Խոցելի խմբերին հասանելիք անվճար դեղորայքների բացակայության պատճառը բացահայտում է Առողջապահության նախարարությունը
Առողջապահական
«Իրավունքը» գրել էր, որ հունվարի 1-ից բնակչության խոցելի խմբերին հասանելիք անվճար որոշ դեղորայք պոլիկլինիկաներն այլեւս չեն տրամադրում իրենց հիվանդներին: Աղբյուրը տեղեկացրեց, թե քանիցս դիմել է պոլիկլինիկա, սակայն պատասխանը նույնն է` նախարարությունը չի հատկացրել: Որոշ համառներ դիմել են նաեւ նախարարություն, որտեղից փորձել են մեղքը բարդել պոլիկլինիկայի վրա: Բայց երբ քաղաքացին պահանջել է` զանգահարեք պոլիկլինիկա եւ հանձնարարեք` դեղը տան, նրանց ուղղորդել են դեպի քաղաքապետարան: Քաղաքացիները վրդովված են, տարիներ շարունակ իրենց պոլիկլինիկաներում ստանում էին մի շարք դեղեր, սակայն հունվարի 1-ից ստիպված են դրանք ձեռք բերել, իսկ թոշակառուներն էլ ստիպված են իրենց չնչին թոշակի մեծ մասը հատկացնել այդ դեղերի համար:
Գրավոր դիմել էինք Առողջապահության նախարարությանը պարզաբանելու համար, թե ինչո՞ւմն է խնդիրը եւ որն՞ է պատճառը, որ քաղաքացիներին հասանելիք դեղերը տեղ չեն գտնում պոլիկլինիկաներում:
Եվ ահա Առողջապահության նախարարության գլխավոր քարտուղար ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆԻՑ ստացել ենք հետեւյալգրավոր պատասխանը.
-Ի պատասխան Ձեր հարցմանը հայտնում եմ, որ բնակչության սոցիալական կամ հատուկ խմբերի ցանկում ընդգրկված շահառուներին ԱԱՊ կազմակերպությունների կողմից անվճար կամ մասնակի փոխհատուցմամբ դեղերի տրամադրումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 30-ի N 642-Ն որոշման կարգի պահանջների համաձայն: Դեղերի գրումն իրականացվում է ՀՀ «Հիմնական դեղերի ցանկին» համապատասխան:
Պետության միջոցներով ձեռք բերվող դեղերի գնումների գործընթացն իրականացվում է հիմք ընդունելով' «Գնումների մասին» ՀՀ օրենքը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 04-ի «Գնումների գործընթացի կազմակերպման մասին» N 526-Ն և 2013 թվականի մայիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և այլ միջոցների հաշվին գնվող դեղերի տեխնիկական բնութագրերի կազմման չափորոշիչները հաստատելու մասին» թիվ 502-Ն կառավարության որոշումները:
ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 30-ի N 642-Ն որոշման համաձայն, շահառուներին դեղերով ապահովելու անընդհատությունը պահպանելու նպատակով' պոլիկլինիկաները, հաջորդ տարվա իրենց կարիքների համար գնման ընթացակարգերը պետք է կազմակերպեն և իրականացնեն ընթացիկ տարվա հոկտեմբեր ամսվա ընթացքում: Սռողջապահության նախարարության տվյալներով` ԱԱՊ կազմակերպություններում դեղերի բացակայության վերաբերյալ բողոքների զգալի մասը վերաբերվել են դեղերի ձեռք բերման համար հայտարարված մրցույթների չկայացման հետևանքով առաջացած խնդիրներին:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ