Քիչ հավանական է, որ Իրանին կկարողանան պատերազմի մեջ քաշել
Վերլուծություն
Իսրայելի շուրջ իրավիճակը Հայաստանի համար մեծ կարեւորություն է ներկայացնում երկու առումով: Առաջինը` Իսրայելն այն երկիրն է, որի ակտիվ միջամտությամբ, զենքի տրամադրմամբ, Ալիեւը գնաց ներկա սրացումներին: Ու տրամաբանական է, որ Իսրայելի դիրքերի թուլացումը նաեւ Ալիեւին է պարտադրելու` վերանայել իր ագրեսիվությունը:
Եվ երկրորդը` շատ մեծ է վտանգը, որ բախումների մեջ կարող են ներքաշվել Իրանը, Թուրքիան, եւ այս ամենը կվերածվի մի համատարած պատերազմի: Իսկ այդ դեպքում Հայաստանի գոյատեւման հնարավորությունները շատ են փոքրանալու, առավել եւս` Նիկոլ ունենալու պարագայում: Ուրեմն` կարելի է արդեն խոսել հնարավոր զարգացումներից:
Պատերազմից բխող որոշ կոնրետ արդյունքներ այս պահին էլ կան: Ամենակարեւորներից մեկը` Սաուդյան Արաբիան որոշել է դադարեցնել Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման բանակցությունները: Եվ դա իր տրամաբանությունն ունի. այն գազանությունների պարագայում, որն Իսրայելը դրսեւորում է Գազայում, որեւէ արաբական երկիր չի կարող Իսրայելի հետ նորմալ դինամիկայով ինչ-որ շփումներ ունենալ: Մինչդեռ, Մերձավոր Արեւելքում հենց սաուդա-իսրայելյան բանակցությունների թեման էր, որ դարձել էր Վաշինգտոնի հիմնական ծրագիրը: ԱՄՆ-ն նախատեսում էր դաշինք ստեղծել Իսրայելի եւ Սաուդյան Արաբիայի հետ, որը կդառնար Իրան-ՌԴ-Չինաստան դաշնությանը հակակշիռ տարածաշրջանում: Ռեալ էին այդ ծրագրերը, թե` ոչ, այլ հարց է: Այս պահի փաստը սա է` գործընթացը լիովին ջուրը լցվեց: Ավելին` սա արդեն նաեւ Սաուդյան Արաբիային կարող է տեղափոխել աշխարհաքաղաքական բարիկադների հակառակ կողմ, որը Իսրայելի համար, շատ մեղմ ասած, հաճելի չէ:
Հաջորդը, այս ողջ պատմությունը, անկախ ավարտից, ծանր է ազդելու վարչապետ Նեթանյահուի վրա: Իսրայելի վարչապետը թույլ տվեց, որ նման ծանր հարված հասցվի Իսրայելին, եւ առաջին հերթին` հեղինակության տեսքով: Այսինքն, բազմամիլիարդանոց բյուջեներ ունեցող իսրայելյան հետախուզական, հակահետախուզական եւ նման այլ ծառայությունները, ասել է, թե նաեւ իշխող ուժը ոչ միայն չկարողացավ այդ հարվածը կանխատեսել, այլ մի բան էլ` արդեն որերորդ օրն է լռվել-մնացել է իրենից շատ մեծ բան չներկայացնող ՀԱՄԱՍ-ի հետ բախումների մեջ, եւ նյարդայնությունից այնպիսի օդային հարվածներ է հասցնում Գազային, որ այն արդեն իրենից իսկական ցեղասպանություն է հիշեցնում: Այս ամենի կուժն ու կուլան, անկախ պատերազմի ելքից, կետրվելու է հենց Նեթանյահուի գլխին: Եվ ահա գնալով ավելանում են աղբյուրները, որոնք պնդում են, որ պատասխանատվությունից խուսափելու համար Նեթանյահուն փորձում է ԱՄՆ-ին ներքաշել Իրանի հետ պատերազմի մեջ։ «Նեթանյահուն այս ամենում ե՛ւ քաղաքական, ե՛ւ անձնական շահ ունի։ Տարածաշրջանային ձգձգվող հակամարտությունը կարգելափակի կամ առնվազն կհետաձգի ցանկացած պաշտոնական պատասխանատվություն ՀԱՄԱՍ-ի հարձակումը կանխելու նրա լիակատար ձախողման համար, ինչպես նաև կարող է անորոշ ժամանակով հետաձգել նրա բազմաթիվ կոռուպցիոն մեղադրանքները», - գրում է Al Jazeera-ի առաջատար քաղաքական մեկնաբան Մարվան Բիշարան: Եվ այդ ամենը քողարկելու համար մտածում է ԱՄՆ-ին Իրանի դեմ ուղղորդելու մասին:
Սակայն սա հեշտ խնդիր չէ, եւ առաջին հերթին Նեթանյահուն պետք է բախումների աշխարհագրությունը ՀԱՄԱՍ-ից տեղափոխի Հըզբոլլահի դեմ: Միայն թե նախ հաշվի առնելով, որ Հըզբոլլահը, ի վերջո, ՀԱՄԱՍ չէ: Հըզբոլլահը համարվում է տարածաշրջանում լավագույն մարտական միավորներից մեկը` ինչպես զինվածության, այնպես էլ` մարտիկների, հրամկազմի քանակի եւ պատրաստվածության իմաստով: Ընդ որում, սիրիական պատերազմում Հըզբոլլահի ակտիվ ներգրավվածությունը նրան տվել է ամենակարեւորը` հսկայական մարտական փորձ: Հենց դա է, որը, ինչպես ցույց տվեցին ՀԱՄԱՍ-ի հետ բախումները, չունի իսրայելյան բանակը, որը շատ լուրջ խնդիր է: Հըզբոլլահի դեմ Իսրայելը պետք է կռվի առանց ԱՄՆ-ի: Եվ այն դեպքում, երբ ՀԱՄԱՍ-ի դեմ մարտերում իսրայելյան կորուստների թիվն անցել է 1000-ից, Հըզբոլլահի դեմ պատերազմում ի՞նչ զոհերի մասին պետք է խոսել. այս տեմպերով` առնվազն տասնյակ հազարների, անկախ տեխնիկական գերակշռությունից: Ու մեծ հարց է, թե նման իրավիճակում ի՞նչ ներքին գործընթացներ կսկսվեն Իսրայելում: Եվ այդ մակարդակով էլ Իսրայելը կարող է հասնել Իրանի դեմ պատերազմի` ԱՄՆ-ի ներգրավմամբ: Ընդ որում, չունենալով որեւէ ռեալ երաշխիք, որ կկարողանան Թեհրանին ծնկի բերել: Ու պատահական չէ, որ երկու օր սպասելով` արեւմտյան երկրները սկսեցին խնդրանքի նմանվող կոչերով դիմել Իրանին, թե` մի՛ միջամտիր:
Այսինքն, եթե բան չփոխվի, քիչ հավանական տեսք ունի, որ Իսրայելը կգնա ոչ միայն Իրանի, այլ անգամ Հըզբոլլահի հետ բախման: Իսկ այդ դեպքում, անկախ նրանից, թե ինչ ավարտ կունենա ՀԱՄԱՍ-ի հետ պատերազմը, Իսրայելի ներսում մի այնպիսի պայթյուն է հասունանում, որի համեմատ ամառային մասշտաբային ելույթները կարող են մանկական խաղ թվալ:
Իսկ այս իրավիճակում Ալիեւը կշարունակի՞ Իսրայելին անվերապահ հեղինակություն ընկալել: Եթե ոչ, ո՞ւր է նայելու Հեյդարովիչը: Վերջապես, միանգամայն ռեալ նման իրողությունները Նիկոլի համար դաս կդառնա՞ն. այդ մեկը հազիվ թե:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ