Սիրով ենք գալիս այստեղ համերգի. Խարբերդի մանկատան սաները կարոտել էին Alikhanyan's Project-ի երաժիշտներին
Մշակութային
Երաժշտությունը ստեղծվել է շատ դարեր առաջ, որ մարդիկ կարողանան փոխանցել իրենց տրամադրությունը եւ դրական լիցերը։ Կարեւորելով երաժշտության դերը հատկապես երեխաների կյանքում` Խարբերդի մասնագիտացված մանկատան սաների համար սեպտեմբերի 6-ին անցկացվեցին երաժշտությամբ ու լավ տրամադրությամբ լի օր. նրանց այցելեցին Alikhanyan's Project-ի երաժիշտները: Երեխաներից շատերը նրանց ճանաչում էին եւ հասցրել էին կարոտել, քանի որ մոտ հինգ տարի առաջ մեկնարկած հանդիպումների շարքը դադարել էր համավարակով պայմանավորված:
«Մենք տարիներ առաջ ենք նախաձեռնել երաժշտախմբով այց մանկատներ եւ ծերանոցներ: Երկու տարվա դադարի ընթացքում մեզ ճանաչող երեխաներն արդեն կարոտել էին մեզ, մոտեցան, պատմեցին, թե այս ընթացքում ինչ են արել: Նոր երեխաների հետ ծանոթացանք, նրանց եւս դուր եկավ մեր երաժշտությունը: Նոր ենք բարձրաձայնում, բայց շատ անգամներ ենք նրանց համար երաժշտությամբ լի օրեր նախաձեռնել, իսկ հիմա կուզեմ, որ այս գաղափարը տարածվի մյուս արվեստագետների մոտ նաեւ: Հաճախ նյութական օգնությունից առավել կարեւոր են մշակութային հանդիպումները: Տարբեր անհատ կատարողներ տարիների ընթացքում այցելեն են մանկատան երեխաներին, բայց ամբողջական խմբով այց առաջին անգամ մենք նախաձեռնեցինք։ Ես շնորհակալ եւ ուրախ եմ, որ իմ ընկերները միշտ պատրաստակամ են ու սիրով ենք գալիս այստեղ համերգի»,- պատմեց Alikhanyan’s production-ի հիմնադիր, երաժիշտ Արթուր Ալիխանյանը:
Հանդիպմանը հնչեցին հին եւ նոր սիրված կատարումներ: Ալիխանյանի խոսքով՝ շատ կարեւոր է երեխաների հետադարձ լավ ապրումներն ու դրական հույզերը, իսկ իրենց այցերը մանկատներ եւ ծերանոցներ կրելու են շարունակական բնույթ: Նշենք, որ Alikhanyan’s production-ի մեջ ներառված են Alikhanyan’s studio-ն, որտեղ ձայնագրման աշխատանքներ են իրականացվում, առկա են փորձասենյակներ, Alikhanyan’s project-ը երաժշտական խումբն է, ինչպես նաեւ` Avo’s music school-ը եւ Alikhanyan’s dance school-ը, որտեղ դասավանդում են պրոֆեսիոնալ մասնագետներ` սաների համար ապահովելով բարձր որակի կրթություն։