80-ականների զենքից բողոքող Փաշինյանի կառավարությունը վերադառնում է 80-ականների կործանիչների վերանորոգման
Թեմա
ՀՀ պաշտպանության նախարարությունը եւ ՌԴ «Միացյալ ավիացիոն կորպորացիան» ստորագրել են համաձայնագիր` Սու-25 կործանիչների արդիականացման եւ նորոգման վերաբերյալ: Նշենք, որ ոչ թե Սու-25-ը խորհրդային զրահապատ մինչձայնային գրոհիչ է, որը գործարկվել է 1981 թվականից ու արդեն 39 տարի է շարունակում է մնալ ռուսական մարտական գործողությունների շարքերում, համենայնդեպս, ռուսաստանյան ռազմաօդային ուժերում նախատեսված էր, որ կպահպանվի մինիմում մինչեւ 2020 թվականը: Այս ամենն ուշագրավ է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարության ֆոնին, որ տարեսկզբին Կապանում կայացած իր տխրահռչակ մամուլի ասուլիսի ժամանակ ասել էր, թե` «Հայաստանի կառավարությունը փակել է 80-ականների զենքերի ամոթալի էջը»: Փաստորեն, իրականությունն ամենեւին էլ այդպես չէ: Մինչ Ն. Փաշինյանը բողոքում էր, թե գնացել էր սահման, եւ այն ավտոմատը, որն իրեն տվել էին 1973 թվի էր` իրենից երկու տարով մեծ, ու «թմբկահարում» էր, որ Հայաստանը ձեռք է բերում աննախադեպ քանակի ժամանակակից զենք ու զինամթերք, արի ու տես, որ հիմա իր ղեկավարած կառավարությունը զբաղված է Փաշինյանից 6 տարով մեծ, 80-ականների արտադրության Սու-25-երի վերանորոգմամբ: Ինչեւէ, թե արդյոք ռուս գործընկերները մտավախություն չունեն, որ մի օր էլ ՀՀ վարչապետը կկանգնի ու էլի կհայտարարի, որ դրանք «ոչ մի բանի պիտանի չեն, ընդամենը մետաղի ջարդոն են», «Իրավունքը» պարզեց մասնագետների կարծիքը:
«ԱՅՍՊԵՍ ԿՈՉՎԱԾ, «ԾԵՐՈՒԿԸ» ՄՆՈՒՄ Է ՄԱՐՏԱԿԱՆ ՇԱՐՔԵՐՈՒՄ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ Է ԿԱՏԱՐԵԼ ԻՐ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԸ»
Ըստ «Հայրենիքի զինանոց» ամսագրի ռազմական ռուս փորձագետ ԱԼԵՔՍԵՅ ԼԵՈՆԿՈՎԻ` անհրաժեշտ է հիշել ՌԴ ռազմաօդային ուժերի գործողությունները Սիրիայում. «Ահաբեկչական խմբավորումների ոչնչացման առումով հիմնական ռազմական աշխատանքը ցամաքում բաժին են հասել Սու 24-ին եւ Սու 25-ին` այսպես կոչված, «ծերուկներին»: Բայց նշենք, որ այս ինքնաթիռները ստեղծվել են այն պայմանով, որպեսզի հնարավոր լինի մոդերնիզացնել: Սիրիայում գործողություններին մասնակցում էր Սու 25-ի վերջին արդիականացված մոդելը, որը վերապատրաստվել էր ժամանակակից մարտեր վարելու համար: Այնտեղ տեղադրված համակարգերը թույլ է տալիս գրոհիչին շատ արդյունավետ եւ խիստ ճշգրիտ օգտագործել ինչպես կառավարվող, այնպես էլ չկառավարվող զինամթերքը, որը նա վերցնում է իր հետ օդանավ: Դրանից բացի, որպեսզի պաշտպանենք գրոհիչը ցամաքային նշանառուներից, այն օժտված է նաեւ մեկ այլ համակարգով, որը շեղում է բոլոր մեզ հայտնի հրթիռազենիթային տեղաշարժական համակարգերից, որոնք ունեն մեր հակառակորդները: Այս համակարգն օգնում է գրոհիչին, այսպես կոչված, «ծերուկին» մնալ մարտական շարքերում եւ կատարել իր առաջադրանքը: Եթե ուսումնասիրենք, թե տոկոսային առումով որքան մարտական թռիչքներ են բաժին հասել Սու-25-ին, ապա, կարելի է ասել, կեսից ավելին, որոնք կատարել է ռուսական ռազմական ավիացիան Սիրիայում»:
«ԹԱՆԿ ՉԵՆ, ԻՆՉՊԵՍ ՆՈՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆԻԿԱՆ, ԲԱՅՑ ՀԱՎԱՍԱՐԱՊԵՍ ՀԶՈՐ ԵՆ»
ՌԴ վաստակավոր ռազմաօդաչու, տեխնիկական գիտությունների թեկնածու, գեներալ-մայոր ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՊՈՎՆ էլ «Իրավունքի» հարցադրմանն ի պատասխան նշեց, որ Սու-25-ները, հատկապես ռազմական գործողությունների նախնական փուլում, ավելի արդյունավետ են, քանի որ այն ինքն իրենով փոքր չափերի է, ավելի ճկուն է եւ ցամաքում աշխատում է ավելի արդյունավետ, քան Սու-24-ը. «Սու-24-ը հայտնի է ինձ ոչ միայն բառերով ու փաստաթղթերով, այլ նաեւ ինձ բախտ է վիճակվել թռչել դրանով անձամբ եւ սովորեցնել մարդկանց: Վերջին մոդելն իհարկե ավելի արդյունավետ է աշխատում, քանի որ նախ կարելի է այն կառավարել` առանց օդանավակայանի ցամաքային տեղորոշիչի եւ երկրորդ` բարձր աստիճանի կարգավորումներ ունի: Համակարգը թույլ է տալիս այնպիսի կարգավորումներ իրականացնել, որ Սիրիայում ամերիկացիները սկզբնական շրջանում նույնիսկ մտածում էին, թե մենք աշխատում ենք միայն գերճշգրիտ ժամանակակից զինտեխնիկայում: Բայց իրականում ստիպել ենք ինքնաթիռի համակարգերին աշխատել այնպիսի ճշգրտությամբ, որը մեզ թույլ է տալիս, թեկուզ ամենաէժան ռումբերը նետել այնպիսի ճգրտությամբ, որոնք խփում են ուղիղ նշանակետին: Սու-25-ի արդիականացված մոդելները, որոնք պետք է Հայաստանում լինեն, այդքան թանկ չեն, ինչպես նորագույն տեխնիկան, բայց հավասարապես հզոր են ու արդյունավետ: Այստեղ կա բավական ցածր գին եւ բավական բարձր որակ, եւ, ի վերջո, դրանք ուղղակի ինքնաթիռներ չեն, այլ` համակարգեր»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ