Ում է պետք Արցախի ամբողջական հայաթափումը
Վերլուծություն
Եվ այսպես, սկսվել է մի գործընթաց, որն Արցախի համար կարող է վատթարագույնը դառնալ: Մարդիկ սկսել են հեռանալ դեպի Հայաստան: Երեկվա դրությամբ՝ մի քանի հազար մարդ, որը այսօր-վաղը կարող է բազմապատկվել:
ՆԻԿՈԼԸ ՍՐԵՑ ԽՈՒՃԱՊԸ
Արցախից հեռանալուն ինչ անուն էլ որ տանք՝ բռնագաղթ, թե արտագաղթ, ինչպես էլ որ ամեն մեկս մեզ արդարացնենք՝ մյուս բոլորին մեղադրելով, դրանից խնդրի էությունը չի փոխվում: Այն է, եթե հեռանան բոլորը կամ արցախահայության մեծ մասը, Արցախը կդառնա երկրորդ Նախիջեւան՝ վերջնականապես վերածվելով ադրբեջանական ինչ-որ գավառի: Այսինքն, այս պահին ամբողջ հարցը հենց դա է՝ քանի՞ մարդ կհեռանա Արցախից:
Ուրեմն` ի՞նչ կատարվեց, որ արցախցիները, ովքեր անգամ վերջին ռմբակոծությունների ժամանակ հրաժարվեցին Բաքվի առաջարկից՝ միջանցք բացել դեպի Հայաստան հեռանալու համար, հիմա սկսեցին հեռանալ: Լավ, եթե նպատակը հեռանալն էր, էլ ո՞րն էր Եվլախում եւ Շուշիում ադրբեջանական ներկայացուցիչների հետ նվաստացուցիչ հանդիպման իմաստը, որով Արցախի ղեկավարները պաշտոնապես ընդունեցին ազերիների պահանջները: Ու շատ պարզ հարց է առաջ գալիս. եթե պետք էր հեռանալ, ապա ավելի լավ չէ՞ր, որ դա արվեր առանց Արցախը պաշտոնապես պարտված ճանաչելու: Այսինքն, այդկերպ Արցախը կանվանվեր բռնազավթված տարածք, որն ապագայի հետ կապված որոշ հույսեր թողնում էր:
Եվս մեկ տարօրինակ դրվագ: Արցախի պաշտոնական աղբյուրները շարունակում են հայտարարել, որ գտնվում են ազերիների հետ գործնական պայմանավորվածությունների դաշտում: Ընդամենը նախօրեին տարածվեց նման պաշտոնական տեղեկատվություն.
«Ռազմական գործողությունների դադարեցման մասին ռուսական կողմի միջնորդությամբ Ադրբեջանի հետ սեպտեմբերի 20-ին ձեռքբերված պայմանավորվածության hամաձայն՝ ներկա դրությամբ իրականացվում են հետեւյալ աշխատանքները.
Պաշտպանության բանակի ստորաբաժանումների դուրսբերում մարտական դիրքերից ու տեղափոխում մշտական տեղակայման վայրեր՝ բանակի կազմալուծման աշխատանքներին զուգահեռ,
որոնողական աշխատանքներ զոհվածների ու անհայտ կորածների հայտնաբերման ուղղությամբ,
ծանր եւ ծայրահեղ ծանր վիրավորների ու հիվանդների տեղափոխում Հայաստանի բուժհաստատություններ՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ու ռուս խաղաղապահների ուղեկցությամբ,
Արցախ հումանիտար բեռների, բժշկական պարագաների, առաջին անհրաժեշտության ապրանքների եւ վառելիքի ներմուծում Գորիս-Ստեփանակերտ մայրուղով՝ ռուս խաղաղապահ առաքելության միջնորդությամբ,
սեպտեմբերի 24-ից էլեկտրաէներգիայի մատակարարման վերականգնման աշխատանքների մեկնարկ,
Արցախի եւ նրա ժողովրդի ապագայի շուրջ քաղաքական կոնսուլտացիաների կազմակերպում»:
Այսինքն, պաշտոնական Ստեփանակերտն անգամ այս վիճակում պնդում է, որ քննարկելու բան կա, որ «Արցախի ապագա» դեռ տեսնում է:
Ավելին, հրադադարի հաստատման օրը Նիկոլը հայտարարեց. «Այսօր՝ այս պահին մեր գնահատականն այն է, որ ԼՂ-ի քաղաքացիական բնակչությանը ուղիղ սպառնալիք չկա»: Ու նրա այդ հայտարարությունը համապատասխանում էր այն գնահատականներին, որոնք գալիս էին եւ դեռ գալիս են պաշտոնական Ստեփանակերտից: Դրանից հետո արձանագրվել են հետեւյալ փաստերը. Արցախ է մտել մեծ քանակությամբ սննդամթերք, վառելիք, լուծվել է էլեկտրաէներգիայի խնդիրը: Նաեւ պաշտոնական Ստեփանակերտը հերքել է այն բոլոր խուճապային կամ ֆեյքային հայտարարությունները, թե այստեղ մորթում են, այստեղ ջուրն են թունավորել եւ այլն: Այս ամենը մեկ բան է նշանակում. հրադադարի օրվա համեմատ արցախահայության կենսապայմանների հետ կապված որոշակի բարելավում: Տրամաբանորեն, դա պետք է էլ ավելի հիմնավորեր Նիկոլի համոզմունքը, թե՝ «ԼՂ-ի քաղաքացիական բնակչությանը ուղիղ սպառնալիք չկա»: Նաեւ հաշվի առնելով այն տեղեկատվությունը, որ նա պատրաստվում է հանդիպել Ալիեւի հետ՝ «խաղաղության պայմանագրի» թեմայով բանակցելու համար:
Բայց նման իրավիճակում ինչպե՞ս հասկանանք նույն Նիկոլի վերջին հայտարարությունը, թե. «Այսօր էլ Լեռնային Ղարաբաղի հայությունը էթնիկ զտումների վտանգի առաջ է … Հավանականությունը, որ Լեռնային Ղարաբաղի հայերն իրենց կյանքն ու ինքնությունը փրկելու միակն միջոց կտեսնեն հեռացումն իրենց հայրենիքից, չափազանց մեծանում է»: Ու ինչպե՞ս հասկանանք դիրքորոշման նման էական տեղաշարժը, այսինքն՝ կայուն տոնայնությունից տեղաշարժն այն դաշտ, որում ի սկզբանե մտել էր ԱՄՆ-ում գտնվող Արոն:
Արդյունքում, հաջորդ փաստն էլ այն է, որ հենց Նիկոլի այս ելույթին էլ հաջորդեց խուճապի էական ավելացումն արցախահայության մոտ եւ, որպես հետեւանք, շատերը սկսեցին մտածել ժամ առաջ հեռանալու մասին:
ՌՈՒՍՆԵՐԻՆ ՀԵՌԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄԻ ԱՄԲՈՂՋ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՐՔԵՑԻՆ
Ուրեմն, այս ի՞նչ տեղի ունեցավ: Ըստ քաղաքագետ Գագիկ Համբարյանի. «Նիկոլն ու իր թայֆան դիտավորյալ խուճապ են տարածում, որ հայաթափեն Արցախը, տարածելով կեղծ լուրեր, թե, օրինակ` Ստեփանակերտի ջուրը նավթոտված է եւ այլ տագնապալի կեղծիքներ... Նպատակը` Արցախում ռուսների գտնվելու իմաստը զրոյացնելը եւ ինքնավարկաբեկված ռուս խաղաղապահներին էլ ավելի հողին հավասարեցնելն է...»:
Ընդ որում, Արցախի ներսում եւս խուճապ տարածելու եւ սրելու դրվագներ եւ տարածողների պակաս չկա: Արդյունքում, երբ հեռանում է մեկ մարդ, նրան նայելով հեռանալ ցանկանում է երկուսը, ապա՝ չորսը, եւ այդպես շարունակ. սովորական դոմինոյի էֆեկտ: «Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերը կմեկնեն Հայաստան, քանի որ չեն ցանկանում ապրել Ադրբեջանի կազմում եւ վախենում են էթնիկ զտումներից»: Այս մասին «Reuters»-ին ասել է Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը: «Մեր ժողովուրդը չի ուզում ապրել Ադրբեջանի կազմում, 99,9%-ը նախընտրում է լքել մեր պատմական հողերը»,- նշել է Բաբայանը, այն դեպքում, երբ ժամանակին խոսում էր մինչեւ վերջ կանգնել-պայքարելու մասին: Իհարկե, կարելի է հարցնել, թե Բաբայանն այդ ի՞նչ սոցհարցումների կամ այլ ուսումնասիրությունների միջոցով է պարզել, որ ժողովրդի 99,9%-ը նախընտրում է հեռանալ հայրենի հողից: Հաշվի առնելով, որ այս օրերին մենք եւս առիթ ունեցել ենք զրուցել Արցախում գտնվող բազում մարդկանց հետո, որոնք միանշանակ պնդում են, որ դեմ են հեռանալուն, եթե անգամ Արցախն անցնի Ադրբեջանի կազմ: Բացատրությունը սա է. «Պետք է մնալ, մի կերպ դիմանալ, Արցախում հայկականությունը պահպանել, որ վաղը պայքարի նոր հնարավորություն ունենանք: Այլապես կդառնանք Նախիջեւան»: Կամ, օրինակ, Վիտալի Բալասանյանը հրապարակավ հայտնեց, որ չի պատրաստվում լքել իր ծննդավայրը. «Ես Արցախում ծնվել եմ, Արցախում ապրում եմ, Արցախում էլ ապրելու եմ»։ Նա նաեւ ավելացրեց. «Գնացողը գնում է, մնացողն էլ՝ մնում, նորմալ է»։ Այսինքն, հաստատ Բաբայանի ասած 99,9%-ը չկա:
Կարելի է նաեւ հարցնել, թե նույն Բաբայանն ավելի լավ չէ՞, որ վերջապես բացատրի` անցած աշնանը տեւական ժամանակ ինչո՞վ էր զբաղված ԱՄՆ-ում եւ թե այդ ի՞նչ «պայծառատեսությամբ» Արցախ վերադարձավ շրջափակմանը զուգահեռ: Բայց իմաստ չունի, քանի որ այստեղ խնդիրը Բաբայանով չէ, որ սահմանափակվում է: Բանն այն է, որ արեւմտյան այնպիսի առաջնային քարոզչական մեքենա, ինչպիսին է՝ «Reuters»-ը, իհարկե, չհապաղեց տիրաժավորել Բաբայանի խոսքը, թե՝ ողջ արցախահայությունը պատրաստվում է հեռանալ: Իսկ այն, որ դա եւ այս կարգի մնացած քարոզչական տրյուկներն էապես սրում են արցախյան «դոմինոյի էֆեկտը», դա էլ է փաստ:
Համբարյանը, իհարկե, միանգամայն տեղին է բացատրում, թե արցախահայությանը հեռացնելն ինչ իմաստ ունի՝ «Նպատակը` Արցախում ռուսների գտնվելու իմաստը զրոյացնելը»: Այսինքն, որպեսզի լուծեն ռուսական ուժերին Արցախից հեռացնելու հարցը, կազմակերպված կերպով փորձում են ավարտին հասցնել մի իսկական ցեղասպանություն: Հաջորդը, ո՞ւմ է պետք ռուսներին հեռացնելը: Այս հարցի պատասխանը, թերեւս, ունեն բոլորը: Մեկ այլ հարց. իսկ ի՞նչ է լինելու, եթե ռուսները, լավն են նրանք, թե՝ վատը, հեռանան Արցախից: Սրա պատասխանն էլ է աչքի առաջ. Նիկոլն իր վերջին ելույթում գրեթե բաց տեքստով սկսեց խոսել, որ նաեւ Հայաստանից ռուսական ուժերին հեռացնելու եւ ՌԴ-ի հետ առնվազն ռազմական բնույթի բոլոր կապերը խզելու հարցը կարող է վերջապես բերել օրակարգ:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ