Հանուն Հայաստանի Հանրապետության, ընդդեմ թրքացման. Խորեն Մարդոյան
Ներքաղաքական
«Դե ինչ, ավարտվեց Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավը, եւ վաղը երեւանցիները հնարավորություն են ունենալու ընտրել Երեւանի ապագա քաղաքապետին:
Բոլոր բակային հանդիպումները, նամանավանդ՝ քաղաքապետարանի հարեւանությամբ «Քեմալական պայմանագիր» կուսակցության կազմակերպած երեկվա հավաքը, ցույց տվեցին մի բան, որ ալիեւ-էրդողան տանդեմն ընտրության օրն օգտագործելու է իրեն հասու բոլոր հնարավոր եւ անհնարին միջոցները՝ իր հոգեհարազատ կուսակիցներին վերարտադրվելու հնարավորութուն տալու համար:
ՔՊ-ի համար այս ընտրութjունը վերածվելու է կենաց-մահու պայքարի։ Շատերը կհարցնեն՝ ինչո՞ւ, չէ՞ որ սա ընդամենը քաղաքապետի ընտրություն է, ի՞նչ կռվի մասին է խոսքը։ Պատասխանեմ. ՔՊ-ի կազմակերպած երեկվա հավաքը ջրի երես հանեց եւ ցույց տվեց մի քանի շատ կարեւոր բան:
Նախ՝ նորանկախ Հայաստանի մայրաքաղաք Երեւանի ավագանու ընտրության պատմության մեջ այս անգամ անսահմանափակ, ահռելի քանակության վարչական ռեսուրս է օգտագործվելու։ Այստեղ եկեք լինենք անկեղծ․ այնպես չէ, որ օրվա իշխանությունների կողմից այդ ռեսուրսի օգտագործումը նորություն է․ բոլոր իշխանությունների ժամանակ էլ այն միշտ եղել է, կա եւ լինելու է, ու սրանց պարագայում էլ դա նոր բան չէ, բայց այն չափն ու քանակը, որին մենք վաղը բոլորովս ականատես ենք լինելու, գերազանցելու են ամեն ինչ եւ ամեն բան, գերազանցելու վերջին 30 տարվա տարբեր ժամանակահատվածներում տարբեր իշխանությունների կողմից բոլոր ընտրությունների ժամանակ օգտագործած վարչական ռեսուրսները միասին վերցված։
Ավինյան Տիգրան կոչված ինքնագոհ երեւույթը, որը ՔՊ-ի կողմից առաջադրվել է որպես ավագանու անդամ, ապաեւ՝ քաղաքապետի թեկնածու, երեկվա հանրահավաքից հետո, երբ քայլելու նպատակով մայրաքաղաք էին բերվել ՀՀ տարբեր շրջանների եւ մարզերի քաղաքացիներ, շատ լավ հասկացավ, որ նույնիսկ անցողիկ շեմը հաղթահարելու դեպքում՝ վարչական ռեսուրսի չարաշահման եւ ընտրատեղամասերում տարբեր ընտրակեղծիքների կիրառության պարագայում (իսկ դա նրանք անելու են), անկարելի է, որ ՔՊ կոչվող փողոցային խունտայի թեկնածուն առանց իրենց «ընդդիմադիր» համարող կուսակցությունների հետ կոալիցիա կազմելու կարողանա ընտրվել Երեւանի քաղաքապետ։ Դա փաստ է, վկա՝ ՀՀ թիվ մեկ խելագարի երեկվա ջղաձգումները եւ հիստերիկ գոռգոռոցը։ Խոսափողը ձեռքին՝ նա մի պահ մոռացել էր, որ 2023 թվականն է, ոչ թե 2018-ի ապրիլ-մայիս ամիսները, եւ որ այլեւս իր ստերով ու բանսարկություններով չի կարող մանիպուլացնել հայ ժողովրդին, որ ինքն այսուհետ քաղաքական անպետք դիակ է եւ չի վայելում ինչպես Հայաստանի ժողովրդի, այնպես էլ միջազգային հանրության վստահությունը, հանրություն, որին վերջին հինգ տարիների ընթացքում խաբեց, արհամարհեց, անտեսեց, հարաբերությունները փչացրեց եւ այդպես շարունակ։ Ժամանակները փոխվել են, եւ հայ ժողովուրդը, հատկապես՝ երեւանցին, որն այսօր կանգնած է Հայաստանը թրքացումից փրկելու ընտրության առաջ, շատ քաջ գիտակցում է, որ «Քեմալական պայմանագրի» հավանական հաղթանակի դեպքում ավելի են ամրապնդվելու դավաճան մոլագարի դիրքերը, եւ մայրաքաղաք Երեւանը վերջնականապես հպատակվելու է թուրքական իշխանություններին:
Ընտրության մասնակցող բոլոր քաղաքական ուժերը, որոնք իսկապես չեն ցանկանում սրանց վերարտադրվելը, չպետք է որեւէ համագործակցության գնան եւ կոալիցիա կազմեն ՔՊ կոչված փողոցային խուժանի հետ։ Հենց այդ ժամանակ է, որ շատ հստակ պարզ կդառնա յուրաքանչյուր քաղաքական ուժի ինչ լինելը, թեեւ այս պահին կան ուժեր, որոնք ժխտում են ՔՊ- հետ համագործակցությունը:
Թերեւս, ոչինչ էլ պետք չէ բացառել՝ հիմնվելով նախկին քաղաքական փորձի վրա, որը ձեւավորվեց 2018-ից հետո, երբ աթոռի եւ պաշտոնի քաղցրության համն ու հոտն այնքան գրավիչ էին, որ սրանց հետ համագործակցած նախկին պաշտոնյաները՝ սկզբում ակտիվ որպես կոալիցիոն գործընկերներ, այնուհետ՝ որպես ընդդիմություն, ստանալով տարբեր գործառույթներ, հարցին, թե ինչու են ստանձնել այս կամ այն պաշտոնը, պատասխանել են․ «Մենք դա արել ենք պետության շահից ելնելով․ այդպես էր ճիշտ, դա պետական մտածելակերպ ունեցող մարդու որոշում էր»։
Պարոնա՛յք, լո՞ւրջ եք ասում, նիկոլից պետական պաշտոն եք ստանում եւ պետականությունի՞ց եք խոսում: Եթե դուք իրոք պետականամետ եք, վաղուց պետք է հասկացած լինեիք, որ Հայաստանի Հանրապետության թիվ մեկ սպառնալիքը եւ թշնամին Նիկոլ Փաշինյանն է։ Մոտակա օրերի ընթացքում, երբ արդեն հայտնի կլինեն ընտրությունների վերջնական արդյունքները, հանրության համար էլ պարզ կդառնա, թե ով է այն քաղաքական «ընդդիմադիր» ուժը, որը մասնակցեց Երեւանի ավագանու ընտրությանը, երեւանցուն տարատեսակ խոստումներ տվեց, ընդդիմադիր ձեւացավ, իսկ այնուհետեւ կոալիցիա կազմեց «Քեմալական պայմագրի» հետ՝ իր վրա վերցնելով անբարոյական քաղաքական ուժի կամ անհատի կարգավիճակը:
Ես հավատում եմ, որ վաղը երեւանցին կկատարի իր ճիշտ ընտրությունը եւ կկանխի Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երեւանի վերջնական թրքացումը: Աստված պահապան բոլորիս», - գրել է Կանադայի Օնտարիո նահանգի Տորոնտո քաղաքի համայնքային եւ հասարակական գործիչ ԽՈՐԵՆ ՄԱՐԴՈՅԱՆԸ: