«Զանգեզուրի միջանցքն» իրոք դառնում է հաջորդ քայլը
Վերլուծություն
Իհարկե, նիկոլյան խունտան շարունակում է Արցախ-Հայաստանի շուրջ ստեղծված այս իրավիճակի հետ կապված բոլորին մեղադրել, թեեւ հազիվ թե որեւէ ողջամիտ մարդ չգիտակցի, որ պատճառը Պրահայում Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելն էր: Եվ միայն այն, որ այս ամենից հետո Նիկոլը պատրաստվում է նույն՝ արեւմտյան ձեւաչափով շարունակել «բանակցել» Ալիեւի հետ, այս անգամ իսպանական Գրանադայում, գալիս է հուշելու, որ Արեւմուտքը շտապում է ժամ առաջ խաղը հասցնել ավարտին: Թերեւս նաեւ գիտակցելով, որ Նիկոլին պահելու ռեսուրսը շատ մեծ չէ, իսկ ընդդիմությունը բացահայտ խոսում է իշխանության գալու դեպքում «Պրահայի գործընթաց», այն է՝ «Բրյուսելի ձեւաչափ» կոչվածից հրաժարվելու, ՌԴ-Իրան առանցքի հետ ռեալ համագործակցելու մասին: Իսկ այդ դեպքում հայ-ադրբեջանական գործընթացը, ավելի կոնկրետ` այն ամենը, որ մնացել է Արցախից հետո, բայց պետք է լուծում տալ, այդ թվում՝ կոմունիկացիաները հարցը ՌԴ-Իրան թեւի հետ համագործակցությունից բխող տրամաբանություն կարող է տեղափոխվել:
Այսպիսով, այն, որ Նիկոլից էլ առաջ ընկած, բրիտանական MI-6-ի այցելու, ԱԽՔ Արմեն Գրիգորյանն այսօր մեկնում է Բրյուսել, որտեղ ծրագրված է հանդիպում Մակրոնի, Շոլցի եւ Շառլ Միշելի խորհրդականների ու Ադրբեջանի նախագահի օգնական Հ. Հաջիեւի հետ՝ Գրանադայի հանդիպումը նախապատրաստելու անվան տակ, գալիս է հուշելու, որ նիկոլյան թիմը շարունակում է այսքան աղետների պատճառ դարձած «Պրահայի հարվածին» ավելացնել Հայաստանին ուղղված եւս մեկ ծանր հարված: Նույն ազդակը ստացվեց նաեւ Սիմոնյան Ալենից, ով Հանրային հեռուստաընկերության եթերում նախօրեին հայտարարեց. «Անձամբ ես կարծում եմ, որ մենք շատ մոտ ենք եւ պատմական հնարավորություն ունենք՝ կնքել խաղաղության պայմանագիր, եւ ուզում եմ ասել, որ մեզ համար առաջնային է այս ճանապարհների բացում, եւ Հայաստանը բաց է տրամադրել ճանապարհ եւ նույնիսկ երկաթուղի... Շատ կուզենանք , որ Գրանադայում քայլ անենք առաջ, պատմական շանսն օգտագործենք, հավերժ պատերազմը ոչ մեկին ձեռք չի տալիս»,- ասաց նա:
«Հայաստանը բաց է տրամադրել երկաթուղի»: Սրանով, իհարկե, արդեն իսկ պարզ է, թե հանուն ինչի է արեւմտյան ցուցումներով առաջ մղվող այդ «խաղաղության պայմանագիրը»: Առավել եւս, որ Էրդողանն ու Ալիեւն այդ մասին արդեն անգամ առանց թաքցնելու են խոսում: Եվ այս առումով, իհարկե, պատահական չէ, որ իրենց հերթական հանդիպման վայրն ընտրել էին Նախիջեւանը: Իհարկե, կարող էին այս անգամ էլ պատերազմի տարբերակն ընտրել, բայց դա արդեն դարձել է շատ վտանգավոր:
Այսպես, Իրանից, այս անգամ՝ Պաշտպանության նախարարությունից եկավ հերթական նախազգուշացումը՝ չի հանդուրժի տարածաշրջանում միջազգային սահմանների որեւէ փոփոխություն: «Մենք հայտարարել ենք, որ թույլ չենք տա սահմանների որեւէ փոփոխություն տարածաշրջանում։ Մեր որոշ սահմանակետերում ցանկացել են փոփոխություններ մտցնել, բայց չեն համարձակվել եւ չեն համարձակվի»,- ասել է ԻԻՀ ՊՆ մամուլի քարտուղար, գեներալ Ռեզա Թալաինիկին: Ընդ որում, այս անգամ տոնայնությունն ավելի կոշտ է. իրանցի գեներալը մանրամասնել է, որ երբ Իրանն ասում է, որ սահմանները չպետք է փոխվեն, դա նշանակում է, որ նա հենվում է որոշակի հիմքի վրա, օրինակ՝ իր ռազմական հզորության: Ընդ որում, Ռեզա Թալաինիկիից առաջ էլ Իրանի բանակի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Կյումարս Հայդարին էր հայտարարել, որ իրենք տասը բրիգադ են տեղակայել կրիտիկական սահմանային շրջաններում, ներառյալ Հայաստանի եւ Ադրբեջանի մոտ գտնվող շրջաններում՝ «Թշնամիներին դիմակայելու համար»:
Այս ֆոնին, հասկանալի է, պատահական չէ նաեւ ռուս-իրանական շփումների ներկա ակտիվացումը, այդ թվում՝ Շոյգուի եւ Լավրովի Իրան կատարած այցի մակարդակով: Ընդ որում, այս այցերի եւ այլ նման միջոցառումների շրջանակներում կտրուկ ակտիվացվում են ռուս-իրանական հարաբերություններն ինչպես քաղաքական, այնպես էլ ռազմական ուղղություններում, որը ոչ միայն Ալիեւին, այնպես էլ Էրդողանին, իհարկե, պարտադրում են չգնալ ուղիղ բախման:
Բայց այդ բախման կարիքը չի էլ լինի, եթե դիմեն փորձված տրյուկին: Այսինքն, եթե Ալենի ասածի պես, Նիկոլը գնա, պայմանագիր ստորագրի, թե համաձայն եմ Մեղրիի ճանապարհը բացել, ապա ով ինչ կարող է ասել: Առավել եւս, որ այն կներկայացվի «խաղաղության պայմանագրի» սոուսով եւ փաթեթավորմամբ, թե «Հայաստանի սուվերենությունը պաշտպանվում է»: Միայն թե այն, որ իրականում Հայաստանն այդքան կարեւոր ուղին սեփական ուժերով վերահսկելու ոչ մի շանս չունի, դա կմղեն աչքից հեռու:
Մինչդեռ հենց դա է ամենակարեւորը: Առհասարակ, այդ ճանապարհին կտրվի «Զանգեզուրի միջանցք», թե պարզապես՝ միջպետական ուղի անվանումը, կախված է մեկ հարցից՝ ով է իրականացնելու դրա աշխարհաքաղաքական վերահսկողությունը (չշփոթել ֆիզիկական վերահսկողության հետ): Ընդ որում, անկախ այն բանից, թե դա հիմնավորող փաստաթղթերում, պայմանագրերում ինչ է գրված, եւ մասնավորապես Հայաստանն իր թղթային իրավասություններն ունի: Եվ այն, որ ներկա իրավիճակում նման վերահսկողության հայտ է ներկայացրել մի կողմից՝ ռուս-իրանական դաշինքը, մյուս կողմից՝ թուրք-ազերիական տանդեմը՝ անգլոսաքսոնիզմի հովանավորությամբ, գիտակցում է ամեն մի նորմալ մարդ:
Ու հիմա նման է նրան, որ Արեւմուտքը փորձում է վերջին պահին Հայաստանում զրոյական վարկանիշ ունեցող Նիկոլին տանել Գրանադա ու այնպես, ինչպես Պրահայում, պարտադրել ստորագրություն դնել մի փաստաթղթի տակ, որի վերջնարդյունք կարող է դառնալ այդ կոմունիկացիաների աշխարհաքաղաքական վերահսկողությունը Թուրքիային տալը: Ընդ որում, նման իրավիճակում ռուս-իրանական դաշինքն իրավիճակը փոխելու հարցում խնդրի առաջ է կանգնում. նրանց առաջ կդրվի նման մի տրամաբանություն՝ ինչ պարտադրանք, ինչ սպառնալիք, Հայաստանի սուվերեն իրավունքն է, եւ ինչ ուզում, դա էլ ստորագրում է, ձեզ ինչ:
Դրանից հետո, եթե անգամ Նիկոլին հարկ լինի Հայաստանից «թռցնել», նոր իշխանությունները, ովքեր կգան նրան փոխարինելու, արդեն կաշկանդված կլինեն նրա ստորագրած փաստաթղթերը չեզոքացնելու հարցում: Ու հենց դա էլ անոնսավորեց Ալենը:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ