ՌԴ-ին Հայաստանից հեռացնելու վերջին փուլի մեկնարկը տրվեց
Վերլուծություն
ՌԴ-ից եկած հերթական հայտարարությանը, այս անգամ՝ Լավրովի կողմից արված, թերեւս, Նիկոլը հազիվ թե աչքաթող անի: Ամեն դեպքում, ազդակը միանշանակ է եւ լուրջ մտորումների տեղիք է տալիս: Խոսքը Լավրովի այն մտքի մասին է, թե՝ «Ես, այնուամենայնիվ, հույս ունեմ, որ այն կապերը, որոնք դարեր շարունակ գոյություն են ունեցել ռուս եւ հայ ժողովուրդների միջեւ, ոչ մի ժամանակավոր վարչակազմ չի կարող խաթարել»։
ԼԱՎՐՈՎԻ ՍՊԱՌՆԱԼԻՔԸ
Իհարկե, կարելի է նաեւ այսպես ընկալել Լավրովի խոսքը: Թե, առհասարակ, բոլոր վարչակազմերն անցողիկ են, ու դրանցից ոչ մեկը չի կարող խաթարել ժողովուրդների դարավոր կապերը: Բայց նաեւ ակնհայտ է, որ դիվանագիտական տոնայնության տակ նա նկատի է առնում հենց նիկոլյան վարչակազմը: Հենց վարչակազմ եւ ոչ թե դաշնակից երկրի իշխանություն: Սակայն այդ արտահայտության մեջ ամնաէականը, թերեւս, «ժամանակավոր» տերմինն է: Այսինքն, այդ «ժամանակավորի» տակ պետք է հասկանալ գործունեության մեխանի՞զմ, թե՝ քեզ ամեն գնով հեռացնելու ենք: Թե՞ սա մի վերջին նախազգուշացում է, ավելի կոնկրետ՝ սպառնալիք է՝ եթե այդ տեմպերով շարունակես, քեզ ամեն գնով հեռացնելու ենք: Կարող են, թե՝ ոչ, դա մյուս հարցն է, խոսքն այդ մասին չէ: Այլ նրա, որ նշված տարբերակներից որ մեկն էլ որ իրականում դրված է այդ հայտարարության տակ, մեկ է, նման իմաստ եւս այնտեղ կա: Այս է՝ Նիկոլի իշխանությունը Մոսկվան ցուցադրաբար ընկալում է, որպես «ժամանակավոր վարչակազմ»՝ դրանից բխող բոլոր հետեւություններով հանդերձ:
Տերմինների նման գերկոշտացումը մեկ բան եւս նշանակում է. Մոսկվայում սկսել են շատ ավելի ռեալ նայել այն իրողություններին, որոնք կառաջանան, եթե հայաստանյան այս խաղը իրենք տանուլ տան: Իսկ դա նշանակում է, որ խաղը տանուլ տալու ռեալ վտանգ այնտեղ սկսել են տեսնել: Չմոռանանք, երկար տարիներ ռուսական էլիտաների մեջ կար նաեւ այն վտանգավոր տեսակետը, թե Հայաստանն է, ո՞ւր կարող է մեզանից հեռանալ, գնալու տեղ պարզապես չունի: Ու հիմա արդեն պարզ է, որ ինչպես ԱՄՆ-ն, այնպես էլ Եվրոպան, էլ չասած՝ Թուրքիան մեծ ախորժակով են նայում Հայաստանին: ԱՄՆ-ն ու Եվրոպան ցանկանում են սեփական վերահսկողությունը սահմանել: Նույնը՝ Թուրքիան, բայց նաեւ պատրաստ լինելով հնարավորություն դեպքում առհասարակ «կուլ տալ» Հայաստանը: Իսկ ներկայիս Հայաստանը կարող է նետվել դեպի ԱՄՆ եւ Եվրոպա, կարող է փորձել լեզու գտնել Թուրքիայի հետ: Ճիշտ է, ծախելով սեփական անցյալը, ճիշտ է, մեծ մահացու վտանգի ենթարկվելով, Առաջին հանրապետության տխուր ճակատագիրը կրկնելու մեծ հավանականությամբ: Եվ որ տարբերակն էլ որ ընտրի, դա Ռուսաստանից հեռանալ է նշանակում, այն է՝ ռուսական էլիտաների նշված տեսակետի ձախողում: Եվ մեծ հարց է, թե 1920թ.-ի օրինակով այս անգամ Մոսկվային կհաջողվի՞ «11-րդ Կարմիր բանակի» միջոցով Հարավային Կովկասը, այդ թվում՝ Հայաստանն ու Արցախն իր ուղեծիր վերադարձնել: Թե՞ այս անգամ կարող է Գյուլիստանի եւ Թուրքմենչայի պայմանագրերը դառնան առ ոչինչ:
ՌՈՒՍ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ ԵՆ
Վտանգը, հատկապես Արցախն ադրբեջանական վերահսկողության տակ անցնելուց հետո, սկսել են շատ պարզ տեսնել նաեւ ռուսական փորձագիտական շրջանակները: Աղբյուրներից մեկն ահա այսպես է տեսնում այն հետեւանքները, որոնք առաջանում են Արցախն ազերիներին հանձնելուց հետո. «Ինչպե՞ս կարող է խորապես մեկուսացված գոտում տեղայնացված անկլավի մասին պատմությունն ավելի լայն ազդեցություն ունենալ ուժերի գլոբալ հավասարակշռության վրա: Եթե նայեք Ղարաբաղի քարտեզին, լոգիստիկ տեսանկյունից, ով վերահսկում է Ղարաբաղի բարձունքները, պոտենցիալ գերիշխում է Իրանի հետ սահմանի բավականին զգայուն հատվածում…
Մասնավորապես՝ «Զանգեզուրի միջանցքը», որն ուղղակիորեն կապում է Ադրբեջանը Թուրքիայի հետ։ Սա վաղուց խզված կապ է, որը երկու թյուրքական երկրները ձգտում են վերականգնել: Բանն այն է, որ «Զանգեզուրի միջանցքը» Արեւելք-Արեւմուտք ավելի երկար ճանապարհի մի հատված է, այսպես կոչված, «Միջին միջանցքը», որը Կենտրոնական Ասիայի թյուրքական հանրապետությունները կապելու է հենց Թուրքիայի հետ Ադրբեջանի միջոցով։ Զարմանալի չէ, որ Բայդենը հանդիպում է ունեցել Կենտրոնական Ասիայի երկրների նախագահների հետ «5+1» ֆորումի շրջանակներում։ Խոսքը Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի մասին է։ Բայց հենց որ աշխարհագրորեն ավելանում են Ադրբեջանը, Հայաստանը եւ Թուրքիան, այլընտրանքային ճանապարհ է բացվում… Քանի որ Ղարաբաղն այլեւս մարտավարական սպառնալիք չէ, թուրքական զարկերակը մեկ քայլ ավելի մոտ է ավարտին, ինչը նոր սպառնալիք է Իրանի, Ռուսաստանի, Չինաստանի համար, էլ չեմ խոսում Հայաստանի մասին։ Չինաստանում ույղուր թուրքերն իրենց ավելի համարձակ կզգան։ Ռուսաստանում բազմաթիվ թյուրքական շրջաններ՝ Թաթարստանից մինչեւ Բուրյաթիա, կարող են սկսել առանձնանալ։ Իրանը, ամենից առաջ, վտանգված կզգա, քանի որ սեփական ադրբեջանական նահանգի բնակչությունը ցանկանում է միավորվել հյուսիսում գտնվող իր հարազատների հետ… Ղարաբաղը «Զանգեզուրի միջանցքի» համար խոչընդոտ է եղել, բայց այլեւս չկա»:
Այսպիսով այն, որ Լավրովը հանդես է գալիս նման սպառնալից հայտարարությամբ, թերեւս հիմքում ունի այն տրամաբանությունը, որ ռուսական արտաքին քաղաքականությունը սկսել է շատ ավելի ռեալ տեսնել այն վտանգը, որն իրականում տեսանելի էր դեռ Նիկոլի իշխանության գալու պահից: Սակայն տեսնելն այլ հարց է, դրա դեմ գործուն միջոցներ իրականացնելը՝ բոլորովին այլ:
«ԳԱԶԱՅԻՆ ՄԱՀԱԿԸ» ՀԱՍՏԱՏ ՉԻ ՕԳՆԻ
Կան նաեւ այլ փաստեր, որոնք իրենց հերթին են հաստատում, որ օրակարգում իրոք ՌԴ-ին Հայաստանից դուրս մղելու ծրագիրն է դրված: Օրինակ, այս պահին Սյունիքում հավակնություններ է սկսել ցուցաբերել նաեւ Ֆրանսիան, որը խորքային ակնարկներ է հղում ընդհուպ՝ ռազմաբազա տեղակայելու հեռանկարների մասին:
Ֆրանսիան, հասկանալի է, ինքնուրույն խաղացող չէ. այն, որ Մակրոնի վարչակազմը ուլտրալիբերալիզմի սովորական դրածո է, վաղուց հայտնի փաստ է: Դժվար չէ կռահել նաեւ, որ արցախյան գործընթացին խառնվելու, «Բրյուսելյան ձեւաչափի» ստեղծման առաջին պլանում թեեւ տեսանելի է Մակրոնը, սակայն իրականում այդ գործընթացը ղեկավարվում է վաշինգտոնյան եւ լոնդոնյան հայտնի հասցեներից: Ու այս դեպքում էլ, գործնականում կասկածներ չեն կարող լինել, որ Հայաստանում տեղակայվելու մակրոնյան ծրագրերի հիմքում նույն տիկնիկավարներին պետք է փնտրել: Դա, թերեւս, կտանի Հայաստանում նոր հակասությունների ձեւավորման, այս անգամ արդեն Արեւմուտքի եւ Թուրքիայի միջեւ: Բայց դա այլ հարց է, եւ միայն այն, որ նման հեռանկարներ կան, արդեն իսկ պետք է ամենալուրջ ազդակը լինի Մոսկվայի համար, որ կա՛մ պետք է կոնկրետ գործողությունների դիմի, կա՛մ իրոք աճելու է տարածաշրջանից դուրս մնալու ռիսկը:
Առավել եւս, որ անգամ Լավրովի նման սպառնալիքներից հետո նիկոլյան թիմը, «հորով-մորով» անելով Արցախը, արագորեն անցավ հաջորդ քայլին՝ ռուսներին նաեւ Հայաստանից հեռացնելու ծրագրերին: Առաջին քայլը, ինչ խոսք, Հռոմի ստատուտի պատմությունն էր, որը կարելի է համարել ՌԴ-ին Հայաստանից հեռացնելու վերջին փուլի մեկնարկը: Սրան կհաջորդեն այլ քայլեր, ընդհուպ՝ ռազմաբազան հեռացնելու պահանջը:
Ուրեմն, այս իրավիճակում պատասխան ի՞նչ գործնական քայլերի հնարավորություն ունի Մոսկվան: Այս պահին ՌԴ-ից եկող ազդակներից կա նախնական այն տպավորությունը, որ պատասխանը կլինի տնտեսական հարթությունում: Խնդիրներ կան հայկական կոնյակի արտահանման հետ, որը կարող է հասնել ընդհուպ՝ գազի, ցորենի գների թանկացմանը եւ այդպես շարունակ: Սակայն սա քաղաքական տեսանկյունից Մոսկվային հազիվ թե բան տա. կարող է ընդհուպ, Հայաստանի ողջ տնտեսությունը պայթել, որը, սակայն, հարվածելու է Հայաստանի շարքային քաղաքացիներին ու հազիվ թե ազդի այսքան զոհեր տված եւ Արցախն ազերիներին հանձնած Նիկոլի տրամադրությունների վրա:
Կարո՞ղ է նման իրավիճակում Մոսկվան այլ, ավելի գործնական քայլեր գտնել, հաշվի առնելով, որ հակառակ դեպքում օրակարգում է հայտնվելու Հարավային Կովկասից դուրս մղվելու ոչ թե արդեն հեռանկարը, այլ` իրողությունը: Դա կտեսնենք ամենամոտ ժամանակներս:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ