«Չեմ ուզում միայնակ մայր լինել».ՋՈՒՍ
Մշակութային
«Արվեստը սեր է» հաղորդման հյուրն է երգչուհի Ջուսը:
– Ջուս, ի՞նչ ծրագրեր ունեք: Տեսահոլովակներ նկարահանելո՞ւ եք:
– Ես մտածում եմ, որ այս տարի կլինի կամ մեկ, կամ երկու տեսահոլովակ: Դա կախված է հովանավորներից: Հիմա մի շատ հետաքրքիր երգ եմ պատրաստում, որը նորություն է: Ուղղակի չեմ ուզում փակագծերը բացել, բայց իմ երգացանկի մեջ այդպիսի երգ երեւի չեն լսել: Նոր ոճով է:
– Խոսեցիք հովանավորներից, լինո՞ւմ է, որ հովանավորը կեղտոտ առաջարկ է անում:
– Միշտ, եւ մերժվում են:
– Կոպիտ առաջարկների դեպքում ինչպե՞ս եք պատասխանել:
– Ես կարող եմ ուղիղ միանգամից ինչ ասես ասել այդ մարդուն: Այն, ինչին նա արժանի է:
– Իսկ եղե՞լ է, որ հեռախոս շպրտեք երեսին:
– Շպրտել եմ միայն նախկին ամուսնուս վրա, բարկացած եղած ժամանակ, բայց ոչ թե դեմքին, այլ խոսելիս ջարդել եմ:
– Ե՞վ, հետո ի՞նչ եղավ:
– Եվ բաժանվեցինք:
– Այսինքն` հեռախոս շպրտելը բաժանման պատճա՞ռ եղավ:
– Նաեւ… ճիշտն ասած:
– Դավաճանե՞լ է Ձեզ:
– Չեմ կարծում:
– Իսկ դուք դավաճանե՞լ եք:
– Չէ, ես եթե մեկի կողքին լինում եմ, երբեք չեմ դավաճանում:
Ես միասեր եմ: Սիրում եմ մեկին ու էլ չեմ կարող շեղվել ուրիշի վրա:
– Հիմա միայնա՞կ եք:
– Միշտ:
– Սիրած էակ չունե՞ք:
– Չէ, չեմ տեսնում արժանի մարդու:
– Իսկ ո՞ր արժանիքով պետք է օժտված լինի, որ Ձեր կողքին լինի:
– Նա պետք է ինձ քաջալերի ամեն ինչում: Չասի` այս մի հագի, այն մի հագի, ուր ես գնում, ինչի՞ ուշ եկար եւ այլն: Որովհետեւ իմ մասնագիտությունն այնպիսին է, որ ես համերգներ եմ ունենում, նկարվում եմ շատ մարդկանց հետ: Կարող է ինձ գրեն` "Բարեւ Ձեզ, շատ ենք Ձեզ սիրում եւ այլն": Ու դա չպետք է արգելվի: Դրա համար բարդ է արտիստի հետ ապրելը: Պետք է լինի վստահելի, չդավաճանի ինձ: Չծխի, չխմի, սպորտով զբաղվի, բայց ես այնպիսի ամուսին եմ ուզում, որը չկա:
– Միգուցե նո՞ր պետք է ծնվի:
– Կարող է լինել, ինչու ոչ… ինչո՞ւ Պուգաչովան ամուսնանա իրենից փոքրի հետ, ես` ոչ:
– Եթե սիրեք, սիրուհու կարգավիճակում կհայտնվե՞ք:
– Դեռ չի եղել ինձ մոտ այդպիսի բան: Ո՞նց կարող եմ սիրահարվել մի մարդու, ով զագսով ամուսնացած է:
– Դուք այնպիսի տղամարդու եք նկարագրում, որ չկա: Դուք Ձեր մտքի մեջ նկարել եք մի տղամարդ եւ սպասում եք այդ տղամարդո՞ւն:
– Չեմ սպասում… պետք է ինքը հայտնվի եւ ինձ գտնի:
– Սպիտակ նժույգո՞վ, թե՞ թանկարժեք ավտոմեքենայով:
– Թող լինի այդպես, բայց բանկով չէ, իրականում, որ ինքը "քեշ" առնի:
– Դեպրեսիայի մեջ հաճախակի եք ընկնում:
– Լինում է, որ գալիս է դեպրեսիան, բայց երբ զգում եմª գալիս է, միանգամից հետ եմ բրթում, որ նա չմտնի իմ մեջ:
– Այդ պահին շոկոլա՞դ եք ուտում, թե գնումների եք գնում: Ի՞նչ եք անում:
– Դեպրեսիայի դեմ ամենալավ բանըª փողն է: Երբ փող կա, կարող ես ուտել շոկոլադ, գնալ գնումների, փոխես քո ոճը եւ գնաս հետաքրքիր կինո նայես:
– Գուշակների տուն գնո՞ւմ եք, կամ Ձեր սուրճի բաժակը նայե՞լ են:
– Ասում են` լավ չի, որ նայում են սուրճի բաժակ, բայց ես մեկ-մեկ տալիս եմ մի աղջկա, ով նայում է: Գուշակ չի, բայց շատերին ինչ ասել է, իրականացել է: Բայց ինձ շատերը չեն կարող նայել:
– Ինչո՞ւ…
– Ասում են` փակ է, չենք տեսնում:
– Թուղթուգի՞ր են արել:
– Կամ դա, կամ էլ վերեւից ինձ պաշտպանում են:
– Չե՞ք ուզում երեխա ունենալ:
– Ուզում եմ, բայց տղամարդ դեռ չկա:
– Բայց եթե Ձեր նկարագրած տղամարդը չլինի՞…
– Կատու կպահեմ: Ես չեմ ուզում միայնակ մայր լինել: Ես շատ եմ սիրում երեխա, բայց պետք է լիարժեք ընտանիք լինի: Ինձ համար դա է կարեւորը:
ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ