Կոտրվածքներ չունի. ինչ վնասվածքներ է ստացել Վարդանյանը ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի հետևանքով
Պատահար
ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովի փակ նիստում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն անհրաժեշտ բուժզննում է ստացել, լուրջ վնասվածքներ չեն հայտնաբերվել։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց Վարդանյանի օգնականներից մեկը, ով ներկայացավ «Լևոն» անունով։
Ի դեպ, նա պատասխանում էր Վարդանյանի հեռախոսազանգերին։
«Այս պահին պարոն Վարդանյանն աշխատավայրում է։ Գնացել ենք հիվանդանոց, հետ ենք եկել, անհրաժեշտ բուժօգնություն ստացել է։ Կոտրվածքներ չունի»,- նշեց օգնականը՝ հավելելով, որ այլ մանրամասներ չի կարող հայտնել։
Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովի պետաիրավական մշտական հանձնաժողովի փակ նիստում ծեծկռտուք է եղել հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի և նույն հանձնաժողովի անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Մհեր Սահակյանի միջև։ Վերջինս այս պահին ոստիկանության բաժնում է։
Միջադեպի վերաբերյալ ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը։
«Քիչ առաջ, ԱԺ պետաիրավական հանձնաժողովում փակ քննարկման ժամանակ, ընդդիմադիր Հայաստան խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը հարձակվել է հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի վրա, հարվածել, մարմնական վնասվածքներ հասցրել վերջինիս և փախել։ Այս խայտառակ խուլիգանությունը պետք է ունենա հստակ քրեաիրավական հետևանք»,- գրել է նա։