Եղունգների գել-լաքը կարող է ուժեղ ալերգիկ ախտանիշներ առաջացնել
Առողջապահական
Ինչ հետևանքներ կարող է ունենալ գել-լաք քսելը
Մասնագետները զգուշացնում են, որ գելային արտադրանքում քիմիական նյութերը, որ հայտնի են իբրև մետակրիլատներ, կարող են ալերգիա առաջացնել, որի դեպքում վատանում է եղունգների վիճակը, իսկ մաշկի վրա ուժեղ քոր առաջացնող ցան է հայտնվում։
Քիմիական նյութի հանդեպ լուրջ ռեակցիան ոչ միայն ձեռքերի վրա է հետքեր թողնում։ Այն կարող է խանգարել բժշկական որոշ միջամտություններ անցկացնելուն, այնպիսիք, ինչպիսիք են կատարակտի վերացումը, հոդերի փոխարինումը կամ ատամների բուժումը։
Բժիշկ Դեյդրա Բաքլին՝ Բատի մաշկաբան խորհրդատուն, այդ ախտանիշները պարզաբանել է BBC Today ծրագրում․ «Դրանք կարող են տարբերակվել եղունգների թուլացումից մինչև դրանց ընկնելը, կարող է ցան առաջանալ դեմքի, պարանոցի, կրծքի վերին մասում։ Մարդիկ կարող են շնչառական խնդիրներ ունենալ, ասթմայի սրացում կարող է լինել»։
Մյուս ախտանիշերը, որոնց վրա հարկ է ուշադրություն դարձնել, հետևյալն են՝ շրթունքների այտուց, խոցեր մատների վրա, կուտիկուլայի մասում մաշկի կարմրում և այտուց։
Բժիշկ Բաքլին բացատրել է․ «Այն բանից հետո, երբ օրգանիզմն արձագանքել է քիմիական նյութին, դուք չեք կարող բժշկական միջոցառւմներ անցնել, եթե դրանցում մետակրիլատներ են օգտագործվում, այն է ատամների ծեփապատճեններ անել, իմպլանտներ դնել»։
«Վատագույնն այն է, որ մարդիկ կարող են զգայուն դառնալ այլ իրերում առկա ակրիլատների նկատմամբ։ Դա կարող է նշանակություն ունենալ ատամնաբուժության մեջ, շաքարախտով հիվանդների համար կամ օրթոպեդիկ վիրահատության ոլորտում։ Եվ դա ցմահ սենսիբիլիզացիա է»։ Այսինքն, եթե ալերգիան մի անգամ ի հայտ է եկել, ապա այն չի անհետանա թեկուզ տարիներ հետո, ալերգենի օգտագործմամբ միջոցառումները հակացուցված կլինեն, օրինակ՝ հոդերի փոխարինումը կամ մի շարք դեղամիջոցների ընդունումը։