ԱՄՆ-ն կարո՞ղ է երկար ժամանակով ամրապնդվել Հայաստանում
Վերլուծություն
Իհարկե, Ալիեւը մի կողմից ճոխ հեռանկար կարող է սպասել, եթե հնարավոր դառնա Թուրքիայի մասնակցությամբ «Զանգեզուրի միջանցք» բացել՝ այդ բառի ամենաուղիղ իմաստով (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=266446&l=am): Սակայն բացի նրանից, որ դա պատերազմական հեռանկար է խոստանում, կա մեկ այլ հարց եւս. իսկ ԱՄՆ-ն, եթե իր վերահսկողությամբ հասնի «խաղաղության պայմանագրի», կցանկանա՞ ողջ վերահսկողությունը փոխանցել Թուրքիային:
«Զանգեզուրի միջանցքով», ճիշտ է, շատ մեծ է դառնում մինչեւ Չինաստան եւ Ռուսաստանի արեւելքը հասնող թյուրքական աշխարհ ստեղծելու տեսլականը: Բայց եթե Անկարային հանկարծ հաջողվի նման համակարգ ստեղծել, մեծ հարց է, թե կցանկանա՞ առաջ տանել ամերիկյան քաղաքականությունը: Իսկ եթե դրա փոխարեն Անկարան նախընտրի, օրինակ, սերտ համագործակցություն ստեղծել Չինաստանի հետ, չէ՞ որ այդ դեպքում ԱՄՆ-ն կհայտնվի կրակից Թուրքիայի համար շագանակ հանողի դերում:
Այն, որ ԱՄՆ-ն մտադրվել է Հարավային Կովկասում սեփական գերիշխանությունը հաստատել՝ առանց օգտվելու Թուրքիային «տեղապահ կարգելու» տարբերակից, վերջին ժամանակներս հաճախ են պնդում նաեւ իրանական տարբեր աղբյուրները: Օրինակ, իրանական բանակին մոտ կանգնած աղբյուրն ահա այսպես է տեսնում Հարավային Կովկասում իրադարձությունների հնարավոր զարգացումների սցենարը.
«ԱՄՆ-ի, ապա եվրոպական այլ երկրների մուտքը կովկասյան տարածաշրջան, հատկապես Հայաստանի, ունի մեկ իմաստ՝ խաղի կամ տարածաշրջանի երկրների դերախաղի ավարտը: Այս ներկայությունը մի կողմից նշանակում է Հարավային Կովկասի տարածաշրջանում Թուրքիայի դերի եւ Թուրանի միջանցքի կամ Մեծ Թուրքեստանի ձևավորման մասին մտացածին պատմությունների ավարտը… Թուրքիան, որպես ՆԱՏՕ-ի անդամ, միշտ վայելել է ԱՄՆ-ի աջակցությունը՝ հարավկովկասյան տարածաշրջանի անվտանգությունը խաթարելու, Զանգեզուրի կամ Սյունիքի միջանցք ստեղծելու եւ Իրանի կապը Ռուսաստանի հետ (Հյուսիս-հարավ առանցքը Կովկասում) խզելու համար: Այդպիսի աջակցության միջոցներից է մի քանի վարկերի տրամադրումն այս երկրին՝ Թուրքիային տնտեսական կոլապսից փրկելու համար: Բայց երբ Ամերիկան ներկա է Հայաստանում, Թուրքիայի խաղն անիմաստ է, եւ նման միջնորդի կարիքն այլեւս չկա…»:
Աղբյուրն այն կարծիքին է, որ Թուրքիայի տատանողական խաղերից խուսափելը եւ բացառապես սեփական շահը հետապնդելը Վաշինգտոնը պարզապես պարտադրում է՝ Հայաստանում վերահսկողություն իրականացնել այլ միջնորդի միջոցով: Եվ այն, որ այս պահին նկատվում է Ֆրասիայի գերակտիվացում Հայաստանում, այդ թվում՝ տարբեր աղբյուրներ խոսում են այստեղ ֆրանսիական բազաների տեղակայման ծրագրերի մասին, իհարկե, որոշակի հիմքեր ունեն:
Ընդ որում, նույն իրանական աղբյուրն այն կարծիքին է, որ դա նաեւ Ալիեւի համար է դարձել լուրջ խնդիր. «Հայաստանում Ամերիկայի ներկայության կայունացումը, ըստ էության, կնշանակի Հայաստանը դարձել է ՆԱՏՕ-ի նոր ոչ պաշտոնական անդամ: Սա Թուրքիայի ամենասարսափելի մղձավանջն է, որ Հայաստանից հետո Բաքուն կանցնի Ամերիկայի կողմը… Այժմ, երբ ընթանում է ՆԱՏՕ-ի մուտքն ու կայունացումը Հայաստանում, գնդակը Ալիեւի դաշտում է, եւ, ինչպես երեւում է, նա պետք է որոշի՝ շարժվել դեպի արեւե՞լք, թե՝ գրկել Արեւմուտքին…»:
Միանգամայն հավանական սցենար է: Սակայն, եթե ընդունենք, որ այս մեխանիզմն է աշխատում, այս դեպքում կա այն հարցը, թե միայն Նիկոլի հաշվին գործելով, Վաշինգտոնը ռեալ շանսեր ունի՞ Հայաստանը երկարաժամկետ հեռանկարով սեփական հենակետը դարձնելու համար: Փաստը, որ ԱՄՆ-ն, թեկուզեւ դեռ միայն 45-օրյա ժամկետով կանգնեցրեց Ուկրաինայի ֆինանսավորումը, անկախ դրա բուն պատճառներից, շատ ռիսկային է Արեւմուտքի համար: Այս իրավիճակում, Կիեւի ռեզերվները բավական կլինե՞ն, որ այս պահին կարողանան կանգնեցնել ռուսների ճնշումները, որոնք, եթե դատենք ռազմական իրավիճակից, ամենամոտ ժամանակներս կարող են բազմապատկվել: Ընդ որում, հասկանալի է, թե նաեւ կովկասյան տարածաշրջանի վրա ինչ ազդեցություն կունենա, եթե ռուսական ուժերին հաջողվի քիչ թե շատ լուրջ նոր հաջողություններ արձանագրել մարտադաշտում, ինչն այս պահին դառնում է շատ իրատեսական:
Մյուս կողմից, հիշեցնենք, ԱՄՆ-ին այդպես էլ դեռ չի հաջողվել Արցախից դուրս մղել ռուսական կոնտինգենտը, որն անհրաժեշտության դեպքում կարող է արագորեն բազմապատկվել՝ ի հաշիվ օդանավակայանի: Ռուսական զինուժը, անկախ նիկոլյան քարոզարշավի, իր հերթին դեռ մնում է Հայաստանում: Ընդ որում, դեռ մեծ հարց է, թե նիկոլյան թիմը ռուսական ռազմաբազան հանելու պաշտոնական պահանջ կներկայացնի՞ Մոսկվային, եւ ո՞րը կլինի արձագանքը: Գումարենք նաեւ Իրանին, որն էապես անհանգստացած է իր հյուսիսում ՆԱՏՕ-ական բազաներ ունենալու հեռանկարից:
Արդյունքում, թեեւ շատ նման է, որ ՆԱՏՕ-ն փորձում է հիմնավորվել Հայաստանում, բայց նաեւ չմոռանանք, որ փորձում էր հիմնավորվել նախ՝ Ղրիմում, ապա՝ ողջ Ուկրաինայում, եւ ունենք այն, ինչ ունենք:
Որպես պատմական օրինակ էլ` կարող ենք հիշել 1920թ.-ը, երբ այն ժամանակվա ՆԱՏՕ-ն՝ Անտանտն էր փորձում հիմնավորվել Հայաստանում: Վերջում ի հայտ եկավ բրիտանական նավերը լեռներ չբարձրանալու եւ հայ դե Փարիզի պատմությունը:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ