ՄԱՀՎԱՆ ԴԱՏԱՎՃԻ՞Ռ, ԹԵ ԱԽՏՈՐՈՇՈՒՄ…
Արխիվ 12-16
ՄԱՀՎԱՆ ԴԱՏԱՎՃԻ՞Ռ, ԹԵ ԱԽՏՈՐՈՇՈՒՄ…
Փետրվարի 4-ը քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է: Այդ մասին «Ազդակ» լրագրողական ակումբում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասացին «Հայ- Ամերիկյան Առողջության Կենտրոնի» վիրահատական բաժանմունքի ղեկավար, վիրաբույժ-ուռուցքաբան ԱՐՄԵՆ ՔՈՉԱՐՅԱՆՆ ու հոգեբան ԻՐԻՆԱ ԾԱՏՈՒՐՅԱՆԸ:
Մասնագետները համաձայն չեն այն կարծիքի հետ, որ նմանատիպ օրերի նշումը մի տեսակ ձևական բնույթ է կրում: Տիկին Ծատուրյանի ձևակերպմամբ՝ նույնն է, թե ծննդյան օր նշելը համարել ձևականություն: «Մարդու համար ծննդյան օրը շատ կարևոր բան է, խոսքն, իհարկե, խելքը գլխին մարդու մասին է: Յուրաքանչյուր մարդու համար այդ օրը, կարծես, հաշվետվության պես մի բան լինի: Այդ օրը նա ի մի է բերում այն ամենն, ինչ արել է տարվա ընթացքում: Նույնը կարելի է ասել նաև հատուկ օրերի մասին»:
Այդ կարծիքին է նաև բժիշկ Ա. Քոչարյանը. «Հատուկ նշված օրերին մենք ի մի ենք բերում արվածը, գնահատում արդյունավետությունն ու հետևություններ անում՝ բացթողումները լրացնելու և առավել արդյունավետ դարձնելու մեր կատարած աշխատանքը»:
«Իրավունքի» հարցին, թե, այնուամենայնիվ, քաղցկեղը ախտորոշո՞ւմ է, թե մահվան դատավճիռ, մասնագետները հետևյալ կերպ արձագանքեցին:
«Մեր ենթագիտակցության մեջ նստած է այն միտքը, որ, եթե առկա է քաղցկեղ, ապա կա ինչ-որ չլուծվող հարց: Իրականում պետք է անկեղծ լինեմ ու ասեմ, որ այդպես չէ: Քաղցկեղով հիվանդ մարդը լիարժեք մարդ է: Նա լիովին պիտանի է իր երկրին ծառայելու և ապրելու համար»,- ասաց ուռուցքաբանն ու հավելեց, որ քաղցկեղի բուժման հարցում շատ կարևոր է թիմային աշխատանքը. հոգեբան-ընտանիք կապը, որպեսզի կարողանան ֆիզիկապես առողջ վիճակում հետ հանձնել մարդուն հասարակությանը:
Տիկին Ծատուրյանը, պատասխանելով վերոնշյալ հարցին, նկատեց. «Կուզենայի խոնարհվել բոլոր բժիշկների առջև, ովքեր զբաղվում են վերոնշյալ խնդրով: Օնկոլոգիայով զբաղվող բժիշկներն ամեն օր սթրեսի են ենթարկված, նրանք ամեն օր գտնվում են կյանքի և մահվան սահմանին: Նրանց աշխատանքն, իսկապես, բավականին բարդ է ու ծանր: Ինչ վերաբերում է հարցին, ապա, ինչ խոսք, քաղցկեղը՝ դատավճիռ չէ, ոչ էլ մահախոսական. քիչ չեն այն մարդկանց թիվը, որոնք փրկվել են մահվան ճիրաններից»:
Խոսելով բուժման արդյունավետության մասին՝ մասնագետները միաձայն հորդորեցին զերծ մնալ ժողովրդական մեթոդներով զբաղվող անձանցից:
Բժիշկ Ա. Քոչարյանը համոզված է. «Քաղցկեղն ենթադրում է ճիշտ ախտորոշում: Իսկ դրա համար, ինչպես արդեն ասացի, պետք է թիմային լինի աշխատանքը. ուռուցքաբան, ճառագայթաբան, հյուսվածքաբան, որը կհաստատի ախտորոշումը, քիմիաթերապևտ և հոգեբան: Դա ամբողջ աշխարհում ընդունված կարգ է: Քաղցկեղը բացթողումներ չի ներում: Նա զգացնել է տալիս… Հանգուցալուծումը վատ է լինում, երբ մարդիկ դիմում են սիսեռաբուժությամբ կամ այլ ժողովրդական միջոցներով բուժում իրականացնող հեքիմների օգնությանը: Դա ես համարում եմ հանցագործություն: Եվ նման գործունեություն ծավալող մարդիկ պետք է պատասխան տան օրենքի առաջ. սիսեռաբուժությամբ քաղցկեղը չես բուժի»:
Այս առումով հոգեբան Ի. Ծատուրյանը որոշ հետաքրքիր դիտարկումներ ներկայացրեց: Ըստ նրա՝ որոշ բնավորության գծերից պետք է կտրականապես հրաժարվել՝ համենայն դեպս փորձել: «Գիտնականները պարզել են, որ քաղցկեղով մեծամասամբ հիվանդանում են նեղացկոտ մարդիկ: Ուստի` պետք է աշխատել և փոխել բնավորության այդ գիծը, մարդիկ, ովքեր 8-10 տարեկան կամ միջին տարիքում սթրեսներ են տարել, մարդիկ, ովքեր չեն ցանկանում փոխվել և չեն տեսնում իրենց ապագան՝ սեփական մոտեցումներով: Սովորաբար հենց այդ կարգի մարդիկ կիսատ են թողնում նաև բուժման գործընթացն ու հետևյալ կարգախոսով առաջնորդվում. կմեռնեմ, բայց չեմ փոխվի»:
Բժիշկ Քոչարյանը հուսադրող փաստեր ներկայացրեց, առ այն, որ քաղցկեղով հիվանդների թիվը կրկնակի անգամ պակասել է՝ 20 տարվա կտրվածքով (խոսքը Հայ-Ամերիկյան կենտրոնի մասին է), ավելացել է հիվանդների թիվը, ովքեր վաղ փուլում են հայտնաբերում հիվանդությունը: «Պետք է նշեմ, որ այսօր տեխնիկայի զարգացման դարում վիրաբուժական նոր մոտեցումների, քիմիաթերապիայի միջոցների հետ մեկտեղ կան նաև նորագույն սարքեր, որոնք զերծ են պահում անհատին կողմնակի ազդեցություններից, ինչը հնարավորություն ու իրավունք է տալիս մեզ բարձրաձայն հայտարարելու, որ քաղցկեղը լիարժեք բուժելի է, եթե ժամանակին ես դիմել մասնագետի, տարին մեկ անգամ կամ 6 ամիսը մեկ անցել հետազոտություն. վաղաժամ հայտնաբերումը կարևոր է»:
Մասնագետների հավաստմամբ՝ առայժմ մեծամասամբ ուռուցքաբանի խորհրդատվությանն ավելի շատ իգական սեռի ներկայացուցիչներն են դիմում, իսկ արական սեռի ներկայացուցիչներն, այսպես ասած, պասիվ դիրքերում են: Նրանց այցելությունն ուռուցքաբանի մոտ, սովորաբար, միայն ծայրահեղ ծանր դեպքերում է լինում՝ դանակը ոսկորին հասնելուն պես:
Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ