ԹՈՒՐՔԻ «ԳԵՐԻՆ», ԵՎՐԱԿԼՈՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԱՊՈԿԱԼԻՊՍԻՍԸ
Վերլուծություն
Գրանադայի կլոունադան ի ցույց դրեց մի աներևակայելի բան` որ կապիտուլյանտի տեր և փրկիչ Ալիևին նույնիսկ անձամբ էլ պետք չէ գալ` հերթական կապիտուլյացիան ընդունելու: Բավական է, պատկերավոր ասած, սեփական կոշիկն ուղարկել, և եվրակլոունների աչքի առաջ այն համբուրող կլինի: Իսկ հետո կապիտուլյանտի պաշտած «եվրաքեռիներից» որևէ մեկի հետ զրուցելիս ձեռքի հետ կարող է հնչեցնել հաջորդ պահանջը: Այ դու կկու, հիմար կկու, ասա քանի՞ հատ ձագ ունես դու` հիմա էլ Բաքվի կուսակալը բարեհաճեց ուզել 8 գյուղ` այսպես կոչված անկլավները: Եվ ավագ «տեր ու փրկիչ» Էրդողանի պաշտպանության նախարարն էլ լրացուցիչ հաթաթա տվեց...
Ի՞ՆՉ ՈՒՆԵՆՔ ՍՈՎՈՐԵԼՈՒ «ՎԱՅՐԵՆԻ» ՊԱՂԵՍՏԻՆՑԻՆԵՐԻՑ
Թշնամին չի բավարարվում ֆիզիկական և վերբալ սպառնալիքներով, այլև թունավոր հակահայկական է դարձնում և վիրտուալ տարածությունը, որպեսզի իրականից վիրտուալ փախչելով էլ հայերը չազատվեն սարսափից: Զանգվածային գործողություններով Գուգլի և Յանդեքսի քարտեզներում գեներացնում են թուրքական տեղանուններ հենց Երևանի տարածքում: Ինչպես նշում է պատմաբան Վահե Սարգսյանը. «Ադրբեջանը Գուգլ համակարգի միջոցով Երևանի սրտում տեղադրել է Թեզեփիր անվամբ մզկիթ։ Էն, որ Ադրբեջանը Հայաստանին և հայ ժողովրդին ոչնչացնելու իր ծրագրիրը մինչև վերջ տանելու է, դա միայն խաշած հավին պարզ չէ, անգամ դա պարզ է արդեն նիկոլիզմի հետևորդ դավաճաններին, սրիկաներին ու մոլորյալներին։ Ինձ ուրիշ բան է հետաքրքիր. 2018–ին ՏՏ ոլորտի ներկայացուցիչները միահամուռ դուրս էին եկել և փողոց էին փակում, խիստ մտահոգ էին երկրի ճակատագրի հարցում։ Հարց` հիմա ո՞ւր են։ Դրանց ծանրակշիռ մասը ոչ միայն փողոց դուրս չեկավ Արցախի ողբերգության, ուղղակի հանձնման ու Ադրբեջանի կազմում ճանաչելու Մեծ դավաճանության փուլում, այլև տոտալ թքած ունի անգամ այնպիսի հարցերի վրա, որոնք վերաբերում են կոնկրետ իրեն։ Սույն հարցը «անգրագետ պողոսների» անելիքը չէ, սա կոնկրետ իրենց թեման է` ուղիղ պարտականությունը. պիտի աշխատեն, բանակցեն, ազդեն, փոխեն, աշխարհին ցույց տան»:
Մեր գործընկեր Վահե Սարգսյանը բարձրացնում է հարցի բարոյական կողմը: Բայց չէ՞ որ մինչև 2018–ը այդ հարցերը լուծվում էին պետական աջակցությամբ և ուղղորդմամբ, կիբերպատերազմին մասնավորապես 2016–ին մասնակցում էին և տարրական ՏՏ գիտելիքներ ունեցող տասնյակ հազարավոր հասարակ քաղաքացիներ: Իսկ 2018–ին թշնամու դեմ կիբերտարածքում պատերազմելու համար նախատեսված ՊՈԱԿ–ը իշխանությունը զավթած նիկոլադավաճանները վերածեցին «ֆեյքերի ֆաբրիկաների», ու այն, ինչը պետք է կիրառվեր թուրքի դեմ, օգտագործվեց հայ ազգի դեմ տեղեկատվական–հոգեբանական պատերազմ մղելու համար... Եվ 5 տարվա ընթացքում թրքահպատակ խունտան հասավ նրան, որ պատվաստեց քաղաքացուն հայի «անզորության» «պարտության դատապարտվածի» միֆերը...
Իսկ այժմ տեղի ունեցավ ամբողջ աշխարհին լարվածության մեջ պահող Իսրայել–Պաղեստին պատերազմը: Թե հեռավոր կամ միջնաժամկետ ինչ հետևանքներ դա կունենա հայերիս համար` այլ հարց է, սակայն այն ոչ միայն պատերազմն ու քաոսը Հարավային Կովկասից «տեղափոխեց» առավել քան 1000 կիլոմետր հարավ, ու ոչ միայն ոչնչացրեց Իսրայելի հետ կապված միֆերը, այլև ի ցույց հանեց շատ կարևոր բան` որ փոքր ուժերով և հանդուգն նախաձեռնությամբ հնարավոր է կռվել անհամեմատ ծանրքաշային հակառակորդի հետ:
Իսկ «Համասի» օպերացիայի նկարագիրը տվել է քաղաքագիտության դոկտոր, իռեգուլյար պատերազմների գծով մասնագիտացած Հրաչյա Արզումանյանը.
1. ՀԱՄԱՍ–ը, ըստ երևույթին, հասավ օպերատիվ անակնկալի, երբ իսրայելական հետախուզությունը բաց թողեց հարձակումը: Ինչու՞ դա տեղի ունեցավ. Իսրայելը կպարզի պատերազմից հետո։ Հնարավոր պատճառներից մեկն այն է, որ անվտանգության համակարգը կենտրոնացել է Իրանի սահմաններին, Արցախում և Հայաստանում գործողություններ նախապատրաստելու վրա, ու բաց է թողել իրավիճակը իր իսկ սահմաններում – երկու ճակատների համար ռեսուրսները բավարար չէին:
2. Վերջինս բազմաֆունկցիոնալ գործողությունն է, որն ընդգրկում է ցամաքը, օդը, ծովը և կիբերտարածությունը: Նման գործողություն պլանավորելը ու իրականացնելը պահանջում է գիտելիք, կոմպետենտություն և փորձ։ Վստահ եմ, որ սա Իրանն է և նրա հնարավորությունները, ինչը տագնապալի ազդանշան է Իսրայելի և տարածաշրջանի մյուս բոլոր երկրների համար: Աշխարհում կան շատ քիչ երկրներ, որոնք ունակ են նման գործողություններ իրականացնել։
Քաղաքագետը մեծ դեր է տալիս պլանավորմանը և հետախուզությանը ու վստահ է, որ իրագործել է Իրանը, թեև ինչո՞ւ բացառենք անգլոսաքսերի տարբերակը: Բայց, բոլոր դեպքերում, մարտական գործողություններին մասնակցել են մի քանի հազար թեթև զինված գրոհայիններ` մոտոցիկլետներով, պարապլաններով, ավտոմեքենաներով, գումարած 5000 էժան, հիմնականում ինքնաշեն հրթիռներ, ինչպես նաև քաղաքացիական դրոնների պարսեր (լուրջ դրոնները բավականին քիչ էին): Գրոհայինների փոքր մոբիլ խմբերը մտան Իսրայելի խորք տասնյակ կիլոմետրերով, տարածելով ահուսասրսափ, և պարզ է, որ եթե այդ խմբերի հետևից մտնեին կանոնավոր բանակային ստորաբաժանումներ, ապա Իսրայել այլևս չէր լինի:
Հիմա ասացե՛ք, հայեր, այդ «վայրենիներից» սովորելու բան չունե՞նք:
ԻՆՉՆ Է ԽԱՆԳԱՐՈՒՄ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆԸ
Եվ այսպես, արդյո՞ք պաղեստինցիների հանդուգն օպերացիան չի հուշում, որ ռևանշն ու Արցախի ռեկոնկիստան միանգամայն իրագործելի է: Միայն թե պարտադիր պայման կա՝ Հայաստանի ղեկին չպետք է լինի ոչ ազգադավ, ոչ անասուն, ոչ էլ թուրքի վիժվածք:
Հայկական սոցիալական ցանցերում հիմա լոթիավարի ծաղրում են Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյաուին՝ համեմատելով նրան Նիկոլի հետ: Կարծում ենք՝ սա անընդունելի մոտեցում է: Ի տարբերություն մեր անգրագետ գեղցու՝ Նաթանյաուն ամերիկյան 2 համալսարան է ավարտել: Ի տարբերություն բանակից թռած ազգադավի՝ Նաթանյաուն 1967–ի և 1973–ի արաբա–իսրայելական պատերազմների մասնակից է, հատուկջոկատային, որ բազմաթիվ մարտերի մասնակից է, նաև վիրավորվել է: Եղբայրը՝ քաջաբար զոհվել է և Իսրայելի ազգային հերոս է: Ի տարբերություն մեր կապիտուլյանտի՝ զինվորական, դիվանագիտական ու պետական ծառայության ահռելի փորձ ունեցող Նաթանյաուն երբեք ու ոչ մեկի դեմը չի կզել:
Հիշենք նաև` իսրայելցիները մեկ այլ վարչապետի սպանեցին «խաղաղություն» բառն արտաբերելու համար: Իցհակ Ռաբին, իսրայելցի քաղաքական և ռազմական գործիչ, սպանվել է 1995 թվականի նոյեմբերի 4–ին Թել Ավիվում՝ Իսրայելի Թագավորների հրապարակում։ 1995 թվականի նոյեմբերի 4–ին, երբ Իսրայելի Թագավորների հրապարակում հօգուտ խաղաղության գործընթացի բազմահազարանոց միտինգում ելույթ ունենալուց հետո Իցհակ Ռաբինը մոտեցավ մեքենային, նրա վրա 3 անգամ կրակեցին։
Իսկ մեզանում ունենք ամբիցիաների խաղ: Երևանի ավագանիում կտեսնենք` ինչով կավարտվի Նիկոլին ոչնչով բացասական առումով չզիջող Հայկո խաղացնելը: Նիստը բոյկոտող «Մայր Հայաստան» շարժման ղեկավար Անդրանիկ Թևանյանը նաև հայտարարել է, որ ընդդիմությունը կանոնավոր բանակի պես կուռ պետք է լինի, տուրք չտա գզվռտոցներին և ամբիցիաներին... Ուշ է, Անդրանիկ, ձեր դերն արդեն ունեցել եք ցասումով լեցուն զանգվածներին տուն ուղարկելու գործում:
Իսկ ցասումնալից զանգվածի հետ խաղ չխաղացած ՀՀԿ–ի քաղբանտարկյալ փոխնախագահ Աշոտյանը մտավ դատավարության փուլ: Ինչ վերաբերում է ՀՀԿ–ին, ապա հատկապես Սերժ Սարգսյանի դեմ փորձում են կիրառել ամենակեղտոտ քարոզչությունը:
Ի դեպ, Բաքվում էլ Արցախի գերեվարված ղեկավարներից «նպատակահարմար» ցուցմունքներ կորզելու գործընթացն է սկսվել` մոտավորապես այնպես, ինչպես գրեթե քառորդ դար առաջ փորձում էր անել Գագիկ Ջհանգիրյանը սիոնիստների հետ կապ ունեցող շրջանակների պատվերով: Իսկ Ալիևը այդպիսի մեթոդով պատվիրված և հայտնի մեթոդով ստացված ցուցմունքները կփորձի կիրառել ինչպես Հայաստանի, այնպես էլ անգամ մեծ պետությունների ներքին գործընթացների վրա ազդելու նպատակով: Եվ զզվելին ու անբարոն այն է, որ նեղ խմբակային շահով դրդված` որոշ շրջանակներ արդեն փորձում են Բաքվի այդ «արտադրանքն» ուղղել մասնավորապես ՀՀ երրորդ նախագահի դեմ... Լավ, դուք թուրքերից ու նիկոլներից ինչո՞վ եք տարբերվում:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ