Ինչ իրավիճակ է թշնամու թիրախում հայտնված Սոթքում
Ներքաղաքական
Ինչ իրավիճակ է Սոթքում, որը վերջերս հերթական անգամ թիրախավորվել էր թշնամու կողմից, փակագծեր է բացել Ազգային ժողով եկած Գեղարքունիքի մարզպետ ԿԱՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ: Նրա գնահատմամբ` մարզում թշնամու կողմից եղած կրակոցների ինտենսիվությունը նվազել է:
— Ինչ վերաբերում է Սոթքի հանքավայրին, ապա բոլորս տեղյակ ենք, որ հանքի բաց հատվածում աշխատանքներն առաջիկա ամիսներին պետք է դադարեցվեին, բայց անվտանգային խնդիրներից ելնելով` աշխատանքներն արդեն դադարեցվել են: Սակայն փակ հանքում աշխատանքներն իրականացվում են: Այսինքն` Սոթքի հանքավայրը մասնակի աշխատում է: Ունենք ընտանիքներ, որոնք սեպտեմբերյան ագրեսիայի հետեւանքով դուրս էին եկել իրենց բնակավայրերից, մի քանի ընտանիքներ հետ չեն գնացել, սակայն մյուսները վերադարձել են ու շարունակում են ապրել իրենց տներում: 2022 թվականի ագրեսիայի հետեւանքով` այն բնակավայրերը կամ բնակիչները, որոնք վնասներ են կրել` այդ վնասները վերականգնվել են: Ունենք վերականգնման ենթակա 4 տուն, եւ այնպիսի տներ, որոնք վերականգնման ենթակա չեն, դրանց նախագծման աշխատանքներ են իրականացվում, հասկանալու` ինչքան գումար է հարկավոր դրանք վերականգնելու համար: Անասուններին կորցրած բնակիչներին եւս փոխհատուցում է տրվել:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ