Գերմանացիների «դարդը» ոչ թե արցախահայության վիճակն է, այլ Ստամբուլյան կոնվենցիայի ընդունումը
Ներքաղաքական
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հանդիպել է Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Մերլե Շպելերբերգի գլխավորած պատվիրակության հետ: Պարզվում է` հանձնաժողովի նախագահը հյուրերին ներկայացրել է Արցախում ստեղծված իրավիճակը, կարեւորել արցախահայերի անվտանգության ապահովման ու ինքնորոշման իրավունքի ճանաչման հրամայականը, հայտնել, որ Հայաստանը եւս ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պահպանման խնդիր ունի: Մինչդեռ գերմանացի պատգամավորին այլ հարցեր են հետաքրքրել, թե որքանո՞վ են մեր երկրում պաշտպանված կանանց, մարգինալ խմբերի, փոքրամասնությունների, բնապահպանության ոլորտում` մարդու իրավունքները: Ավելին` եվրոպացի պատգամավորն անդրադարձել է նաեւ Ստամբուլյան կոնվենցիային ու հարցրել, թե ինչո՞ւ Ազգային ժողովը մինչ օրս այն չի վավերացրել: Հիշեցնենք, որ նույն «դարդով» վերջերս տապակվել է նաեւ ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը ո՛չ ավել, ո՛չ պակաս ուղղակիորեն հայտարարելով, որ ուզում է, որ Հայաստանում վավերացվի Ստամբուլյան կոնվենցիան:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ