Բրյուսելի փոխարեն` Թբիլիսի կամ Բիշքեկ. Նիկոլը նորից ստիպված է ընտրել
Վերլուծություն
Դեռ Նիկոլը չէր հասցրել վերադառնալ Գրանադայից, որ նրա տեղական մանկլավիկներն մի իսկական շոու սարքեցին: Թե` տեսաք, գնաց, դիմեց Եվրոպային, ու անմիջապես ինչ աշխարհացույց հաջողություններ եղան: Ճտիկներից մեկը նույնիսկ փորձեց ակնարկել՝ Ալիեւը վախեցավ ու դրա համար Գրանադա չգնաց:
ԱԼԻԵՎԻ ՁԻՈՎ ՔԱՅԼԸ
Իրականում Գրանադայի այդ հանդիպումը, ինչ խոսք, հայ ժողովրդի պատմության ամենախայտառակ էջերից մեկն էր: Պատկերացրեք, մեր երկրի պաշտոնական ղեկավարին տանում են, «մինչեւ վերջին խազը» հանձնելու փաստաթուղթ են ստորագրել տալիս, իսկ հաղթող կողմն անգամ չի բարեհաճում «կապիտուլյացիայի ակտի» ստորագրմանը ներկա գտնվել: Տրագիկոմեդիայի՞ է նմանվում: Բայց չէ, այս ամենը, իհարկե, իմաստ ուներ:
Այսպիսով, Ալիեւը Նիկոլից այդկերպ ստացավ այն ամենը, ինչին կարող էր հասնել առանց միջազգային օրենքների կոպտագույն ոտնահարման: Այն է՝ Նիկոլն Արցախը համարեց Ադրբեջան եւ հանձնեց: Հիմա էլ, Գրանադայի փաստաթղթով, նաեւ անկլավները փաստացի ճանաչեց Ադրբեջան եւ դրա տակ ստորագրեց: Բայց կա մեկ էական հարց. իսկ Ալիեւին այս պահին միայն դա՞ է պետք: Արցախը նա առանց այդ Գրանադայի էլ արդեն ստացել էր: Ցանկության դեպքում անկլավներն էլ կստանա. Նիկոլի հրապարակային հայտարարությունները, թե ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Ալմա-Աթայի համաձայնագրով, այն է՝ ԽՍՀՄ-ի փլուզման պահի դրությամբ, նշանակում է, որ հայտնի անկլավները եւս ճանաչել է Ադրբեջանի մաս եւ չվերադարձնելու դեպքում Ադրբեջանն իրավունք ունի ուժի դիմել՝ իր «տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար»: Ի դեպ, Ալիեւը չհապաղեց զանգահարել Շառլ Միշելին եւ հիշեցնել անկլավների մասին, թե այն հայտարարությունը, որն ինքներդ ձեզ ստորագրել եք, անկլավների մասով կիսատ է: Եվ այն, որ այդ հայտարարության հասցեատերը նաեւ Նիկոլն էր, դժվար չէ կռահել: Միայն թե, նախ պետք է հասկանանք՝ այդ հայտարարությամբ Ալիեւն իրականում ի՞նչ փորձեց հասկացնել:
Նախ, արդյոք այդ անկլավների թեման իրականում Ալիեւի համար առաջնայի՞ն է: Եթե հարցը մտնում է միջազգային բանակցությունների դաշտ, ապա պարզապես չի կարող այդ թեման շրջանցել Արծվաշենի՝ Ադրբեջանում մնացած հայաստանյան անկլավի խնդիրը: Ընդ որում, դա մոտավորապես համարժեք է ադրբեջանական անկլավներին, եւ ռուսները քանի անգամ են ակնարկել մեխանիկական փոխանակման տարբերակի օգտին, որը, գործնականում, Ադրբեջանին էլ ձեռնտու է: Մեր տարածքի անկլավները, ճիշտ է, որոշ կարեւոր ճանապարհների վրա են, սակայն դրանք շրջանցելը շատ բարդ բան չէ: Իր հերթին, ռազմավարական նշանակություն ունի նաեւ Արծվաշենը, եւ փոխանակման տարբերակը դառնում է իրոք տրամաբանական:
Իսկ ահա քաղաքական տեսանկյունից անկլավների թեման հենց Նիկոլի համար է շատ մեծ գլխացավանք: Այսքան հողեր տալուց հետո, եթե նաեւ անկլավների մասին սկսի բարձրաձայնել, չգիտես ինչ կլինի: Ու հենց դրա վրա էին նրա մանկլավիկները շեշտը դրել՝ Գրանադայի այցը գովերգելով, թե` տեսա՞ք, այնտեղ անկլավի թեմա չկար: Այսինքն, երբ Ալիեւը, չնայելով այդ գլուխգովալուն, անկլավների հարցն իր ողջ սրությամբ բերում է օրակարգ, դա Նիկոլի համար կարող է այս պարզ մեսիջը լինել. լավ, Նիկոլ, ուզում ես Բրյուսելո՞ւմ հանդիպել, բայց այդ դեպքում պետք է պատրաստ լինես, որ անկլավների հարցն առաջին պլանում է լինելու: Եթե այս տրամաբանությամբ առաջնորդվենք, հասնում ենք այն մտքին, որ եվրոպական հարթակում, այն է՝ ԱՄՆ-ի առաջարկած ձեւաչափով «խաղաղության պայմանագրից» Ալիեւը ոչ միայն խուսափում է, այլ նաեւ բացահայտ սպառնալիքով Նիկոլին էլ է այդ ձեւաչափից փորձում հետ քաշել: Եվ այն, որ դրանից հետո Ալիեւն առաջ քաշեց Թբիլիսիում Նիկոլի հետ հանդիպելու եւ բոլոր հարցերը լուծելու տարբերակը, դա արդեն փաստացի հիմնավորում է, որ իրոք արեւմտյան սցենարից Ալիեւը հետ է քաշվում:
Թե ինչու, դա էլ կարելի է հասկանալ: Նախ, արեւմտյան «խաղաղության պայմանագրի» սցենարը վերջնարդյունքում տանում է Հայաստանում արեւմտյան աշխարհաքաղաքական վերահսկողության ամրապնդման, այսինքն, կոմունիկացիաների «կոնտրոլը» մնում է ամերիկացիներին: Եվ սրանից բխող երկրորդ հետեւությունը. ինչքան էլ որ Իրանին կամ ռուսներին ձեռնտու չէ տարածաշրջանում Արեւմուտքի կենտրոնացումը, նույնքան էլ դա ձեռնտու չէ Ադրբեջանին եւ Թուրքիային: Վերջապես, դա ձեռնտու չէ նաեւ ներկայիս Վրաստանին, որի այդ դիրքորոշումը Արեւմուտքը փորձում է փոխել` նոր հեղաշրջում կազմակերպելով: Այսինքն, երբ Գրանադա գնալու փոխարեն, Ալիեւը հանդիպեց Իրանի ճանապարհների եւ քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրփաշիի հետ եւ դրա արդյունքում հայտարարեց առաջիկայում «3+3» (Ադրբեջան, Վրաստան, Հայաստան, Թուրքիա, Ռուսաստան եւ Իրան) ձեւաչափով հանդիպումների մասին, զուգահեռաբար էլ, տարածաշրջանային խնդիրները պետք է լուծել հենց տարածաշրջանի երկրների մասնակցությամբ, իհարկե, պատահական չէ: Կարճ ասած, Ալիեւն Արեւմուտքից ստացավ այն ամենը, ինչ կարող էր: Ու երբ հասել է պահը, որ Արեւմուտքը փորձում է իր մատուցած ծառայությունների «վարձը» ստանալ, Ալիեւը պարզապես հանգիստ նրանց տարածաշրջանի «մուտքի դուռն է մատնացույց անում»:
ԱՐԵՎՄՈՒՏՔԻՆ ԱՐԴԵՆ ԿԱՐԵԼԻ Է «ԳՑԵԼ»
Թե ինչու է Ալիեւն իրեն թույլ տալիս բացահայտորեն դեմ գնալ Արեւմուտքին, կարելի է կռահել: Գրանադայի այդ փաստաթուղթը, օրինակ, ստորագրել է կանցլեր Շոլցը, որի կուսակցությունը սեփական երկրի մարզային ընտրություններում այս պահին արձանագրում է խայտառակ արդյունքներ (մասնավորապես` Բավարիայում 5-րդն էր): Նույն վիճակում է Մակրոնը, առավել եւս, երբ «վզաքոքին տալով»՝ դուրս քշեցին աֆրիկյան մի շարք երկրներից: Իսկ Միշելն անգամ Եվրոպայում սովորական ծաղրածուի համարում ունի: Բոլորի տերը՝ ամերիկյան ներկա վարչակազմն իր հերթին այն ճգնաժամի մեջ է, որ որեւէ խելամիտ մարդ հաստատ նրանց հետ այս պահին հույսեր չի կապի:
Մինչդեռ մյուս կողմից, արեւմտյան կուրս մտնելու դեպքում, Ալիեւը չստանալով հեռանկարներ, կանգնում է Իրանի եւ ՌԴ-ի դեմ ամենասուր բախման հեռանկարի առաջ: Այն, որ նա նախընտրեց «Զանգեզուրի միջանցք» գաղափարը շրջանցելով, գնալ Իրանի միջով դեպի Նախիջեւան ուղի կառուցելու տարբերակով, իր հերթին է հուշում, որ նման ծայրահեղ սրացումներից Ալիեւն աշխատում է ներկա իրավիճակում խուսափել:
Սակայն արեւմտյան սցենարից հրաժարվելով, Ալիեւը կանգնում է դրա այլընտրանքի՝ ռուսական սցենարն ընդունելու հեռանկարի առաջ: Սա, ի դեպ, Ադրբեջանի համար ոչ նույն աստիճանի, ինչ արեւմտյանը, բայց էլի լավագույն տարբերակը չէ: Ռուսական առաջարկի պարագայում կոմունիկացիաների հետ կապված ՌԴ-ին որոշակի ֆունկցիաներ վերապահված են նոյեմբերի 9-ի համաձայնագրով: Այս տարբերակին Իրանը դեմ գնալու առիթ չունի, ընդհակառակը, Թեհրանը միշտ ընդգծել է ներտարածաշրջանային աշխարհաքաղաքական վերահսկողության կարեւորությունը՝ արտատարածաշրջանային վերահսկողությունը բացառելու համար: Խոշոր հաշվով, դա նաեւ Ալիեւի համար կարող է ընդունելի լինել: Բայց քանի դեռ կան «Զանգեզուրի միջանցքի» հույսերը, Հեյդարովիչի համար ռուսական տարբերակը մնում է ոչ ամենացանկալին: Ուստիեւ` նա նման իրավիճակում գնաց «ձիով քայլի»՝ առաջ քաշելով վրացական միջնորդության սխեման: Վրաստանն այս պահին ունի բացահայտ արեւմտամետի, բայց նաեւ՝ «տակից» ռուսների հետ համագործակցողի համարում, եւ, նման միջնորդության դիմելով, Ալիեւն իր համար ապահովում է մանեւրականություն՝ անկախ հետագա զարգացումներից:
ՍՊԱՍԵՆՔ ՆԻԿՈԼԻ ՈՐՈՇՄԱՆԸ
Ահա այս իրավիճակում պատահական չէ, որ Մոսկվան շտապեց իր մասին հիշեցնել: Նախ, Կապանում ռուսական հյուպատոսության հիմնումը պարզ ցուցիչ է, որ անկախ Նիկոլի հակառուսական բառապաշարից, Հռոմի ստատուտից եւ այլն, Մոսկվան չի պատրաստվում աշխարհաքաղաքական դիրքերից հենց այնպես հրաժարվել:
Հաջորդը` Մոսկվայից եկած սպասելի առաջարկն էր՝ հոկտեմբերի 12-ին Բիշքեկում ԱՊՀ գագաթաժողովի շրջանակներում ՌԴ-ի, Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում կազմակերպել: Ընդ որում, ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հատուկ ընդգծեց, որ ադրբեջանական կողմն արդեն տվել է սկզբունքային համաձայնությունը, եւ. «Մենք ակնկալում ենք, որ հայկական կողմը նույնպես ամենայն պատասխանատվությամբ կմոտենա այս հարցին եւ կհամաձայնի մասնակցել բանակցություններին»: Այդ դեպքում հնարավոր կարող է դառնալ դրա հաջորդ օրը երեք երկրների ղեկավարների հանդիպումը, որը ներկա իրավիճակում կարող է իրոք լուծումներ տալ: Դատելով Գալուզինի խոսքից, Մոսկվան շարունակում է հիմնական շեշտը դնել Մեղրիի գծի վրա, ընդ որում, նա մեկնաբանեց, թե արդյոք նկատի չունի՞ «Զանգեզուրի միջանցքը», միտքն այսկերպ առաջ տարավ. «Ի վերջո, խոսքը Հայաստանի տարածքով անցնող երկաթուղու մասին է, ուստի ես ինձ թույլ տվեցի օգտագործել Մեղրիի երթուղի անունը»: Այսինքն, «Հայաստանի տարածքով անցնող երկաթուղի» տերմինը փակում է նաեւ Նիկոլի այն բոլոր պնդումները, թե երկաթուղին պետք է լինի Հայաստանի ինքնիշխանության տակ: Եթե այն «Հայաստանի տարածքով անցնող երկաթուղի» է, ապա դա հենց նման ինքնիշխանության մասին է ազդարարում:
Արդյունքում, Գրանադայից վերադառնալով, Նիկոլը, ինչպես առիթ ունեցել ենք ենթադրել, կանգնելու է Բիշքեկ մեկնել-չմեկնելու հարցի առաջ: Ընդ որում, Գրանադայի այցը ցույց տվեց, որ «Եվրոպան մեր բոլոր հարցերը կլուծի» թեզն արդեն անձամբ նրա համար էլ է դառնում վատագույն տարբերակ. միանգամից առաջին պլան է գալու անկլավների թեման, որի տակից դուրս գալ, այն էլ՝ երբ Հայաստանի ներքին ջերմաստիճանը հասել է պայթյունի ամենաբարձր կետին, նրա համար կարող է մահացու լինել: Իսկ Ալիեւի վրա ազդելու շանսեր աստիճանաբար «մարված աբլիգացիաների» վերածվող Մակրոնն ու Շոլցը չունեն:
Վրացական տարբերակը եւս նրա համար վտանգավոր է: Այս դեպքում նա մի կողմից ստիպված է լինելու հրաժարվել արեւմտյան միջնորդությունից, որը եւս կարող է հետեւանքներ ունենալ: Մյուս կողմից, դա Հայաստանի ներսում հաստատ կընկալվի, թե՝ «Ալիեւը շվացրեց, եւ Նիկոլը վազեց»: Դա եւս չգիտես ուր կտանի, առավել եւս, որ Թբիլիսիի ձեւաչափի դեպքում եւս անկլավների թեման, մեծ հավանականությամբ, նորից առաջին պլան է գալու: Միայն ռուսական տարբերակն է, որ հնարավորություն է տալիս անկլավների թեման տանել փոխանակման միջոցով լուծելու ուղղությամբ:
Թե որ տարբերակով կգնա Նիկոլը, կտեսնենք մոտ օրերս: Բայց նաեւ չմոռանանք, որ նրա համար այս երեք տարբերակների այլընտրանքը մնում է Ալիեւին նոր հարձակման դրդելը, որը, իհարկե, պետք չէ բացառել՝ հաշվի առնելով մեծ տարածաշրջանում ներկա շիկացումները: Սակայն Հայաստան ներխուժելու դեպքում Ալիեւը միանգամից պատերազմ է հայտարարում ՌԴ-ին եւ Իրանին: Իսկ ահա տարածաշրջանային շիկացումների պարագայում շատ մեծ է ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ՝ Ադրբեջանի ոտնատակ գնալու հավանականությունը: Ի տարբերություն Նիկոլի, Ալիեւը դա լավ է հասկանում:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ