Անցնում եմ դիետայի. նախաճաշի հաշվի՞ն
Հասարակություն
«Վե’րջ, անցնում եմ դիետայի». այսպիսի որոշում կյանքում գոնե մեկ անգամ ընդունել է երեւի թե յուրաքանչյուր կին եւ առաջին հերթին հրաժարվել… նախաճաշից: Կամ, հակառակը, հետեւելով որոշ դիետոլոգների խորհուրդներին եւ սեփական ախորժակին դեմ գնալով, նախաճաշն ավելի է հարստացրել սպիտակուցներով եւ բարդ ածխաջրերով:
Հարցին, թե պետք է նախաճաշել, ժամանակակից դիետոլոգիան պատասխանում է՝ շատ ցանկալի է: Սակայն, պետք է ընդգծել, որ ցանկալի է, բայց ոչ պարտադիր: Իրականում նախաճաշի առկայությունն ու նրա հագեցվածությունն ուղղակի ազդեցություն ունեն ձեր կյանքի ռիթմի վրա:
Եթե նախաճաշելու ցանկություն չունեք, այդ հարցին պետք չէ ստիպողաբար մոտենալ: Մի կերպ կուլ տված պատառները ձեր կազմվածքին էլեգանտություն չեն հաղորդի: Սնվել առհասարակ պետք է ոչ շուտ, քան կքաղցեք: Բայց նախաճաշը բաց թողնելն ու ճաշին անհամբեր սպասելը եւս լավագույն որոշումը չէ, քանի որ միեւնույն է, այդ դեպքում էլ ճաշն է «վտանգ ներկայացնելու»՝ դառնալով վաղուց երազած պահ…
Ամենակարեւորն այն է, որ հետեւեք՝ առավոտյան ձեռքի տակ հայտնվի օգտակար, առողջ սնունդ (մրգեր, ցորենի հաց, անյուղ կաթնաշոռ): Այլապես բերանը կընկնի, ինչ պատահի, իսկ դա դժվար թե երաշխավորված լինի դիետոլոգի կողմից:
Վերջերս նորաձեւ է դարձել այն պնդումը, որ նախաճաշել պետք է մրգերով: Սակայն, նման խորհուրդը կիրառական է միայն այն մարդկանց դեպքում, ովքեր չեն տառապում աղեստամոքսային հիվանդություններից: Խրոնիկ գաստրիտի կամ կոլիտի առկայության դեպքում մրգային նախաճաշը տհաճ զգացողություններ կարթնացնի ստամոքսում:
Սպիտակուցներով-ածխաջրերով շատ հագեցած սննդի կարիք այն մարդկանց դեպքում, ովքեր չեն զբաղվում ծանր ֆիզիկական աշխատանքով, առանձնապես չկա (մանավանդ եթե չեք ուզում): Այդ պատճառով էլ, նախաճաշին ինչ ուտելը, եւ ամենակարեւորը՝ երբ, շատ անհատական է:
http://ladynews.am/arm/news/14//