Մեծ սփյուռքները Հայաստանը տեսնում են Ռուսաստանի հետ դաշինքի մեջ․ Գրիգորի Անիսոնյան
Վերլուծություն
Արցախյան ողբերգության տեսլականի, Հայաստանի ներքաղաքական իրավիճակի և Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների մասին զրուցեցինք «Նոյյան տապան» տեղեկատվական-վերլուծական թերթի գլխավոր խմբագիր Գրիգորի Անիսոնյանի հետ։
-Պրն Անիսոնյան, ինչպե՞ս ընկալվեցին Արցախում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները` հողի հանձնումը ու բնակչության բռնի տեղահանումը, հայ համայնքում և ռուսական հասարակական-քաղաքական շրջանակներում:
-Ոչ միայն Ռուսաստանում, և ոչ միայն հայերը ողբերգաբար ընկալեցին այս բոլոր իրադարձությունները, քանի որ Ռուսաստանում հասարակությունն ամբողջությամբ պատրաստ չէր իրադարձությունների նման շրջադարձին։ Սա շատ ծանր ընդունվեց։ Կարծում եմ, որ այս վերքը դեռ երկար չի լավանա։
Բայց վերլուծաբանների և այն մարդկանց համար, ովքեր տիրապետում էին տեղեկատվությանը, սա անակնկալ չէր և կարելի էր կանխատեսել։
Հայաստանը մի քանի անգամ դիմել էր ՄԱԿ-ին, սակայն ՄԱԿ-ը ժամանեց, երբ Արցախում գործնականում հայ չէր մնացել։ Եվ նրանք իրենց եզրակացության մեջ գրել են, որ ամեն ինչ օրենքի, արդարադատության շրջանակներում է, ու այնտեղ ոչինչ չի կատարվում։
Կարելի է մտածել, որ զոհեր ու բռնություններ չեն եղել, և ամեն ինչ եղել է այնպես, ինչպես պետք է լիներ։ Ամբողջ աշխարհը գոհունակ է։ Սա մի կողմից անհասկանալի է։ Մյուս կողմից` պարզ է, որ ողջ համաշխարհային հանրությունը բացարձակապես հետաքրքրված չէ Հայաստանով և Արցախով, ընդհանրապես հայ ժողովուրդով։
-Հայաստանի իշխանությունները Ռուսաստանին են մեղադրում Արցախի հանձնման, ռուս խաղաղապահների անգործունակության և ՀԱՊԿ-ի անարդյունավետության մեջ։ Ինչպե՞ս արձագանքեց Ռուսաստանի հայ համայնքը այս հայտարարություններին։
- Հիշենք 2018 թվականը, երբ տեղի ունեցավ այսպես կոչված գունավոր հեղափոխությունը, եւ քաղաքական վեկտորը փոխվեց դեպի Արեւմուտք։ Հայաստանը դարձել է
հողմացույց, որը թույլ քամուց շրջվեց և դեռեւս շարունակում է շրջվել դեպի Արևմուտք։
Եթե դա ի վերջո տեղի ունենա, ապա Հայաստանը կբախվի շատ անկանխատեսելի հետեւանքների։ Այս մասին գիտեն Հայաստանի բնակիչները, բայց մի տեսակ անտարբերություն է նկատվում, ինչը շատ վտանգավոր է։
Երբ Փաշինյանը եկավ իշխանության, առաջին բանը, որ նա արեց` ՀԱՊԿ նախագահ Յուրի Խաչատուրովի դեմ քրեական գործ հարուցելն էր ։ Նրան հետ կանչեցին, և ՀԱՊԿ-ի իմիջն աշխարհում կտրուկ ընկավ։ ՀԱՊԿ անդամները սա շատ բացասաբար ընկալեցին և համապատասխանաբար իրենց պահեցին այնպես, ինչպես Հայաստանն իրեն պահեց այս պարագայում։ Իսկ սրանից հետո ՀԱՊԿ-ին ոչինչ չանելու մեջ մեղադրելը սխալ է։
Եվ երկրորդ՝ Հայաստանը չի դիմել ՀԱՊԿ-ին՝ կապված հայաստանյան իրադարձությունների հետ, երբ ադրբեջանական զորքերը խախտեցին Հայաստանի սահմանը և մինչ օրս գտնվում են Ջերմուկի մարզում։ Վերջին իրադարձությունների հետ կապված նույնպես դիմում չի ներկայացվել: Ի՞նչ մեղադրանքների մասին է խոսքը։
Ինչ վերաբերում է խաղաղապահների առաքելությանը, ապա, իհարկե, կա նրանց թույլ արձագանքը։ Բայց մի քանի հազար զինվորական կարո՞ղ են իրենց հակադրել վաթսուն հազարանոց բանակին։ Երկրորդ՝ Ռուսաստանը չի ցանկանում և չի կարող այսօր երկրորդ ճակատ բացել Հարավային Կովկասում։ Սա բխում է հենց Ռուսաստանի շահերից։ Սա պետք է հասկանալ, և այստեղ անհրաժեշտ էին դիվանագիտական որոշակի քայլեր, որոնք առաջարկել է Ռուսաստանը, իսկ Հայաստանը միշտ հերքել է։
Ես կարծում եմ, որ առաջին հերթին Հայաստանի իշխանություններն են մեղավոր, որ ոչինչ չեն արել։ Նիկոլ Փաշինյանը պարզապես հայտարարեց, որ Արցախը Ադրբեջան է: Եվ ավելի քան մեկ անգամ: Սրանից հետո Ռուսաստանի ձեռքերը կապված էին, և ՌԴ նախագահն ասաց, որ եթե Հայաստանն ինքն է հրաժարվում Արցախից, մենք ի՞նչ կարող ենք անել։
Հիմնականում հայ համայնքում այսպես են մտածում:
- Արցախյան իրադարձությունները բողոքական տրամադրություններ առաջացրեցին Հայաստանի բնակչության շրջանում, սակայն նրանց առաջնորդած ընդդիմության գործողությունները հերթական անգամ չհանգեցրին Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի հեռացմանը։ Ինչպե՞ս է ընկալվում ընդդիմության «պայքարն» իշխանությունների հետ Ռուսաստանում: Ձեր կարծիքով Հայաստանում իրական ընդդիմություն կա՞։
- Իհարկե, Հայաստանում ընդդիմություն կա, բայց յուրաքանչյուր ընդդիմադիր կազմակերպություն իրավիճակի հանգուցալուծման իր տեսլականն ունի։ Թեեւ նրանք բոլորը կողմ են, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, բայց միմյանց հետ չեն համագործակցում։ Համատեղ գործողություն չկա: Տարբեր ուղղություններով գործողությունները հանգեցնում են այն բանի, որ, ինչպես Կռիլովի առակում կարապը, խեցգետինը և գայլաձուկը, արդյունք չունեն:
Սա այնքան ակնհայտ է, որ երեւում է նույնիսկ Մոսկվայից։ Արդյունքի հասնելու համար առաջին հերթին ընդդիմությունը պետք է համախմբված լինի, այլապես ոչինչ չի ստացվի։
Միանշանակ, Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, այլապես, եթե այսպես շարունակվի, Հայաստանը կարող է կորցնել իր պետականությունը։
Իսկ Հայաստանի հետագա զարգացումը ես տեսնում եմ նրանում, որ մեզ անհրաժեշտ է նոր համաձայնագիր կնքել Ռուսաստանի Դաշնության հետ՝ ընդհուպ մինչև Միութենական պետության կազմ մտնելը և Հայաստանի տարածքում միջուկային զենքի առկայությունը ապահովելը, ինչպես որ այն այսօր տեղակայված է Բելառուսում։ Եվ այդ դեպքում ոչ Թուրքիան, ոչ Ադրբեջանը, ոչ ոք չի կարողանա նույնիսկ ծուռ նայել Հայաստանին։
-Ինչպես արդեն նշեցիք, Հայաստանը շրջվում է դեպի Արևմուտք։ Ըստ Ձեզ` հնարավո՞ր է, որ Ռուսաստանը հեռանա տարածաշրջանից, հանի ռազմաբազան և այլն։
-Չեմ կարծում, որ Ռուսաստանը անմիջապես կնեղանա և կհեռանա։ Ռուսաստանն ունի իր շահերը հարավային ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանն ու իր շրջապատը Հայաստան չեն: Սա ընդամենը ժամանակավոր վարչակազմ է, ինչպես պնդում են որոշ քաղաքական գործիչներ։
Նրանք իրավունք չունեն խոսել հայ ժողովրդի անունից, մանավանդ, որ դա ոչ միայն Հայաստանի բնակիչներ են, այլ նաև սփյուռքահայերը։ Այս հարցում մեծ սփյուռքները համախմբված են՝ հայերը Հայաստանը տեսնում են Ռուսաստանի հետ դաշինքի մեջ։
- Հայաստանի խորհրդարանը վավերացրել է Հռոմի ստատուտը։ Ո՞րն է դրա իրական իմաստը: Ըստ իշխանության հայտարարությունների`դրա շնորհիվ իբր կկարողանան սկսել Ալիևին պատասխանատվության ենթարկելու գործընթացը: Որքանո՞վ է դա իրականանալի գործնականում։ Հավանականություն կա՞, որ Հայաստանում կարող են ձերբակալել Վլադիմիր Պուտինին:
- Ինչ վերաբերում է Վլադիմիր Պուտինի ձերբակալությանը, սա ծիծաղելի է։ Վլադիմիր Վլադիմիրովիչին պետք է շատ խնդրել, որ գա Հայաստան: Երկրորդը` Հայաստանի իշխանությունները հայտարարել են, որ Վ.Վ. Պուտինի ձեռբակալության մասին խոսք լինել չի կարող: Սա աբսուրդ է։ Այսինքն՝ մի կողմից ստորագրում են, մյուս կողմից հայտարարություններ են անում։ Կարծում եմ, սա հերթական ոչ կոմպետենտության արդյունք է:
Սա Հայաստանին ոչինչ չի տալիս: Անգամ կենցաղային մակարդակով Հայաստանում մարդիկ կարծում են, որ Հռոմի ստատուտը նշանակում է, որ նրանք կկարողանան առանց վիզայի թռչել Իտալիա։ Հայաստանում մարդիկ հեռու են քաղաքականությունից: Այստեղ թերեւս ակնհայտ է նաև ընդդիմության թույլ աշխատանքը, եթե ժողովուրդը չի հասկանում գործընթացի բուն էությունը։
Իսկ Ռուսաստանը, իսկապես, զգուշացրեց, որ ստորագրման դեպքում բացասական երեւույթներ են լինելու։ Սա արդեն կարող ենք նկատել։ Վերին Լարսում արդեն երկու շաբաթ է կանգնած են հայկական կոնյակով բեռնատարներ, և ստուգվում է որակը։ Եվ դրանք դեռ երկար կկանգնեն։ Եվ սա դեռ սկիզբն է։ Հայաստանը կարող է ներառվել ոչ բարեկամ երկրների ցանկում, և դա շատ վիրավորական կլինի։ Հայաստանի ժողովուրդը միշտ բարեկամաբար է վերաբերվել Ռուսաստանին, և դա անփոփոխ է։
- Բնակչության որոշակի մասի մոտ կարծիք կար, որ Արցախի խնդիրը խանգարում է Հայաստանի զարգացմանը։ Արցախը հանձնեցին , իսկ հետո ի՞նչ է լինելու: Ինչպե՞ս էր ռուսական համայնքը տեսնում Արցախի հարցի լուծումը:
-Ես Ռուսաստանում չեմ հանդիպել մի հայի, ով ասի, որ Արցախը խոչընդոտում է Հայաստանի զարգացմանը։ Ընդհակառակը, բոլորը գիտեին, որ Արցախը Հայաստանի համար բուֆեր էր, և Արցախն իր վրա վերցրեց բոլոր այն հարվածները, որոնք կարող էին հասցվել Հայաստանին։ Եվ դա ապացուցեցին պրակտիկան ու հետագա իրադարձությունները։
Այսօր Հայաստանը մերկ է մնացել։ Խնդրեմ, ներս մտեք և վերցրեք, ինչ ուզում եք։ Իսկ Հայաստանի հյուսիսում ու հարավում գտնվող բլոկպոստերն ապացուցում են, որ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ Արցախը գրավելով կանգ չի առնի ։ Եվ բոլորը գիտեն, որ ագրեսիայի հաջորդ կետը Սյունիքն է։ Այս մասին բացահայտ խոսում են Ադրբեջանն ու Թուրքիան։ Եկեք մի բան անենք, ոչ թե նստենք սպասենք, թե ինչ պետք է լինի։
Զրույցը վարեց Զարուհի Բաբուխանյանը