Ի՞նչ գործոններ են բարձրացնում քրոնիկական հիվանդությունների առաջացման վտանգը
Առողջապահական
Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնները քրոնիկական հիվանդությունները սահմանում են որպես «վիճակ, որը տեւում է 1 եւ ավելի տարիներ եւ պահանջում է մշտական բուժզննում, կամ վիճակ, որը սահմանափակում է ամենօրյա կենսագործունեությունը»։ Չնայած քրոնիկական հիվանդությունները կանխելու հաստատուն միջոց չկա, գոյություն ունեն այնպիսի կենսական վիճակեր, որոնք զգալիորեն բարձրացնում են դրանց առաջացման հավանականությունը։ Ընտանեկան բժիշկ Թոմի Միթչելը Eat This, Not That!-ի պորտալի հարցազրույցում նշել է այն գործոնները, որոնք զգալիորեն բարձրացնում են քրոնիկական հիվանդությունների առաջացման վտանգը։
Բժիշկն այդ ցուցակում առաջինը նշել է ծխելը։ Բացի թոքերի քաղցկեղից եւ շնչուղիների այլ հիվանդություններից՝ ծխելը բարձրացնում է նաեւ սրտային հիվանդությունների, կաթվածի եւ այլ հիվանդագին վիճակների առաջացման հավանականությունը։
Բժիշկ Միթչելի խոսքով՝ ավելորդ քաշը կամ ճարպակալումը բարձրացնում է մի քանի լուրջ հիվանդությունների առաջացման վտանգը, ներառյալ սրտի հիվանդությունները, երկրորդ տեսակի դիաբետը եւ քաղցկեղի որոշ տեսակներ։ Վերջին երեք տասնամյակում ճարպակալմամբ տառապող մեծահասակների տոկոսն ավելացել է ավելի քան երկու անգամ։ Եթե ներկա միտումները շարունակվեն, ապա 2030թ. բոլոր մեծահասակների գրեթե կեսն աշխարհում կունենա ավելորդ քաշ կամ ճարպակալում։
Մասնագետը ալկոհոլի չարաշահումը նույնպես նշել է որպես գործոն, որը բարձրացնում է քրոնիկական հիվանդությունների առաջացման վտանգը։ Ալկոհոլի օգտագործումը կարող է խախտել օրգանիզմի ճիշտ մարսելու ունակությունը եւ պակասեցնել սննդարար նյութերը։ Սննդարար նյութերի անբավարարությունը կարող է դառնալ առողջական մի շարք խնդիրների առաջացման պատճառ։ Ալկոհոլի օգտագործումը կարող է նաեւ ջրազրկել օրգանիզմը, ինչը կհանգեցնի այնպիսի խնդիրների, ինչպիսին են գլխացավը, հոգնածությունը եւ մաշկի չորությունը։ Այս բոլոր գործոնները նպաստում են հիվանդությունների առաջացման վտանգի մեծացմանը։
Երբ մշտական ճնշման մեջ եք գտնվում, ձեր օրգանիզմն արտադրում է հորմոններ, ինչպիսին են կորտիզոլը եւ ադրենալինը, նշել է բժիշկ Միթչելը։ Այդ հորմոնները կոչված են օգնել ձեզ՝ արձագանքելու վտանգին, բայց եթե դրանք չափից շատ են արտադրվում, կարող են վնասել արյունատար անոթները, սիրտը եւ ուղեղը։ Ժամանակի ընթացքում դա կարող է հանգեցնել այնպիսի հիվանդությունների առաջացման, ինչպիսին են սրտի հիվանդությունները, կաթվածը, տագնապայնությունը եւ դեպրեսիան։
https://med.news.am/arm/news/32660/inch-gortsonner-en-bardzracnum-qronikakan-hivandutyunneri-arajacman-vtangy.html