Սամվել Թադեւոսյանի համբույրը «սպանեց» Ինգրիտ Կոկչյանին
Մշակութային
Կարմիր գորգ, աստղային մտահոգ եւ ժպտերես դեմքեր, ողջույնի խոսքեր… Կայացավ «Անքնություն» ֆիլմի պրեմիերան, որին գլխավոր հերոս ՍԱՄՎԵԼ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ ներկայացել էր բավական ինտրիգային տեսքով՝ ներկաների վրա թողնելով տպավորություն, որ այդպես էլ անքուն է մնացել:
«Ինքս ֆիլմը չեմ տեսել, բայց բուն նկարահանման պրոցեսն ընթացել է շատ ինտրիգային, հետաքրքիր, էմոցիոնալ, անհամաձայնություններով-համաձայնություններով: Հուսամ՝ այդ զգացումը, որը կարմիր գծով գնացել է ամբողջ նկարահանման ընթացքում՝ որպես ներվ, կա պատկերի մեջ, որը կտեսնեք էկրաններին», - մինչեւ ֆիլմի դիտումը՝ ասաց Սամվել Թադեւոսյանը:
Իսկ գլխավոր հերոսուհի ԻՆԳՐԻՏ ԿՈԿՉՅԱՆԸ սահմանափակվեց շնորհակալություն հայտնելով ներկաներին, որ եկել են, ու բարի դիտում մաղթեց: Թե ինչ տեղի ունեցավ ֆիլմի ընթացքում, իսկապես, ինտրիգային էր, էմոցիոնալ, իսկ Սամվել Թադեւոսյանի ասած ներվը կար սկզբից մինչեւ վերջ: Առանց փակագծեր բացելու՝ նշենք, որ ամենեւին էլ վերնագիրը չի հուշում ֆիլմի կուլմինացիան: Համենայնդեպս, ֆիլմի վերջում ոչ ոք անուշ քուն չմտավ, բայց Սամվել Թադեւոսյանի համբույը «սպանեց» Ինգրիտ Քոչարյանին:
«Սա իմ դեբյուտն է՝ որպես պրոդյուսեր, եւ Հարութի դեբյուտն է՝ որպես ռեժիսոր: Մենք պարբերաբար նկարահանելու ենք նման կարգի ֆիլմներ եւ փորձելու ենք դուրս գալ միջազգային ասպարեզ: Իմ կարծիքով՝ լավ ֆիլմ է ստացել», - ընդգծեց ֆիլմի պրոդյուսեր, դերասան ԱՐՄԵՆ ՍՈՂՈՅԱՆԸ:
Ֆիլմի սցենարիստ եւ ռեժիսոր ՀԱՐՈՒԹ ՂՈՒԿԱՍՅԱՆՆ էլ համեստորեն հավելեց. «Բազում ֆիլմերի սցենարներ եմ հեղինակել, սակայն ցանկացած սցենարիստ, երեւի, երբ իր ստեղծագործությունը տեսնում է էկրանին, մտածում է՝ ինքն ինչպե՞ս կնկարեր այս կամ այն տեսարանը, հիմա կարծում եմ՝ հասունացել է այն պահը, որ իմ պատկերացումը ներկայացնեմ: Թե որքանով է մեզ մոտ ստացվել, կդատի հանդիսատեսը»:
Այն, որ իսկապես ստացված ֆիլմ էր, փաստեցին ոչ միայն կինոսերները, այլեւ՝ ոլորտում գիտակները: Այնպես որ, Հարութ Ղուկասյանը՝ որպես ռեժիսոր, իսկ Արմեն Սողոյանը՝ որպես պրոդյուսեր, հանձնեցին դեբյուտային քննությունը գերազանց: Իսկ Սամվել Թադեւոսյանը երկրի թիվ մեկ «կինոյի տղա» տիտղոսը դեռ վայելում է՝ սկսած «Կյանք ու կռիվ» ֆիլմից՝ դերասանական պրոֆեսիոնալիզմի նշաձողը միմիայն բարձրացնելով:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ








