Շրջան-շրջան հանձնելու են. 104 գյուղ վտանգված է. Նահապետյան
Ներքաղաքական
Կալանքի տակ գտնվող գեներալ Գրիգորի Խաչատուրովին «առնչվող» քրեական գործի նախնական դատական լսումները նշանակված է Շուշիի ազատագրման օրը` մայիսի 8-ին` Հակակոռուպցիոն դատարանում: Գեներալի իրավունքների հանրային պաշտպանության նախաձեռնության անդամ, ռազմական փորձագետ ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԻ գնահատմամբ՝ պարտությունից հետո թիրախը զինվորականությունն է:
— Գրիգորի Խաչատուրովն այն անձանցից մեկն էր, որը միացել էր ժամանակին ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի կողմից նախաձեռնված` Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին: Նա այդ պահանջից հետ չկանգնեց: Երկար ժամանակ զբաղեցրել է 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնը, որը պաշտպանում է Ադրբեջանի հետ սահմանը` Իջեւանից մինչեւ Ճամբարակ, ունի մեծ հեղինակություն: Իրեն կալանավորել են նրա համար, քանի որ հստակ է, որ տարածքներ պիտի հանձնվեն: Միայն իր ներկայությունը, մարդկանց հետ հանդիպելը ընդվզելու գործողության էր տանում: Գրիգորի Խաչատուրովը տեսականորեն իշխանության եւ նրանց տերերի համար լուրջ խոչընդոտ է այդ տարածքները հանձնելու համար: Շրջան-շրջան հանձնելու են: Այդ պայմանավորվածություններն արդեն փաստաթղթային ձեւակերպումներ ունեն: 104 գյուղ վտանգված է: Գրիգորի Խաչատուրովն այն գեներալներից մեկն էր, որն այս գործընթացին կոնկրետ Տավուշի մարզում խանգարելու էր: Սպիտակ թելերով կարած քրեական գործը, որ կա, այդտեղ կեղծիքն ակնհայտ է: Ընդ որում` միայն Գրիգորի Խաչատուրովը չէ կալանավորված. օրինակ` Միքայել Արզումանյանը, կան նաեւ ավագ սպաներ: Այսինքն՝ իշխանության համար, ինչպես միշտ, մեղավորներ պետք է փնտրվեն, ու այս պահին զինվորականներն ուղղակիորեն թիրախավորված են:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ