Ինչո՞ւ Ալիեւը չգնաց իր համար ամենացանկալիին` Արցախի վերջնական հայաթափմանը
Վերլուծություն
Եվ այսպես, Արցախում ունենք այն, ինչ ունենք: Եվ ասել, որ դա սպասելի վերջաբան չէր, միամտություն կլիներ: Հիմա նիկոլական զանգվածը փորձում է մեկ թեզ տարածել՝ Արայիկին հանեցին, բակոյականները խլեցին իշխանությունը, եւ եղավ սա: Իսկ Արայիկը, ավելի ճիշտ՝ Նիկոլն այստեղից ի՞նչ էր առաջարկում. գնացեք Եվլախ՝ բանակցելու: Արդյունքը նույնն է, եւ մեծ հարց է՝ պատերազմելով Եվլախ գնա՞լն է ավելի ձեռնտու, թե՞ ոչխարի պես գնալը…
ԻՆՏՐԻԳԸ ԴԵՌ ՄՆՈՒՄ Է
Արցախի վերջի սկիզբը, իհարկե, դրվեց այն պահին, երբ նաեւ արցախյան համաձայնությամբ Նիկոլը 2020թ.–ի կեսերին վերջնականապես մերժեց «5+2» սցենարը, եւ դրանով անհույս պատերազմի հնարավորություն բացեց: Վերջի երկրորդ էական քայլը դարձավ Պրահայում Նիկոլի հայտարարությունը՝ «Արցախն Ադրբեջան է, եւ՝ վերջ» մոտեցումով: Բայց անգամ այսքանից հետո էր ակնհայտ, որ Արցախը դեռ այլընտրանք ունի. պետք էր ընդամենը պաշտոնապես Ռուսաստանին խնդրել՝ Արցախը վերցնել պրոտեկտորատի տակ: Բայց ո՛չ Արայիկը եւ ո՛չ էլ նրան փոխարինման եկածն այդ քայլը չարեցին, թեեւ նման ազդակներ քանիցս նաեւ Մոսկվայից էին ստացել՝ թե այլապես խաղաղապահները գործելու հիմք պարզապես չունեն:
Բայց այստեղ մեկ պահ եւս կա, որը չնկատել չենք կարող: Այս մեկօրյա պատերազմում Ալիեւի համար ամենաձեռնտու տարբերակը, իհարկե, Եվլախում, Շուշիում արցախցիների հետ, այն էլ` ռուսների մասնակցությամբ ինչ–որ հանդիպումների շարք սկսելը չէր: Ալիեւի համար շատ ավելի շահեկան կարող էր լինել Բաքվի առաջ քաշած նախնական տարբերակը. միջանցք են թողնում, եւ արցախահայությունը հեռանում է: Դա շատ հեշտ էր անել. կբացեին միջանցք, եւ բոլոր կողմերից հրետանիով արցախցիներին կքշեին այդ ուղղությամբ` դեպի Հայաստան, որն ուզած–չուզած պետք է նրանց ընդուներ: Դրանով Ալիեւը վերջնականապես կազատվեր արցախյան գլխացավանքից. «չկա մարդ, չկա որեւէ խնդիր»: Բայց չէ, մեկ օր հարձակվելով, նա գնաց ռուսների առաջարկած տարբերակով: Ու այստեղ, թերեւս, պետք է հիշել Պուտինի վերջին հայտարարություններից մեկը՝ Ալիեւն ինձ քանիցս խոստացել է, որ էթնիկ զտումներ չեն լինելու: Պե՞տք էր Ալիեւին այս տարբերակը. միանշանակ՝ ոչ: Ինչո՞ւ գնաց դրան, սա արդեն այս պահին արցախահայության համար հիմնական հարցերից մեկն է:
Հայաստանի իշխանամերձ «անկախ» քարոզիչները չհապաղեցին «բացատրել», թե դրանով Ալիեւը 120 հազար հայի պահում է պատանդի վիճակում՝ Հայաստանի վրա ճնշում գործադրելու համար: Սակայն պատերազմին որեւէ կերպ չմիջամտելով, Նիկոլը մեկ բան ցույց տվեց՝ կարող են այդ 120 հազար մարդու վրա բոլոր զենքերից կրակել, եւ դա իր վրա ազդեցություն չի ունենա: Իսկ Ալիեւը, ինչպես քանիցս ցույց տվեց, միամիտ մարդ չէ. եթե ներկա Հայաստանը թքած ունի այդ 120 հազար մարդու վրա, ուրեմն նրանք որպես պատանդ պիտանի չեն:
Նույն իշխանամերձ քարոզիչները, թերեւս հասկանալով, որ պատանդի վարկածը խախուտ է, այլ տարբերակ եւս առաջ տանում են: Թե, սա բլեֆ է, ազերիները (այլ վարկածով՝ ռուսների հետ պայմանավորված) մի երկու ամսում Արցախը կդատարկեն: Ու էլի աբսուրդ. եթե կարող էին այս պահին դատարկել, ինչու պետք է նախ նրանց Եվլախ կանչել, հետո մի երկու ամիս ինչ–որ մեխանիզմներ մոգոնեն եւ նոր միայն դատարկեն:
Ու գալիս ենք այս իրողությանը. Ալիեւի համար ձեռնտու էր այս պահին Արցախը լրիվ դատարկել, մեծ ցանկություն ուներ դա հենց հարձակման առաջին օրն անել, բայց մեկ օր անց համաձայնվեց Եվլախի տարբերակին: Ուրեմն, այդ մեկ օրվա ընթացքում ի՞նչ տեղի ունեցավ:
Հաջորդ փաստն այն է, որ հրադադարի որոշումը կայացվեց, եւ Եվլախի հանդիպումը տեղի ունեցավ ռուս խաղաղապահների միջնորդությամբ, որն ընդունում են բոլորը: Բայց ավելի ռեալ նայենք. ըստ նոյեմբերի 9–ի համաձայնագրով նախատեսված մանդատի, խաղաղապահները որեւէ տարբերակով նման միջնորդության, առավել եւս՝ Ադրբեջան–Արցախ բանակցություններ կազմակերպելու լիազորություն չունեն: Ու կարելի է կռահել, որ իրականում այդ որոշումը կայացվել է Մոսկվա–Բաքու ձեւաչափով, հաշվի առնելով նաեւ Նիկոլի հայտարարությունը, որ Հայաստանը դրան որեւէ մասնակցություն չի ունեցել: Այսինքն, ըստ ամենայնի, գործում է այն տարբերակը, որի մասին պարզ խոսեց նաեւ Նիկոլը: Այն է՝ Մոսկվա–Բաքու այդ պայմանավորվածությունները ենթադրում են, որ արցախահայերը պետք է մնան իրենց հողում, որն իրատեսական կարող է լինել միայն խաղաղապահների առկայության դեպքում: Կարճ ասած, պետք է նաեւ համաձայնվել Նիկոլի այն մտքի հետ, որ դրանով. «Տրամաբանորեն ենթադրվում է, որ եթե խաղաղապահները նման առաջարկություն են արել, դա ինքնին նշանակում է, որ նրանք ամբողջությամբ եւ այլեւս առանց վերապահումների ընդունել են ԼՂ–ի հայության անվտանգության ապահովման ամբողջական պարտավորությունը»:
ՊՐԱՀԱՅԻՑ ԵՎ ՍԵՓԱԿԱՆ ՍԽԱԼՆԵՐԻՑ ՀԵՏՈ ԱՐՑԱԽՆ ՈՒՆԵՐ ԵՐԿՈՒ ՏԱՐԲԵՐԱԿ
Արդյունքում, ստանում ենք այս պատկերը: Պրահայի հայտարարությունից եւ պաշտոնական Ստեփանակերտի կողմից Մոսկվային պրոտեկտորատի տակ վերցնելու դիմում չներկայացնելու արդյունքում արցախահայությանը մնացել էր ռեալ երկու տարբերակ: (Հաշվի առնելով նաեւ, որ երրորդ տարբերակը, որի մասին մի գլուխ խոսում էր Արցախի էլիտա ներկայացող տարրը՝ ի պատասխան պրոտեկտորատի մասին առաջարկների, թե՝ կմնանք, մինչեւ վերջին մարդը, կռվելով կմեռնենք, ինչպես եւ սպասվում էր, չաշխատեց. եղած զինամթերքը բավականացրեց ուղիղ մեկ օր): Առաջինը՝ լքել Արցախը, որը Նախիջեւանի օրինակով կդառնար վերջնական հայաթափում: Երկրորդը. ռուսների երաշխիքով մնալ իրենց հողի վրա՝ դառնալով Ադրբեջանի քաղաքացիներ, որը, սակայն, Արցախը հայկական պահելու միակ հնարավորությունն է: Իրոք, նման է, որ գործում է երկրորդ տարբերակը: Բայց դեռ առաջ չընկնենք. սա եղել եւ մնում է Ալիեւի համար անցանկալի սցենար: Թեկուզեւ այն պատճառով, որ այս իրավիճակում, բացի արցախահայերից, արդեն գործնականում Ադրբեջանի տարածքում պետք է մնան նաեւ ռուս խաղաղապահները: Ընդ որում, արդեն ոչ նոյեմբերի 10–ի պայմաններով, եւ նման խոստումներ, կրկնենք, Ալիեւը քանիցս տվել է Պուտինին:
Ուրեմն, ինչո՞ւ Ալիեւը գնաց իր համար ոչ լավագույն տարբերակին, ինչքան էլ որ դրանից հետո Ադրբեջանում նրան մեծարեն: Տրամաբանական միակ բացատրությունը կարող է լինել այն, որ հակառակ դեպքում Մոսկվան պարզապես կարող էր ստիպված լինել գնալ իր համար ռեալ վերջին քայլին՝ զենքով Արցախը պահելուն, ինչքան էլ որ դա Ռուսաստանի համար ներկա ծանրագույն իրավիճակն էլ ավելի սրող որոշում լիներ: Ու մի շարք միանգամայն հավաստի աղբյուրներ տեղեկացնում են, որ հենց դա է Մոսկվան զգուշացրել Ալիեւին:
ՍԱ ՆԱԵՎ ԻՍՐԱՅԵԼԻ ՍՐՏՈՎԸ ՉԷ
Այն, որ դեռ Եվլախի հանդիպումը չսկսված, իսրայելական «Նատիվ» հատուկ ծառայության նախկին ղեկավար, այն է՝ սեփական հայրենիքի օգտին աշխատող հայտնի քաղաքագետ Յակով Կեդմինը շտապեց արձագանքել, թե. «Հայ բնակչությունը չի կարող գոյատեւել ադրբեջանական իշխանության պայմաններում, նույնիսկ եթե Բաքուն ասի, որ ամեն ինչ լավ է լինելու։ Նույնիսկ եթե Ռուսաստանը համոզի Ադրբեջանին նոր համաձայնության գալ, դա չի կանգնեցնի Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ բացասական դինամիկան։ Հայերը չեն մնա Արցախի տարածքում ՝ ադրբեջանական պետության շրջանակներում», իր հերթին է մտածելու առիթ տալիս:
Իսրայելի համար, որն այս ամենի առանցքային դերակատարներից է, ինչպես եւ Ալիեւի, իհարկե, եթե հայերը, այդ հիմքով՝ ռուսները մնան, ամբողջ օպերացիան կդառնա ձախողված: Նրանց համար էականն այն չէ, թե որ էթնոսն է ապրում Արցախում, այլ այն՝ ռուսական զորքն այնտե՞ղ է, թե՝ ոչ: Հաշվի առնելով, որ եթե Մոսկվան այստեղ անգամ մեկ ռազմական հենակետ ունենա՝ սահմանափակ զինվորականներով, ապա անհրաժեշտության դեպքում հաշված ժամեր անց այդտեղ կարող են նաեւ տասնյակ հազարավոր ռուսներ հասնել: Առավել եւս, երբ այդ մեկ հենակետը օդանավակայանն է, իսկ հարեւանությամբ ծով կա, որտեղից ռուսները կարող են այդ օդանավակայանի դեմ հարձակումները գոնե մի քանի ժամով կասեցնել: Ու քանի դեռ կա այդ մեկ հենակետը, տարածաշրջանից ռուսներին ամբողջությամբ հանելու, եւ այստեղ Իրանի դեմ հարձակման պլացդարմ սարքելու ծրագրերը մնում են տեղապտույտի դեմ:
Կարճ ասած, Իսրայելից նաեւ Ալիեւին են հուշում, որ գոհ չեն: Բայց մյուս կողմից, հասկանալի է, պատահական չի կարելի համարել նախօրեին Նեթանյահուի հետ ունեցած Պուտինի հեռախոսազրույցը: Կան որոշ մեկնաբանություններ, որ այն ընթացել է նախազգուշացնող տոնայնությամբ: Բայց դա նաեւ հուշում է, որ Արցախում դեռ վաղ է խաղը համարել վերջնականապես ավարտված: Ալիեւը, իհարկե, դեռ կփորձի լկտի վարքագծով արցախահայերին տրամադրել, թե՝ հեռացեք: Ռուսները, թերեւս, կփորձեն իրավիճակը տանել հանդարտեցման: Մի խոսքով, արցախահայերի տառապալից օրերը դեռ կշարունակվեն: Սակայն ամեն ինչ կախված է ուժային բալանսից, եւ այս պահին բալանսը, միանշանակ, ռուս-իրանական տանդեմի օգտին է: Եվ որ նաեւ Իրանն այս օրերին սկսեց նախագահի մակարդակով խոսել արցախահայության իրավունքները պաշտպանելու մասին, պատահական չէ:
Եվ այստեղ է, որ առաջ է գալիս ամենապարզ հարցը. իսկ ինչպե՞ս հասկանալ, որ հայաստանյան որոշ ընդդիմադիր զանգվածներ անգամ խոսում են արցախահայությանը տարհանելու անհրաժեշտությունից, որը ձեռնտու է բացառապես Ալիեւին, Թուրքիային, Իսրայելին, ԱՄՆ-ին ու Բրիտանիային: Չնայած, սա էլ է պարզ, տեղական դավաճանները շարունակում են ագտիվորեն, Նիկոլին »տակից» ձայնակցելով, երկիրը ծախել:
Քերոբ Սարգսյան