, «Իրավունքը» հետաքրքրվեց ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր ՄՀԵՐ ՇԱՀԳԵԼԴՅԱՆԻՑ, ով ինչպես ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ է, այնպես էլ` որպես «Օրինաց երկիր» կուսակցության ներկայացուցիչ` նաեւ ԵԺԿ անդամ.
– Յուրաքանչյուր կուսակցություն, յուրաքանչյուր քաղաքական գործիչ ինքն է ընտրում իր ելույթների շեշտադրումները, իր մոտեցումներն այնպես, որոնք անհրաժեշտ է համարում:
– Չե՞ք կարծում, որ հակադրություն կա այստեղ. ԵԽԽՎ-ում եւ ԵԺԿ-ում հնչած հայ քաղաքական գործիչների ելույթներում:
– Հակադրության խնդիր չկա: Չմոռանանք, որ ԵԺԿ-ն կուսակցություն է, իսկ ԵԽԽՎ-ն խորհրդարանական վեհաժողով: Տվյալ դեպքում, իհարկե, կան նաեւ որոշակի տարբերություններ մոտեցումների մեջ: Բայց կարեւորն այն է, որ ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլը մասնակցեց Ստրասբուրգում ԵԽԽՎ նիստին եւ ասաց իր մոտեցումները շատ հստակ, որ Ղարաբաղյան հիմնախնդիրը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, եւ սա է բանակցությունների միակ մանդատը: Այսինքն` սա ԵԺԿ-ի հստակ դիրքորոշումն էր:
– Այնուամենայնիվ, ստացվում է, որ ԵԽԽՎ-ն եւ ԵԺԿ-ն ինչ-որ առումով նաեւ փոխկապակցված են:
– Այդպիսի բան չի կարող լինել, որովհետեւ այնտեղ կան հինգ քաղաքական խմբեր, յուրաքանչյուր քաղաքական խումբ իր գործունեությունն ու տեսակետներն է արտահայտում:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ