Ոչ թե արցախահայերի, այլ 120 հազար ՀՀ քաղաքացու էր Նիկոլը պարտավոր պաշտպանել
Վերլուծություն
Միրզոյան Արոն հրաժարվեց գնալ Բիշքեկ, թե՝ կմեկնի փոխնախարարը: Սա պարզ ակնարկ է, որ առաջարկը՝ Բիշքեկում կազմակերպել ԱԳ նախարարների հանդիպում, որին մասնակցելու համաձայնություն Բայրամովը տվել էր, Արոն մերժում է:
ԱՐՈՅԻ ՀԱՄԱՐ ԿԱՐԵՎՈՐԸ ԱՐԵՎՄՈՒՏՔՆ Է
Իհարկե, ագնամ այս պահին դեռ վերջնական չէ, թե հանդիպումն անպայման չի կայանալու. ցանկացած պահի Արոն կարող է փոխնախարարի փոխարեն մեկնել: Չի բացառվում, որ այդ առաջարկվող հանդիպման հաջորդ օրը՝ հոկտենբերի 13-ին, կկայանա նաեւ երեք երկրների ղեկավարների մակարդակով հանդիպում, առավելօ եւս, որ Ալիեւը ՆԻկոլին ներիմեղադրեց բանակցությունները տապալելու մեջ։
Սակայն այս պահին իրողությունը դա է՝ Արոն եւ ՆԻկոլը չեն գնում Բիշքեկ, եւ դա առնվազն «տարօրինակ» է: Բանն այն է, որ օրերս Նիկոլն էր հայտարարում, թե պատրաստ է Ալիեւի հետ հանդիպել ցանկացած հարմար պահի: Ու հիմա, երբ կա նման պահ, Արոն առաջ ընկած մերժո՞ւմ է: Ավելին, գոնե երեկվա դրությամբ չկար Ալիեւի մյուս առաջարկին՝ հանդիպել Թբիլիսիում: Իսկ դա մեկ բան է նշանակում՝ Նիկոլը փորձում է ամեն կերպ շարունակել արեւմտյան միջնորդությամբ հանդիպումները, ինչից Ալիեւն ակնհայտորեն ամեն կերպ հրաժարվում է: Այսպիսով, երբ Նիկոլից առաջ Արոն է ակնարկում Բիշքեկ չմեկնելու մասին, դա նույնկերպ պետք է հասկանալ. «Օմեգան» չի կարող «արեւմտյան պատվիրատուների գլխից թռնել»: Իսկ դա հրամանի նման ցուցում էր Նիկոլին։
Միայն թե այս պահին իրողությունները «մի փոքր» այլ են, քան պատկերացնում էին կամ ցանկանում էին Նիկոլն ու նրա Արոն: Սկսենք նրանից, որ աստիճանաբար սկսում է թափ հավաքել այն հարցը, թե իրականում ինչո՞ւ 100 հազար արցախահայ հեռացավ իր հողից: Ընդ որում, Ալիեւը այս հարցում բացահայտորեն մեղադրեց Նիկոլին, որը սակայն գերադասեց լռել: Եվ դա հասկանալի է, հաշվի առնելով այն թեզը, որ արցախահայերը վախեցած հեռացել են պաշտոնական Երեւանի եւ ներարցախյան հուդաների ջանքերով տարածված արհեստական խուճապի արդյունքում եւ ոչ թե Արցախի նոր ղեկավարության կամ ռուս խաղաղապահների մեղքով, գնալով ավելի ու ավելի հաստատուն հիմքեր է ստանում: Առավել եւս, որ հասկանալի է այդ ցեղասպան մեխանիզմի ողջ իմաստը. Արեւմուտքին պետք էր ռուս խաղաղապահներին հեռացնել, եւ դրա համար անհրաժեշտ էր, որ Արցախում հայեր չմնան:
Մի ամբողջ ժողովրդի` հանուն սեփական րոպեական շահի ցեղասպանելու այս պատմությունը, հասկանալի է, ժամանակի ընթացքում դեռ իրեն շատ ցույց կտա, մեղավորները՝ կպատժվեն: Սակայն այս պահին իրողությունն այն է, որ այդ հրեշավոր օպերացիան այդպես էլ իր վերջնարդյունքին չհասավ, ինչի մասին ժամանակին քանիցս զգուշացրել ենք: Այն է, ռուս խաղաղապահներն Արցախում են: Ավելին, նախօրեին ՌԴ ՊՆ-ն հայտարարեց, որ թեեւ մի շարք պահակակետեր մոնտաժվել են (այն վայրերում, որտեղ առհասարակ հայեր չեն մնացել), բայց փոխարենը նոր պահակակետեր են տեղակայվում, այդ թվում՝ ազերիների հետ համատեղ: Այսինքն, գոնե այս պահին ռուսական ուժերը հեռանալ չեն պատրաստվում:
Նախօրեին նույն բանն ասաց նաեւ ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը. «Ղարաբաղի շատ բնակիչներ ծանր որոշում են կայացրել հեռանալ այնտեղից։ Բայց միաժամանակ ես ելնում եմ այն բանից, որ ռուսական խաղաղապահ զորակազմի առաքելությունը կմնա ավելի քան պահանջված: Մեր զորակազմի դերը անհրաժեշտ է, եւ ես կարծում եմ, որ հետագայում եւս այն անհրաժեշտ կլինի։ Նախ՝ մնում է այն հարցը, որ իրենց հանգիստ զգան այն բնակիչները, որոնք ինչ-որ փուլում կորոշեն վերադառնալ։ Եվ խաղաղապահների առկայությունը այդ մարդկանց համար հանգստության լրացուցիչ գործոն կլինի։ Այնպես որ, ես չէի ասի, թե ռուսական խաղաղապահ զորակազմի գործունեությունը Ղարաբաղում սպառվել է: Հարցը, թե ինչպիսին կարող էին լինել այդ զորակազմի այստեղ գտնվելու հետագա մոդալությունները, կքննարկվի եւ կորոշվի Մոսկվայի եւ Բաքվի միջեւ»: Ավելին, Գալուզինը հայության համար շատ կարեւոր մեկ այլ միտք եւս շեշտեց՝ Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը դեռ չի ավարտվել:
Այսինքն, եթե Արեւմուտքն ամեն ինչ արեց՝ Արցախը հայաթափելու միջոցով ռուսներին հանելու համար՝ դրանում փորձելով քավության նոխազ սարքել խաղաղապահներին, ապա հիմա Մոսկվան առաջարկում է մեխանիզմ, որը դեռ հնարավորություն է տալիս Արցախի հայկականությունը պահել: Իսկ Միրզոյան Արոն ու նրա շեֆ Նիկոլը, փոխանակ առաջ ընկնեն, որ այդ վերջին շանսը ձեռքից բաց չթողնեն, փորձում են համառորեն նույն Արեւմուտքի ուղղությա՞մբ քարշ տալ բանակցային գործընթաց կոչվածը եւ այն դեպքում, երբ նույն Արեւմուտքը շարունակում է Հայաստանին միայն զիջումներ պարտադրել՝ չտալով որեւէ ռեալ երաշխիք: Բա դավաճանությունը պոզով ու պոչո՞վ է լինում:
ՆԵՐԿԱ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Միայն թե այս իրավիճակում, երբ չկարողացավ մինչեւ վերջին արցախահայը հեռացնել, եւ ռուսական ուժերը մնացին, Նիկոլի առաջ միանգամայն այլ հարցեր էլ են կանգնում: Չնայած, դրանք ի սկզբանե էլ կային: Նկատի ունենք Նիկոլի այն մտքերը, որոնք սկսվեցին Պրահայում Արցախն Ադրբեջան ճանաչելուց ի վեր, թե՝ արցախահայերն իրենք պետք է սկսեն բանակցել Ադրբեջանի հետ: Բայց երբ նա Արցախը համարում էր Ադրբեջան, «մոռանում» էր տալ մեկ այլ պարզ հարցի պատասխան՝ իսկ ովքե՞ր են արցախահայերը: Երեք տասնամյակ գործում էր այն թեզը, թե Արցախը ինքնուրույն հանրապետություն է, այսինքն. իսկ արցախահայերին Հայաստանի քաղաքացու անձնագրեր են տվել, որ մինչ միջազգային ճանաչումը, նրանք կարողանան տեղաշարժվել աշխարհում: Բայց այն պահին, երբ Նիկոլն Արցախը ճանաչեց Ադրբեջան, այդ կեղծ թեզը եւս վերացավ: Այսինքն, Նիկոլի պատկերացրած՝ Ադրբեջանի տարածքում գտնվող Արցախում ապրող ցանկացած մեկը, ով ուներ Հայաստանի քաղաքացու անձնագիր, բառացիորեն հենց այդպիսին էլ կար՝ Հայաստանի քաղաքացի: Այսինքն, ժամանակին Նիկոլը 120 հազար Հայաստանի քաղաքացու էր հորդորում, թե՝ գնացեք, Ադրբեջանի հետ բանակցեք: Ադրբեջանի վերջին հարձակումն ուղղված էր 120 հազար ՀՀ քաղաքացու, 120 հազար ՀՀ քաղաքացի է Արցախից բռնագաղթել Հայաստան: Վերջապես, 120 հազար ՀՀ քաղաքացի Արցախում թողել է սեփականություն: Իսկ Նիկոլը ոչ թե կարող էր կամ չէր կարող, այլ պարզապես ի պաշտոնե պարտավոր էր պաշտպանել այդ 120 հազար ՀՀ քաղաքացու կյանքն ու իրավունքները: Այնպես, ինչպես պարտավոր է պաշտպանել Երեւանում, Սյունիքում կամ Տավուշում բնակվող ՀՀ քաղաքացիների կյանքն ու իրավունքները: Այն, որ Արցախում բնակվող ՀՀ քաղաքացիներին չի պաշտպանել, նա դրանով չի կատարել իր մի շարք պաշտոնական պարտականությունները: Ու հիմա նույն իրականությունը պահպանվում է: Այն է՝ այդ 120 հազար ՀՀ քաղաքացիները Հայաստանում էլ մնում են իրենց իրավունքները ոտնահարված վիճակում: Օրինակ, Արցախում ունեն սեփականություն, սեփականության իրավունքը ոչ մեկ չեղյալ չի համարել: Իսկ Նիկոլը պարտավոր է ապահովել, որ ՀՀ այդ քաղաքացիների սեփականության իրավունքը չոտնահարվի: Ինչպե՞ս, դա իր գործն է, բայց ի պաշտոնե պարտավոր է: Ընդ որում, հաշվի առնելով նաեւ Գալուզինի պարզ ակնարկը, որ Արցախի բնակչության, կրկնենք՝ ՀՀ քաղաքացիների մի մասը հնարավոր է, որ «ինչ-որ փուլում կորոշեն վերադառնալ»: Ընդ որում, ո՞վ ասաց, թե վերադառնալու դեպքում նրանք պետք է անպայմանորեն հրաժարվեն ՀՀ քաղաքացիությունից՝ ստանալով Ադրբեջանի քաղաքացիություն: Ո՛չ, դա պարտադիր պայման չէ. անձը կարող է պահել ՀՀ քաղաքացիությունը, Ադրբեջանից կացության իրավունք խնդրել եւ շարունակել բնակվել Արցախի իր սեփական տանը: Եվ անգամ ՀՀ նման քաղաքացիների իրավունքներն է Նիկոլը պարտավոր ի պաշտոնե պաշտպանել:
Ընդ որում, այս ամենն ընդամենը տեսական դատողություն չէ. 120 հազար արցախահայերն ամենատեսանելի եւ ամենաշոշափելի ձեւով ՀՀ քաղաքացիներ են, եւ այս դեպքում Նիկոլի այն թեզը, թե թող ՌԴ-ն եւ Ադրբեջանը զբաղվեն ՀՀ քաղաքացի հանդիսացող այդ մարդկանցով, երեւի մարդկության պատմության մեջ իր անալոգը չունենա: Իհարկե, այս գլխացավանքը կարող էր մեղմվել, եթե Հայաստան հասած արցախահայերը շտապեին հեռանալ այլ երկրներ, եւ հենց դրան է այդ մարդկաց դրդում Նիկոլի այն մյուս հայտարարությունը, թե պետությունը չի կարող նրանց կացարանների հարցը մշտապես ապահովել: Սակայն իրողությունն այն է, որ շատերը չեն գնա, մի մասը միգուցե կնախընտրեն վերադառնալ Արցախ, եթե տեսնեն, որ այնտեղ մնացածներն ապահով են: Բայց քանի դեռ նրանք մնում են ՀՀ քաղաքացի, Նիկոլը, մեկ է, պարտավոր է նրանց հարցերով զբաղվել՝ այդ պարտավորությունն այլոց վրա թողնելու փոխարեն:
Այդ թվում, քանի որ այս պահին Արցախում փաստացի ազերիներն ու ռուսներն են, հենց ռուս-ադրբեջանական ուղղությամբ բանակցություններով ՀՀ իշխանություն կոչվածը պետք է փորձեր իր իսկ քաղաքացիների իրավունքները ներկայացնել եւ պաշտպանել: Այդ թվում, որ նրանք կարողանան ազատորեն տնօրինել Արցախում թողած իրենց սեփականությունը: Ու երբ հրաժարվում են իրենց ուղղակի պարտականությունները կատարելուց, մեկ բանի մասին է դա խոսում՝ Արեւմուտքի պահանջները նրանց համար շատ ավելի էական են, քան սեփական քաղաքացիները: Իսկ սա եւս մեկ պարզ ակնարկ է, թե իրականում ում օգտին է գործում նիկոլյան թիմը:
Չնայած, քանի դեռ Արցախի հարցից այդպես էլ ձերբազատվել չեն կարողանում, այս բոլոր գլխացավանքները մնալու են:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ