Հայաստանի գլխին ինչ կբերի Նիկոլի «խաղաղության պայմանագիրը»
Վերլուծություն
Արցախյան իրադարձությունների ֆոնին (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=266128&l=am), Հայաստանի հետ կապված` իրավիճակը մնում է նույնքան «տարօրինակ»: Մի կողմից, Նիկոլը խոսում է «էթնիկ զտման եւ հայրենազրկման» մասին, որ ոչ մեկը չօգնեց՝ դա կանխել: Մյուս կողմից, հենց այդ «էթնիկ զտման եւ հայրենազրկման» պահին իր էմիսարներին ուղարկում է այդ չօգնողների մոտ, որ նրանց միջնորդությամբ «էթնիկ զտում եւ հայրենազրկում» անողների հետ բանակցեն:
Այս, մեղմ ասած, «տարօրինակության» պատասխանը, հասկանալի է, Նիկոլի «գրպանում դրված է». բա պետք է, չէ՞ բանակցել, որ Հայաստանը եւս պատերազմի մեջ չհայտնվի: Ու կարծես թե նման է, որ ամենամոտ ապագայում այդ «բացատրությունը» տրանսֆորմացվելու է հետեւյալին՝ պետք է, չէ պայմանագիր ստորագրել, որ վաղը հանկարծ Սյունիքը չկորցնենք:
Այսպիսով, ինչպես արդեն ենթադրություն հայտնելու առիթ ունեցել ենք, ամեն բան գնում է նրան, որ իսպանական Գրանադայում կդրվեն «խաղաղության պայմանագրի» այն վերջնականը, որը Հայաստանին ոչ հեռու ապագայում տանելու է միանգամայն կանխատեսելի ապագայի:
Չէ, դժվար թե այդ պայմանագրում առաջին հայացքից դատապարտելի որեւէ բան լինի: Անգամ, ըստ արժանահավատ անձանց, կա հավանականություն, որ Ադրբեջանը կհամաձայնի անկլավների հարցը լուծել փոխանակումների միջոցով, ներառյալ Արծվաշենը: Ավելին, այն կարծիքին ենք, որ միանգամայն լուրջ պետք է վերաբերել նաեւ Հաջիեւի վերջին հայտարարությանը, թե՝ Ադրբեջանը մտադիր չէ ռազմական գործողություններ սկսել Հայաստանի հարավային հատվածում միջանցք բացելու համար, այլ ցանկանում է ընդամենը Հայաստանի տարածքով Նախիջեւանի հետ տրանսպորտային կապ ստեղծել. «Մենք ցանկանում ենք խաղաղ տրանսպորտային կապեր ունենալ Հայաստանի հետ»: Վերջապես, նույն տրամաբանական ոճի մեջ է տեղավորվում նաեւ Էրդողանի հայտարարությունը, որ եթե Հայաստանը ճանապարհը չբացի, իրենք Իրանի միջոցով կապ կհաստատեն: Այսինքն, թե Ադրբեջանն ու Թուրքիան միայն առաջարկում են, որը նաեւ Հայաստանին ձեռնտու կլինի: Չեք ուզում, Իրանի հետ կանենք: Բայց հենց այստեղ է թակարդը…
Այն, որ թուրք–ազերիական տանդեմը սկսել է հեռանալ միջանցքային բառապաշարից եւ փորձում է խոսել Հայաստանի սուվերենության, տարածքային ամբողջականության ու կոմունիկացիոն շահերի մասին, դրանում պարզ տրամաբանություն կարելի է գտնել: Վերջին հաշվով հասկանանք, թե ի՞նչն է «միջանցքը» տարբերում սովորական ճանապարհից: Տրադիցիոն իմաստով «միջանցքի» դեպքում Ադրբեջանը կարող է ինչ–որ բեռ բարձել վագոնները, որը Հայաստանը պարտավորված կլինի անարգել եւ առանց սահմանային ընթացակարգերի (տրանզիտային վճար եւ այլն) թողնել դեպի Նախիջեւան եւ հակառակը: Սակայն այս դեպքում թուրք–ազերիական տանդեմի ամենամեծ խնդիրը ոչ թե տրանզիտային վճարն է (Հայաստանն էլ կվճարի, եթե իր բեռներն ուզում է անցկացնել, օրինակ, Նախիջեւանուվ), այլ որ բեռն անարգել անցնի: Թուրք–ազերիների խնդիրն անարգել անցումն է, որի դեպքում պետք է բացառվի որեւէ այլ աշխարհաքաղաքական վերահսկողություն: Եվ եթե այդ անարգել եւ անվերահսկելի անցման գաղափարը դրվի «խաղաղության պայմանագրում», այսինքն, Հայաստանը, ասենք նաեւ՝ Ադրբեջանը նման պարտավորություն ստանձնեն, դա թուրք–ազերիների համար հենց նույն «միջանցքն» է: Այսինքն, կարող են (ապագայում, երբ ճանապարհ կառուցվի) Անկարայում ինչ–որ քաղաքացիական բեռ բարձել, եւ այն կհասնի թյուրքական աշխարհի ամենածայրերը: Կարող են նաեւ ռազմական բեռ բարձել, եւ նման պայմանագրով անարգել տրանզիտի պայմանավորվածության պարագայում դա եւս Հայաստանը չի կարող արգելել: Սա է պետք թյուրք–ազերիական տանդեմին, եւ ենթադրվող «խաղաղության պայմանագրով», որը վերջնականապես օրակարգից հանում է նոյեմբերի 9–ի համաձայնագրի 9–րդ կետը, այդ խնդիրը կլուծվի:
Իսկ Նիկոլը կկարողանա հպարտորեն ասել՝ երկաթուղին մեր ինքնիշխանության տակ է, մենք դրա հաշվին փող ենք աշխատում, տնտեսությունը կզարգացնենք, եւ բոլորը նրան կծափահարեն: Հետո, եթե թուրք–ՆԱՏՕ–ական ռազմական բեռները հասնեն, օրինակ, Չինաստանի թյուրք ույղուրների գոտի, մե՞զ ինչ:
Գումարած, այս մեխանիզմի դեպքում իրանցիներն ու ռուսները բողոքել չեն կարող. «խաղաղության պայմանագիր» է, հարեւաններն իրար հետ կապեր են հաստատում, ձեր ի՞նչ գործն է:
Սակայն Հայաստանի խնդիրն այստեղ այլ է: Նման հարեւանության դեպքում քանի՞ տարի է պետք, որ Թուրքիան տնտեսական էքսպանսիա սկսի Հայաստանում, առավել եւս, երբ Ադրբեջանից հետո կլուծվի նաեւ Թուրքիայի հետ «հաշտության» հարցը: Այո, ամիսներ անց էքսպանսիան կսկսվի: Առավել եւս, երբ այդ երկու պայմանագրերից հետո Նիկոլը նաեւ կհայտարարի. հիմա խաղաղության դարաշրջան է, Հայաստանը պաշտպանության կարիք չունի, շնորհակալություն ռուսներին, որ այսքան ժամանակ մեր արեւմտյան սահմանը պաշտպանեցիք, հիմա խնդրում ենք՝ հեռանալ: Կհաջորդի նաեւ ԵՏՄ–ից եւ ՀԱՊԿ–ից դուրս գալը, եւ վերջ, թուրքական էքսպանսիան պատրաստ է: Իսկ այդ դեպքում քանի՞ տարի է պետք, որ Հայաստանը հայտնվի Աջարիայի վիճակում: Մի 10 տարուց քանի՞ հայ կլքի երկիրը՝ կանգնելով թուրք–ազերի գործատուի մոտ աշխատանք ստանալ–չստանալու հրամայականի առաջ: Դրանից հետո քանի՞ թուրքի ՀՀ քաղաքացիություն կտան: Իսկ քանի՞ տարի է պետք, որ թուրքական տարրն այստեղ գերիշխող դառնա, թեեւ անունը կմնա Հայաստան…
Դրա փոխարեն, ինչ է, Ալիեւը հիմա պետք է կռի՞վ սկսի, որ Իրանը, ՌԴ–ն միջամտեն, չգիտես ինչ հետեւանքների հասնեն: Բա դա նրան այս փայլուն իրավիճակում պե՞տք է:
Ահա, այն միանշանակ ուղին, թե ուր է մեզ տանելու նման «խաղաղության պայմանագիրը»:
Այլընտրանքը ռուս–իրանական առանցքն է: Մնացածը հայ ժողովրդի որոշելիքն է:
Կա նաեւ այն հարցը, թե Իրանն ու ՌԴ–ն, ասենք, նաեւ Չինաստանը կընդունե՞ն նման հեռանկարը:
Կա նաեւ այլ հարց. Իսկ ԱՄՆ–ն կցանկանա՞ նման մեծ հեռանկարներ տալ կամակոր Անկարային, թե՞ կնախընտրի հայաստանյան խաղը շարունակել առաջին դեմքով: Այստեղ էլ լուրջ մտածելու բան կա:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ