Թունքվոր ձուլարան Երեւանի մեջ: Ցեղասպանության շարունակության մի ձեւ էլ սա է
Տնտեսություն
Բուսաբանական այգու մոտ, որտեղ նաև Ծառավ աղբյուր թաղամասի բազմաթիվ բնակելի շենքեր կան, նիկոլականները որոշել են պղնձաձուլարան կառուցել: Կառավարությունում, ասում են, «դաբրոն» տվել է անձամբ Նիկոլը: Այդ թունավոր գործարանը պատկանելու է «Քոփփեռ» ընկերությանը, որի ղեկավարի անունը հույժ գաղտնի է պահվում եւ տեղեկություններ չկան թե դրանք ո՞ր երկրից են ու ի՞նչ ազգության: Դեռ անցած տարվանից, երբ Ավանի բնակիչներն իմացան այդ խայտառակ որոշման մասին, բողոքում եւ ընդվզում էին, սակայն անօգուտ: Գործի են դրված մեծ փողեր, որի համեմատ բնակիչների առողջությունը Հայաստանի «դուխով» կառավարության համար ոչինչ չարժի: Հարց է ծագում, ո՞ւմ եւ ինչո՞ւ է պետք երեւանցիների հանգստյան գոտու հենց հարեւանությամբ կառուցել թունավոր ձուլարան: Ինչու այն չի կարելի կառուցել քաղաքից անվտանգ հեռավորության վրա: Ավելին, այդ թաղամասում ապրում են շուրջ 10 հազար մարդ, հիմնականում երիտասարդ ընտանիքներ, քանի որ ժամանակին` նախորդ իշխանության կողմից, այն հիմնադրվեց, որպես երիտասարդ ընտանիքներին աջակցության ծրագիր: Իսկ գուցե հենց այստե՞ղ է հարցի բանալին, գուցե խնդիրը հենց երիտասարդության առողջությունը քայքաե՞լն է: Ցեղասպանության շարունակության մի ձեւ էլ սա է: Չէ, որ առանց այդ էլ Երեւանի օդի աղտոտումը մի քանի անգամ գերազանցում է նորմատիվները: Այստեղից նաեւ մի շարք հիվանդությունների, այդ թվում քաղցկեղի, շեշտակի աճ:
Նշենք, որ Շրջակա միջավայրի նախարարությունը բացասական եզրակացություն էր տվել Ավանում ձուլարան կառուցելու «Քոփփեռ» ՍՊԸ-ի նախագծին: Ըստ փորձաքննության եզրակացության` պարզվել է, որ սանիտարական պաշտպանիչ գոտու համապատասխան հեռավորությունը բնակավայրերից պահպանված չէ: Բացի դրանից, գնահատման հաշվետվությունում չի ներկայացվել ածխածնի օքսիդի և ալյումինի օքսիդների արտանետումների համար ցրման հաշվարկի արդյունքները:
Նախագծվող ձուլման տեղամասից ընդամենը 600 մ հեռավորության վրա գտնվում է Երևանի աղի հանքը, դեղագործական գործարանը: Այսինքն թունավոր արտանետումները ներթափանցելու են սննդի եւ դեղերի մեջ:
Նախատեսվում է գունավոր մետաղների ջարդոններից տարեկան ստանալ 1800 տ պղնձի, ալյումինի և դրանց համաձուլվածքների ձուլակոճղեր: Ընկերությունը նաև նախատեսում է կազմակերպել բանեցված կապարե կուտակիչների պահեստ: Բանեցված կապարե կուտակիչները պատկանում են վտանգավորության 3-րդ դասին:
նախորդ տարվա սեպտեմբերի 16-ին Ավան վարչական շրջանի ղեկավարի նստավայրում իրականացվել է հանրային քննարկում, որտեղ մեծ թվով բնակիչներ արտահայտել են իրենց դժգոհությունը՝ նախատեսված գործունեության վերաբերյալ: Ձուլարան կառուցելու շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկման առաջին փուլը նախատեված է եղել դեռ նախորդ տարվա դեկտեմբերի 22-ին:
Այսօր կրկին լսումներ էին հրավիրված այդ հարցով: Ամիսներ անց, այսօր նորից քննարկում եղավ, որին, ինչպես նախկինում, Ավան վարչական շրջանի բնակիչները հրավիրված չեն եղել, սակայն, բնականաբար դեմ են այդ հանգամանքին. «մենք պատրաստ ենք պիկետներ դնել, եթե սկսվեն շինաշխատանքները»: