«ՈՒՐ Է ԱՆԳԼՈՒԽԸ, ՔԱՂԱՔԱԳԼՈՒԽԸ...»
Վերլուծություն
Ոչ բարով-խերով «ալկաշ ակբար» Ռուբեն Հախվերդյանի երգի այս բառերը վերաբերում են բոլոր անհաջող քաղաքապետներին: Սակայն Ավինյան Տիկոն սոսկ անհաջող քաղաքապետ չէ, նա կապիտուլյանտների, պետական դավաճանների, ազգադավների թիմի անդամ է, որը տիրացավ մայրաքաղաքային իշխանությանը: Համ էլ չենք մոռացել նրա կորոնավիրուսային պարետությունը, որի ընթացքում բոլորիս գժի տեղ էին դրել (անցաթղթերը, որոնք լրացնում էինք տնից դուրս գալուց առաջ, ժողովուրդը հենց «գժի թուղթ» էլ կոչել էր) և տուգանում դեմքներիս անիմաստ լաթի կտորները չկրելու համար: Իսկ ամենակարևորը` նա Երևանի քվեն չստացած, բայց քաղաքապետի աթոռին բազմած առաջին քաղաքապետն է: Երևանցի ընտրողների 9% քվեով, այն էլ` կասկածահարույց քվեով:
«ՓԱՇԻՆՅԱՆԻ ԻՆՆՈՑԸ»
9% քվեի իրողությունն էլ քաղաքագետ Սուրեն Սուրենյանցին դրդեց տալ այդ բանաձևումը` «Փաշինյանի իննոցը` վեցնոցի իմաստով»: Չգիտենք` միգուցե 1–2 բաժակ ավել էր գցել, որ այդպիսի դիպուկ ձևակերպում տվեց, սակայն Ավինյանի պյուռոսյան հաղթանակով և՛ Երևանին, և՛ երկրին սպասվում է մի վիճակ, որ ռսի ասած «без поллитры не разберёшься», և դա լավագույն դեպքում:
Ինչպես արձանագրում է նախկինում Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության մասնագետ, ՀՀԿ ԵԿ երևանի կառույցի ղեկավար Նարեկ Թադևոսյանը. «Երևանը համայնք ձևավորվելուց հետո, պատմության մեջ առաջին անգամ կունենա երևանցիների կողմից չընտրված քաղաքապետ»: Նա հեգնանքով հիշեցնում է նիկոլականների 2018–ի բանաձևը, որը սազական է և Ավինյանին քաղաքապետ կարգելուն. «Քայլ 1. Ձեւավորել կամավորական ավագանու կազմ (նվազագույնը 24 հոգի):
Քայլ 2. Ընտրել քաղաքապետ:
Քայլ 3. Դիմել քաղաքապետի բնակության վայրի քաղաքապետարան:
Քայլ 4. Քաղաքապետարանում անցնել ներդաշնակում, պատրաստում:
Քայլ 5. Հաղթել»:
Բայց խոշոր հաշվով, Ավինյանի և ՔՊ խմբակցության լեգիտիմությունն այնքան ցածր է, որ ամոթ բան չէ մտածել քաղաքային իշխանությանը զուգահեռ մարմին ձևավորելու մասին: Նույնը վերաբերում է և ՔՊ–ին ամբողջ երկրի մասշտաբով` միայն նիկոլական լպիրշություն ունեցողը կհանդգնի խոսել «ժողովրդի քվե ունենալու» մասին, մեկ էլ այն արտաքին ուժերը, որոնց ձեռնտու է Նիկոլին պահելն ու օգտագործելը:
Իսկ ի՞նչը նպաստեց 9% քվեով քաղաքապետ կարգվելուն: Եթե մի կողմ դնենք Նիկոլի գրպանային կուսակցությունները, ապա կտեսնենք, որ ընտրարշավին մասնակցած ընդդիմադիրները ստացած քվեն որպես սակարկության, վաճառքի առարկա էին դիտարկում` ի վերջո տարբերություն չկա, սակարկես նիկոլ Ավինյանի՞, թե՞ ոչ պակաս նիկոլ Հայկոյի հետ, որի խղճին է 2018–ի ազգը սևերի և սպիտակների բաժանելու գարշելի ոճիրը: Նշենք, որ Հայկոյին` ընդդիմադիրի (հետևաբար ժողովրդին` հիմարի) տեղ դնելն էր, որ չար կատակ խաղաց Անդրանիկ Թևանյանի հետ, երբ նա ստանձնեց ժողովրդական ընդվզումը ղեկավարող Ազգային կոմիտեի անդամի կարգավիճակը: Այո՛, քաղաքականությունը սպիտակ ձեռնոցներով չի արվում, բայց գոնե հիգիենայի կանոնները պահելը և ապազգայինների հետ չխաղալը կարևոր է: Ինչպես արձանագրում է @Կանչ Տելեգրամ ալիքը. «Տիգրան Ավինյանին քաղաքապետի աթոռին նստեցրեց ոչ թե ժողովուրդը, այլ իշխանություն կիսել չկարողացող ընդդիմությունը։ Կամ ընդդիմության այն հատվածը, որը մասնակցեց քաղաքապետի ընտրություններին և հայտնվեց ավագանիների կազմում»։
Հա, մի հետաքրքիր վիճակագրություն էլ: Ավագանիների մեկ քառորդը գործազուրկ են, այսինքն` շարունակվեց 2018–ի «ավանդույթը»` պարտքով գարեջուր խմողներին «հացի տեր» դարձնելը: Մեկ էլ հետաքրքիր է, որ անկուսակցականները կուսակցականներից շատ են, ինչը «մայրաքաղաքային պառլամենտում» առնվազն տարօրինակ է...
«ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ՊԵՏՈՒԹՅԱՆ» ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ
Սակայն Երևանի ավագանու ճղճիմ եղանակով քաղաքապետ կարգված Ավինյանը չէ գլխավոր օրակարգը, թեև Ավինյանի գործոնը կարող է լրացուցիչ դավաճանական ներուժ տալ թրքալեզ կապիտուլյանտներին: Շատ կարևոր է արցախցիների հարցը` բարձր պասիոնարությամբ օժտված և արյան մեջ պետականության զգացողությունը կրող բարձրակարգ հայկական մարդկային ռեսուրս: Նիկոլը ձգտեց նրանց ցրել մարզերով, որպեսզի Երևանում չդառնան ընդվզման օջախ, սակայն «խիյարը թարս բուսնեց», և հիմա մարզերն էլ կարող են այդպիսի օջախներ դառնալ: Խունտան միտումնավոր սաբոտաժի է ենթարկում արցախցիների հարցերը, որպեսզի նրանք արտագաղթեն: Իսկ «հայաստանցի–ղարաբաղցի» հակադրությանն ի լրումն կապիտուլյանտները փորձում են «ղարաբաղցի–ղարաբաղցի» հակադրություններ գեներացնել: Նաև կանխատեսելիորեն Արցախի առկա և նախկին նախագահների վրա փորձում են «սաղացնել» դավաճանության թեման: Այսպես, վերլուծաբան Արմեն Հովասափյանի դիտարկմամբ. «Ամբողջ կյանքը մուտիտի վրա փող աշխատող մի հերթական հակահայ, ով իրա գիտակից կյանքում (եթե իհարկե գիտակից կյանք կարելի է համարել դրա ապրածը), դասական դավաճանության սիմվոլն է, դավաճանությունից ու ինչ–որ կոնսպիրոլոգիաների մասին է բարբաջում։ Ամբողջովին նիկոլի համապատասխան տեղը մտած երևույթը դեռ համարձակվում է բարոյականության դասեր տալ ու քաղաքական գնահատակններ հնչեցնել ՀՀ նախագահների ու Արցախի նախագահի հասցեին ու ակնհայտ հակաարցախյան ալիք բորբոքում։ Ենթադրում եմ, որ էս հրամանը եկել է ուղիղ նիկոլից, որպեսզի թեման աստիճանաբար բացի ու հետագա գործողությունների համար իրենց համար ֆրոնտ ստանա»:
Իսկ քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը կոնցեպտուալ մոտեցում է դրսևորում արցախցիների խնդրի վերաբերյալ և հանդես է եկել «Արցախ՝ տեղահանված պետություն. Ո՞ւմ են պետք արցախահայերը» հոդվածով, իրավացիորեն շեշտելով, որ արցախահայության ներկայիս հիմնախնդիրը, սակայն, չի չեզոքացնում նրանց՝ քաղաքական գործոն և ներուժ ունեցող հանրույթ լինելու հանգամանքը. «Հայկական Արցախի էջը շրջված համարելն անթույլատրելի է, ուստի հույժ կարևոր է դառնում այդ էջի առաջնային տերերի՝ արցախահայության պահպանումը՝ որպես հավաքական, կազմակերպված, պահանջատեր, ամբողջ հայության աջակցությունը վայելող գործոն, որը պետք է պահել, պահպանել, կազմակերպել, խնամել և ներառել հայկական հարցի հետագա առաջխաղացման գործում»:
ՀՀԿ փոխնախագահի կարծիքով, ամենանախընտրելի սցենարն է. «Արցախահայության ինտեգրում Հայաստանի Հանրապետության կյանքի բոլոր ոլորտներում՝ առանց տարրալուծման, և պահպանելով սեփական քաղաքական հայտն Արցախի նկատմամբ»: Իսկ խունտան ձգտում է այս տարբերակի. «Հայաստանը՝ որպես միջանկյալ օղակ. արցախահայության մի մասը շունչ քաշելուց հետո կարող է վերաարտագաղթել այլ երկրներ»: Կամ ծայրահեղ դեպքում` այս. «Արցախահայության ինտեգրում Հայաստանի Հանրապետության կյանքի բոլոր ոլորտներում՝ տարրալուծվելով և զրկվելով ինքնուրույն քաղաքական դիրքավորումից»:
Արտագաղթը ձեռնտու է նաև գերտերություններին. «Որքան էլ ցինիկ հնչի, բայց արցախահայերի պես բնակչություն ունենալու տարբերակն իրենց ձեռնտու է՝ աշխատասեր, գործունյա, սպիտակամաշկ, քրիստոնյա… Հայկական շահերի տեսակետից սա անընդունելի է. մենք ինքներս պետք է անենք ամեն ինչ, որպեսզի Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների բոլոր հիմնական սոցիալական խնդիրները լուծվեն հենց Հայաստանում և առաջնային կարգով: Հակառակ դեպքում մենք կզրկվենք նրանցից, իսկ Արցախը՝ կրկին հայկական դառնալու որևէ հեռանկարից»:
Եվ կարծես թե օրակարգային է դառնում Արցախի վտարանդի կառավարության ստեղծումը` նաև բոլոր համայնքային օղակները վերարտադրելով հանդերձ: Սակայն դա առանձին մեծ թեմա է:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ