ՆԻԿՈԼԻ «ՉԱԳՈՒՋԸ» ԹԱ՞ՐՍ ԲՈՒՍՆԵՑ
Վերլուծություն
Ի վերջո զոռբայությամբ արվեց այդ հակասահմանադրական և տխմարագույն քայլը, որը օգուտի փոխարեն ռիսկեր բերեց Հայաստանին` մազաչափ իսկ Նիկոլի կողմից մեղավոր նշանակված Ռուսաստանին վնաս չալով: Հակառակը, Մոսկվայի համար դա լեգիտիմ առիթ է` չկատարել թղթի վրա ամրագրված պարտականությունները Հայաստանի նկատմամբ: Այդպիսի բան կարող էր անել միայն նա, ով կա՛մ ապուշ է, կա՛մ Հայաստանի թշնամի, կա՛մ երկուսը մեկում: Այս բարդ վիճակում ՀՀ թշնամի կամ լավագույն դեպքում ոչ բարեկամ դարձնել վիթխարի ռեսուրսներով օժտված երկրին: Այդ Հռոմի ստատուտով լրիվ հոռոմություն արեցին, հոռոմեցին պրծան:
ԾԱՅՐԱԳԱՎԱՌԱԿԱՆՆԵՐ ԹՈՒՐՔԱՑ
Ասում են, թե կապիտուլյանտը ամեն գիշեր տարբեր տեղեր է գիշերում, այդ թվում հասցրել է գիշերել ԱՄՆ և Բրիտանիայի դեսպանատներում և ԱՄՆ դեսպանի կեցավայրում: Ասում են նաև, որ ՀՀ ուժային կառույցներին չի վաստահում սեփական անվտանգությունը, և թիկնապահություն հիմա անում են զորավարժությունների եկած և ՀՀ–ում մնացած ամերիկացի զինվորները: Նման է, որ վախը լրիվ կլանել է գլխավոր գերագույն դավաճանին: Երևի ամեն մի ստվեր աչքին երևում է ռուս սպեցնազական, վագներական, կամ գոնե մինիմում արցախցի վրիժառու: Սակայն ամերիկյան սվինների վրա անվերջ նստել չի լինի, մի օր Վաշինգտոնից այդ ռազմիկները «իշմար» կստանան, որ կարող են իրենց նողկանքն արտահայտել պահպանման հակահիգիենիկ օբյեկտի նկատմամբ:
Ինչպես արձանագրում է @Կանչ Տելեգրամ ալիքը, Ալիևն ու Էրդողանը Գրանադա չգնացին էլ, բայց արդյունքում. «Ադրբեջանը ստացավ Արցախը, Թուրքիան ստացավ Ադրբեջանը, Արևմուտքը (իրականում ԱՄՆ–ը) ստացավ ՀՀ–ից (նույն ինքը՝ Հարավային Կովկասից) Ռուսաստանին վտարելու հնարավորությունը, Ռուսաստանը ստացավ դեռևս պարզ չէ թե ինչը, իսկ ազգադավը ստացավ ոչինչ, բառացիորեն ոչինչ: Ինչո՞ւ ոչինչ. որովհետև արևմտյան հարթակներից թռած Ալիևը ազգադավի հետ հարցերի լուծման հարթակ կարող է առաջարկել միայն ռուսականը, այն էլ՝ թուրք–ադրբեջանական տանդեմի պայմաններով: Իսկ ինչպե՞ս պետք է վերաբերվի Ռուսաստանն ազգադավին, երբ նա թռել է Արևմուտքի գիրկն ու նույնիսկ Վ. Պուտինի մուտքն է փակել Հայաստան: Չոր մնացորդում ազգադավը իշխանություն պահելու հարց պիտի լուծի մի երկրում, որի բնակչության 90 տոկոսն իրեն ատում է, որի սահմաններին կանգնած է մի երկրի բանակ, որը տիրապետում է ՀՀ տնտեսության ստրատեգիական ոլորտները և որի գլխավոր–գերագույն հրամանատարը ՀՀ տարածքում հռչակված է ռազմական հանցագործ ու ձերբակալման ենթակա պերսոնա»:
Եվ այդ ամենը` իբր ինքնիշխանությունը պահելու և «ծայրագավառ» (գուբերնիա) չդառնալու համար: Բայց չէ՞ որ «քըխ» նախկինների օրոք ռեալ ինքնիշխանությունը կար, և այն, ինչ մեր առօրյան է, նույնիսկ գերդոզավորում ստացած թմրամոլը իր զառանցանքում չէր կարող տեսնել: Ինչպես արձանագրում է Շարմազանովը. «Տո այ դդումներ, էդ ե՞րբ է ԵՄ–ն կամ Արեւմուտքը հարցականի տակ դրել ՀՀ ինքնիշխան տարածքի 29,8 հազար քառ.կմ տարածքը, որ հիմա էլ Գրանադայում ՀՀ տարածքի ճանաչման վերահատատումը հաջողություն եք համարում։
Ձեր տգետ հալով ո՞ւմ եք ապուշի տեղ դնում։
Կապիտոպլյանտ Նիկոլն է Հայաստան աշխարհի տարածքն առնվազն 12.000 քառ.կմ տարածքով պակասեցրել։
Չէ որ ինքը՝ Նիկոլն էր ասում, որ Արցախը Հայաստան է եւ վերջ, իսկ այսօր իր ճանաչած «Հայաստան է եւ վերջը» կրճատեց 12.000 քառ.կմ–ով՝ Արցախը ճանաչելով Ադրբեջանի մաս։
Էլ չեմ խոսում անկլավների մասին,որ տվեց Ադրբեջանին։
Հողատու կապիտուլյանտներ, թուրքերի ծայրագավառականներ եք դուք»։
Ծայրագավառականներ... Իշխանությունը զավթած գավառական ցածրախավները երկիրը դարձնում են թուրքական ծայրագավառ: Չնայած իրենք չեն զավթել, թուրքերը չեն էլ թաքցնում, որ դրան մասնակից էին եղել: «Պոլիտիկո» հանդեսում հրապարակված արտահոսքը սեպտեմբերի 17–ին Ստամբուլում տեղի ունեցած գերտերությունների գաղտնի հավաքի մասին վկա... Հավաքի փաստը հաստատել են բոլոր մասնակիցները, տարատեսակ հեքիաթներ պատմել... Տրամաբանական է, որ Արցախի Հանրապետության ոչնչացումը դրանց կոնսենսուսային որոշումն էր, և արտահոսք չէր էլ լինի, եթե շարունակության ընթացքում մեկը կամ մի քանիսը «քցող» չդառնային: Ու արդյունքում ռուսներն ու եվրոպացիներն իրար մեղադրում են հայերին դավաճանելու մեջ, ֆրանսիացիներն էլ ամերիկացիներին ստախոս են անվանում այն բանի համար, որ արցախցիների բռնագաղթը «յանկիները» համարում են կամավոր գաղթ, քանի դեռ չեն ներկայացվել ապացույցները: Բա գրողը տանի, 2018–ից ի վեր քանի՞ այդպիսի հավաքներ են եղել, որոնցից հետո մասնակիցներն իրար չեն «քցել», սկսած այն առաջին կոնսենսուսից, որով հակասահմանադրական հեղաշրջում արվեց և երկրի գլխին դրվեց ամենավերջնական սրիկան, որին գերազանցողը չկա... Դեռ ինչքան բաներ կբացվեն:
ՈՒՄ Է ՕԺԱՆԴԱԿԵԼՈՒ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻ ՆԵՐՈՒԺԸ
Արդեն արձանագրվել է, որ Ադրբեջանը գերեվարել է Արցախի այն բարձրաստիճան պաշտոնյաներին, ում կապիտուլյանտը չի ուզում ոչ մի դեպքում տեսնել ՀՀ–ում: Մեծ մասը` նրանք, ովքեր կպայքարեն այս ազգադավների դեմ, իսկ Արայիկ Հարությունյանին իր իմացած դավաճանական խոհանոցով Ալիևը փաստացի պարտավորվեց երբեք բաց չթողնել Բաքվի բանտից: Բայց նույն Արայիկի նվաստացուցիչ լուսանկարներն ու տեսանյութերը պետք է հուշեն բոլոր ՔՊ–ականներին, թե Նիկոլն ինչպես է իրենց բոլորին փուռը տալու...
Ի դեպ, նաև քաղաքական դաշտ մուտք գործած նախկին ՊՆ Արշակ Կարապետյանը հայտարարեց, որ առնվազն Ռուբեն Վարդանյանին Նիկոլի պատվերով են ազերիների գերեվարել, իսկ իրեն Նիկոլը պաշտոնանկ է արել թշնամու վրա կրակելու հրաման տալու համար: Լա՜վ, Արշակ, մի կողմ թողնենք, թե 2016–ին ինչի համար պաշտոնանկվեցիր, մի կողմ թողնենք նաև հեղաշրջումից հետո Ռոբերտ Քոչարյանի դեմ տված քո ամոթաբեր ցուցմունքը, բա 2021–ին ինչո՞ւ չասացիր, որ Նիկոլը քեզ հանել է թշնամու վրա կրակելու հրամանի համար: Միգուցե այդ դեպքում Նիկոլը չկարողանար 50+ տոկոս քվե հավաքել: Ինչո՞ւ սպասեցիր մինչև Արցախի անկումը, որ նոր խոսես: Պաշտոնյանե՛ր, գոնե հիմա խոսեք:
Սակայն կա մի հանգամանք` առավել քան 100 հազար արցախցիներ, ովքեր անընդունելի համարեցին Բաքվի լծի տակ ապրելը և ամեն ինչ թողած եկան ՀՀ, պասիոնար, կարգապահ, պետական մտածողությունը արյան մեջ կրող անգնահատելի հայկական ռեսուրս են: Նրանց հետ կազմակերպված աշխատանք տարվո՞ւմ է:
Նիկոլի խունտան վախենում է, որ նրանք կհայտնվեն հրապարակում: Արևմուտքն էլ չի ուզում, որ հիմա նրանք հայտնվեն հրապարակում, և արևմտամետ քաղաքագետը չի էլ թաքցնում, որ չի ուզում նրանց տեսնել ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներին աջակցելիս: Նա պնդում է, որ շոկի «հոգեվիճակում մարդը պատրաստ չէ մասնակցել որևէ հանրահավաքի կամ այլ հասարակական միջոցառումների... Հանրահավաքներին կարող են մասնակցել միայն իրենց երկիրը վաճառելով հարստացած սրիկա արցախցիները։ Մի քանի հազար մարդ առավելագույնը»: Հասկանալի է, որ ցասումնալից արցախցիներին Արևմուտքը չի ուզում հիմա տեսնել հրապարակներում: Բայց մեր ունեցած տեղեկություններով` ամերիկացիները հետևողականորեն աշխատում են արցախցիների հետ, ձգտում են մշտական կապ պահել: Նույն Հրաչյա Արզումանյանի համոզմամբ. «Արցախահայությունը մոտ մեկ տարի անց կարող է դառնալ հասարակական–քաղաքական ուժ։ Բայց մենք պետք է հասկանանք նաև, որ սա լինելու է մի ուժ, որը մինչև կյանքի վերջն ատելու է Ռուսաստանը և ներկայիս իշխանությանը, կամ էլ դանդաղ լուծվելու է հասարակության մեջ՝ պարփակվելով սեփական աղետի ու ցավի մեջ»:
Իսկ ինչպե՞ս է աշխատում արցախցիների հետ տիտղոսային ընդդիմությունը: Ե՛վ երկրորդ, և՛ երրորդ նախագահի աջակիցները ակտիվորեն լծվել են արցախցիների կենցաղային և հումանիտար խնդիրների լուծմանը: Սակայն դա կարճաժամկետ գործ է:
Իսկ երկարաժամկետ ծրագրերի մեջ արցախցիների ներգրավումով ընդդիմադիրներից առայժմ երևում է ՀՀԿ–ի գործունեությունը: Ներգրավում են քաղտեխնոլոգիայի և մեդիագրագիտության ուսուցման, և այդ մարդիկ նաև տարիներ հետո իրենց կապը կպահեն Սերժ Սարգսյանի ճամբարի հետ:
Իսկ ընդհանուր առմամբ, արցախցիները հայության այն հատվածն է, որը կարող է ակտիվ դեր խաղալ երկրի ժեխացումը կասեցնելու, ժեխի դերը նվազեցնելու գործում: Սակայն դա առանձին մեծ թեմա է:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ