Իրանական հո՞ւմք, թե՞ քաղաքականություն. կարգելվի՞ հայկական կաթնամթեքի արտահանումը Ռուսաստան
Տնտեսություն
Ռուսաստանը կքննարկի Հայաստանից կաթնամթերքի մատակարարումները սահմանափակելու հարցը, քանի որ Հայաստանից եկող կաթնային արտադրանքում որոշակի խախտումներ են հայտնաբերվել: Այս մասին ասվում է «Ռոսսելխոզնադզորի» հաղորդագրության մեջ: Ըստ գերատեսչության նախնական տեղեկատվության` Հայաստանից արտահանվող կաթնամթերքում օգտագործվում է Իրանում արտադրված հումք, որի նկատմամբ «Ռոսսելխոզնադզորը» որոշակի սահմանափակումներ ունի: Թեմայի շուրջ «Իրավունքը» զրուցել է «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ ԲԱԲԿԵՆ ՊԻՊՈՅԱՆԻ հետ:
— Ինչու՞ հենց Հայաստանի համար ներքաղաքական ու արտաքին քաղաքական մարտահրավերների այս ժամանակահատվածում որոշում կայացվեց քննարկել Հայաստանից կաթնամթերքի մատակարարումները սահմանափակելու հարցը: Այստեղ կա՞ քաղաքական ենթատեքստ:
— Հենց հիմա, թե՛ աշխարհաքաղաքական, թե՛ մեր ու ռուսական կողմի հարաբերությունները որոշակի իմաստով լարվածության մեջ են, բայց խնդիրներ կան, որոնք պետք է դիտարկել քաղաքական հարթության մեջ, եւ խնդիրներ կան, որոնք պետք է դիտարկել այդ հարթությունից դուրս: Եթե հարցին նայենք քաղաքական հարթությունում, այսպես ասեմ` այն ինֆորմացիան, որը մեզ համար դարձավ հասանելի, եթե քաղաքական հարթությունով չլիներ, կգար փակ խողովակով: Եթե մեր հանրային դաշտը նայենք, կտեսնենք, որ սննդամթերքի անվտանգության ոլորտի առկա խնդիրների ծավալը, քննարկման հարթությունները միջին մակարդակի վրա է: Եկել են, մոնիթորինգն արել են, գնացել են, հաշվի առնելով էլ, որ մի քիչ էլ լարվածություն կար, ամեն ինչին արձագանքել են շատ արագ, եւ ոչ թե փակ խողովակներով, այլ` բաց: Բայց ամեն ինչի մեջ քաղաքականություն պետք չէ տեսնել, քանի որ եթե ուշադիր լինենք, կտեսնենք` ռուսական կողմի հաղորդագրության մեջ հստակ նշվում է, որ ինսպեկցիոն խմբի այց է եղել Հայաստան մարտի 20-24-ը, իսկ տվյալներն ամփոփվել են ու արագ հրապարակվել: Քաղաքական ֆոնի լարվածությունը նպաստել է նրան, որ այն գա բաց խողովակով, խնդիր կա, բարձրաձայնել են: Այն, որ քաղաքական հարթության մեջ փոխհարաբերությունները լավը չեն, փաստ է այն, որ գործընկերային մարմինների մեջ փոխհարաբերությունները ինչ-որ փոփոխությունների են ենթարկված, վատացել են ինչ-որ պահի վերջին ժամանակահատվածում, դա էլ է փաստ, որովհետեւ՝ դեռ մեկ տարի առաջ, այդպես չէր, փակ խողովակով էր այս ամենը գալիս, անձնական հարաբերություններն էլ նշանակություն ունեն, իսկ մնացած ինստիտուցիոնալ հարթության մեջ արտոնագրված խախտումները մեր ներքին խնդիրներն են, ու մենք պետք է մտածենք:
— Մի՞թե խնդիրը նաեւ մեր հայրենակիցներին չի վերաբերում, մինչ այս խնդիրներ եղե՞լ են:
— Պետք է հասկանանք, որ ունենք պետական վերահսկողություն, որից պետք է պահանջենք: Ենթադրենք քաղաքականություն էր, բա մնացածը, ո՞վ պետք է գործ անի: Տարբերությունն այն է, որ նախկինում փակ խողովակով էր գալիս, հիմա եկել է բաց խողովակով, այսինքն՝ գործընկերային հարաբերություններ են փչացել: Միջպետական գուցե նաեւ ինչ-որ հարցեր նույն մակարդակի վրա չէր, բայց որ պարբերաբար Ռուսաստանից Հայաստան գրություն է եկել, թե էս ինչը լավ է, էս ինչը` վատ, քայլեր պետք է ձեռնարկել, սա փաստ է: Գրության բովանդակությունը եթե նայեք, հետեւյալն է` երկու տնտեսվարողի դեռ կասեցնում ենք: Հարցում արեք Սննդի անվտանգություն, տեսեք, թե վերջին 5 կամ 10 տարում փակ խողովակով քանի՞ անգամ է եկել գրություն, որ այս կամ այն ընկերության նկատմամբ սահմանափակում դնենք, ասեմ, որ շատ է: Այսինքն՝ բացահայտում է խնդիրը, ասում է՝ փակի: Իսկ այն, որ գնահատական է տվել պետական վերահսկողությունը, դա երկու պատճառ ունի. մեկ՝ ինստիտուցիոնալ, եւ չի բացառվում նաեւ միջպետականը որոշակիորեն:
— Իսկ նման իրավիճակում հայկական կողմի արձագանքը ո՞րը պետք է լինի:
— Հայկական կողմի արձագանքն առաջին հերթին պետք է լինի գործ անելը:
— Ավելի կոնկրետ խնդիրը ո՞րն է եղել, մի՞թե իրանական հումքը:
— Իրանական հումքը պայմանական տնտեսապես խնդիրներ է առաջացնում Ռուսաստանի համար եւ իր համար ստրատեգիական է, որ իրանական հումքը գերակշռող չլինի եւ սեփական տնտեսվարողին պաշտպանելու համար հարցը բարձրացնում է: Դրա տակ անվտանգություն է տեսնում, թե ինչ, իր խնդիրն է, մերը չէ: Բա մնացածը, երբ ասում է` չի իրականացվում պատշաճ պետական վերահսկողություն, մեկը կա՞, որ այսօր Հայաստանում ասի իրականացվում է պատշաճ վերահսկողություն, կարո՞ղ է պետական մարմինը պատշաճ արձագանքի: Հարց եմ տալիս` սրանից երկու շաբաթ առաջ մեր կազմակերպություններից մեկը բացահայտել է խախտումներ կաթնամթերքի շուկայում, լիազոր մարմինը ձայն հանո՞ւմ է, հերթը հենց հասնում է դրսից եկածին, սկսում են քննարկել:
Ս. ԱՍԱՏՐՅԱՆ