Երևանում հարձակման է ենթարկվել արցախյան պատերազմներին մասնակցած փոխգնդապետ Տիգրան Ազիզյանը, ում գլխի համար թշնամին խոշոր գլխագին էր խոստանում
Պատահար
Նոյեմբերի 9-ին Երևանում հարձակման է ենթարկվել Երևանի բնակիչ 67-ամյա Տիգրան Ազիզյանը։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, այդ օրը սովորականի համաձայն Տ․ Ազիզյանը, ով կոչումով փոխգնդապետ է, գտնվելիս է եղել իր տանը՝ Շենգավիթ վարչական շրջանի Եղիշե Թադևոսյան 7 շենքի բակում, երբ նրա վրա է հարձակվել Երևանի բնակիչ Նարեկ Խաչատրյանը։
Այդ մասին SHAMSHYAN.com-ն արդեն մի քանի օր է ահազանգեր է ստանում փոխգնդապետի հարազատներից, ընկերներից ու հարևաններից, ինչպես նաև Երևանի Ա․ Խանջյանի անվան դպրոցի որոշ աշխատակիցներից։ Դեպքից կարճ ժամանակ անց կատարված հանցագործության մասին Տ․ Ազիզյանը դիմում է ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղ էլ նյութեր են նախապատրաստվում ու դրանք փոխանցում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղ էլ արդեն քննիչ Նորայր Մարգարյանը քրեական վարույթ է նախաձեռնում։
Քննիչը բավարարվում է դեպքի վայր գալով, մի քանի լուսանկարներ անելով ու տուժողին դատաբժշկի ուղեգիր տալով։ Սակայն չգիտես ինչու՝ մինչև այս պահը քննիչի կողմից ոչ մի առերեսում չի իրականացվել մարմնական վանսվածք ստացած Տ․ Ազիզյանի և հիմնական կասկածյալի միջև, այն դեպքում, որ անգամ կա տեսախցիկի արձանագրածը, թե ինչպես է դեպքը տեղի ունեցել։
Այսօր Տ․ Ազիզյանի հետ զրույցում, նա ներկայացրեց իրավիճակը ու խնդրում էր ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին, որպեսզի իր հսկողության տակ վերցնի հարուցված քրեական գործի ընթացքը, քանի որ Շենգավիթի քննչականից ոչ մի ծպտուն չկա, թե ինչ ընթացք է լինելու։
Իր աշխատանքին վերականգնվելու համար Տ․ Ազիզյանը նույնպես դիմել է համապատասխան կառույցներին։