Ինչ իրավիճակում հայտնվեց Հաայստանը
Վերլուծություն
Սակայն արցախյան այս իրողություններից զատ (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=265485&l=am), կա ավելի գլոբալ հարց եւս՝ իսկ դեպի ո՞ւր են գնալու հայ–ադրբեջանական հայտարարությունները:
Այն, որ Արցախում ազերիների հարձակման թեժ պահին Էրդողանը ՄԱԿ ամբիոնից խոսեց «Զանգեզուրի միջանցքի» մասին, իհարկե, լուրջ ահազանգ էր: Դա առնվազն մեկ բան հուշում է. քանի դեռ Հայաստանում կա Նիկոլ, թուրք–ազերիական տանդեմը կփորձի ստանալ առավելագույնը: Առավել եւս, որ Նիկոլը շարունակում է փայլուն կատարել իր դերը՝ շարունակելով վատթարացնել հարաբերությունները Հայաստանի միակ դաշնակցի՝ Ռուսաստանի հետ եւ պոտենցիալ դաշնակցի՝ Իրանի հետ:
Տելեգրամյան ալիքներից մեկը՝ «Հայ սպայի գրառումները» տեղեկատվություն տարածվեց, որ Արցախի համար ամենաճակատագրական պահին, երբ դեռ ինչ–որ բան փոխելու հնարավորություն կար. «Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին համառորեն հրավիրել է իր հայ գործընկերներին շտապ մեկնել Թեհրան՝ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի մասնակցությամբ քննարկելու Լեռնային Ղարաբաղի ճգնաժամը։ Հայաստանի ղեկավարությունը երկու անգամ մերժել է այդ հրավերը»:
Ու պատահական չէ, որ այս իրավիճակում, երբ Ալիեւը հասել է իր հիմնական նպատակին, դեռ շարունակվում են ակտիվ խոսակցությունները, որ թուրք–ազերիական տանդեմը սրանով էլ չի սահմանափակվի եւ կփորձի «ընթացքից» լուծել նաեւ «Զանգեզուրի միջանցքի» հարցը: Այս տեսանկյունից, հասկանալի է, պատահական չէ, որ Իրանից անմիջապես սկսվեց պատասխան ռեակցիան, ընդ որում, ամենաբարձր ատյաններից եկող հայտարարությունների տեսքով: Այսպես, Արցախում մարտերի վերսկսման ֆոնին Իրանի պաշտպանության նախարար Մոհամմադ Ռեզա Աշտիանին, Շոյգուի հետ հանդիպման շրջանակներում չհապաղեց առաջ տանել այն տեսակետը, որ տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականության եւ միջազգային սահմանների պաշտպանությունը Իրանի համար մնում է «կարմիր գիծ»՝ նաեւ առաջ տանելով գաղափար, թե առաջարկվող 3+3 ձեւաչափը (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հարմար միջոց է Կովկասում խնդիրների խաղաղ կարգավորման համար։ Շոյգուն իր հերթին աջակցություն հայտնելով կովկասյան զարգացումների վերաբերյալ Իրանի դիրքորոշմանը, ընգծելով, որ արտատարածաշրջանային երկրների ներկայությունն ու գործունեությունը տարածաշրջանում դատապարտելի է, դրանով ցույց տվեց, որ թեմայի մասին իրանական կողմի հետ պայմանավորվածություններ ունի: Իրանի «կարմիր գծերի» մասին խոսեց նաեւ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը: Վերջապես, նույն «կարմիր գծերի» թեման նույնքան միանշանակ ընդգծեց նաեւ նախագահ Էբրահիմ Ռայիսին:
Իրանից եւ Ռուսաստանից եկած այս ազդակների պարագայում Սյունիքի ուղղությամբ պատերազմը զարգացնելն անգամ Ալիեւի համար շատ կլիներ: Բայց նաեւ, եթե նման հարված չլինի, ռուսական խաղաղապահները, թեեւ այլ իրավիճակում, բայց մնան Արցախում, այս դեպքում արդեն Նիկոլի համար է Հայաստանից ռուսական ուժերի դուրսբերման որոշումը դառնում շատ դժվար: Կարճ ասած, եթե նախօրեին կար մի պահ, երբ ի հայտ էին եկել սպասելիքներ, որ Նիկոլը կհայտարարի ՌԴ–ի հետ պայմանագրերը դադարեցնելու մասին: Սակայն քիչ անց, երբ խաղաղապահների միջնորդությամբ հրադադարի մասին հայտարարվեց, սկսեց աստիճանաբար գերիշխող դառնալ այն գաղափարը, որ արցախահայերն ու խաղաղապահները մնում են, Նիկոլը զանգահարեց Պուտինին:
Թե ինչ են խոսել, դժվար է միանշանակ ասել: Սակայն ելնելով երեկ կայացած Պուտին–Ալիեւ հեռախոսազրույցից, որոշ ենթադրություններ կարելի է կատարել: Այսպես, այդ հեռախոսազրույցի մասին հաղորդագրություններում այս դետալներն են ընդգծված: Նախ. «Վլադիմիր Պուտինն ընդգծել է Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների եւ անվտանգության ապահովման կարեւորությունը։ Հաստատվել է ադրբեջանական կողմի պատրաստակամությունը՝ այս հարցերի շուրջ փոխգործակցելու ռուս խաղաղապահների հետ»։ Ու եթե դա կյանքի կոչեն, ապա նշանակում է, որ Արցախում հայ բնակչություն եւ խաղաղապահներ պետք է լինեն: Եվ երկրորդը. «Պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել աշխատանքը բանակցային ուղու վրա՝ ամենաբարձր մակարդակով հայտնի եռակողմ պայմանավորվածություններին համապատասխան՝ առաջին հերթին տրանսպորտային կապերի ապաշրջափակման, ադրբեջանա–հայկական սահմանի սահմանազատման եւ Բաքվի ու Երեւանի միջեւ խաղաղության պայմանագրի նախապատրաստման առումով»։
Այսինքն, արցախյան թեման միանգամից տեղափոխվում է հայ–ադրբեջանական հարթություն՝ առաջնային խնդիր դնելով կոմունիկացիաների թեման: Կարճ ասած, որ կոմունիկացիաները պետք է գործարկվեն նոյեմբերի 9–ի պայմանավորվածությունների համաձայն, ինչին դեռ էն գլխից համառորեն դեմ են ամերիկացիները: Այսինքն, կարելի է ենթադրել, որ նաեւ Նիկոլի հետ Պուտինի հեռախոսազրույցում է այս հարցը եղել հիմնականներից մեկը: Ընդ որում, հաշվի առնելով այն գերխոցելիությունը, որը Հայաստանը ստացավ նիկոլյան այս բոլոր խաղերից հետո, կարելի է ենթադրել նաեւ, որ նոր խաղերի հարցում նիկոլյան ռեսուրսները դժվար թե բավականացնեն: Առավել եւս, երբ կա նաեւ գլխին կախված ներհայաստանյան այս համատարած անհանդուրժողականությունը, որը եկավ էլ ավելի նվազեցնելու ընդամենը մեկ շաբաթ առաջ նրա ստացած 9 տոկոս վարկանիշը:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ