Հայաստանը պետք է գործի հիմա, որպեսզի վաղը ուշ չլինի․ Արտամոնով
Վերլուծություն
Արցախի և Մերձավոր Արևելքի հակամարտությունների, Ռուսաստանի և Արևմուտքի միջեւ առճակատման, միջազգային աշխարհաքաղաքական իրավիճակի զարգացման հեռանկարների մասին զրուցել ենք ռազմական և միջազգային վերլուծաբան, “Եվրասիական ժառանգություն” հիմնադրամի գլխավոր փորձագետ Ալեքսանդր Արտամոնովի հետ:
-Պրն Արտամոնով, ինչ վերաբերում է Արցախում տեղի ունեցած վերջին ողբերգական իրադարձություններին, ըստ Ձեզ, իրադարձությունների զարգացման այլ սցենարներ եղե՞լ են։
-Իմ կարծիքով, եղել են։ Այն պատճառով, որ ի սկզբանե եղել է որոշակի խաղաղության ծրագիր, որը պաշտպանել է պրն. Լավրովը՝ մարդ, ով միշտ մեծ համակրանք է ունեցել հայ ժողովրդի նկատմամբ և լավ է ճանաչում նրան։ Ուստի` հենց այս սցենարը հաշվի չի առնվել Հայաստանի ղեկավարների կողմից նույնիսկ Փաշինյանից առաջ։
Խոսքն այն արձանագրությունների ու պայմանագրերի մասին էր, որոնք բավականին երկար ժամանակ գործում և ուժի մեջ էին Ապրիլյան և Ղարաբաղյան Երկրորդ պատերազմների միջև ընկած ժամանակահատվածում։ Այնուամենայնիվ, նկատվում էր զգոնության կորուստ, ինչը շատ զարմանալի էր։
Չնայած նրան, թե ինչպես էր եղելությունը ներկայացնում Երեւանը, Ապրիլյան պատերազմի արդյունքում Ադրբեջանը զավթեց որոշակի տարածք։ Այսինքն՝ ակնհայտորեն պարզ էր, որ սպասվում էին ծանր իրադարձություններ, և ադրբեջանական բանակը ակտիվորեն նախապատրաստվում էր դրան։
Ադրբեջանի պաշտպանական բյուջեն այդ տարիներին արդեն չափազանց մեծ էր, և պարզ էր, որ մարդիկ հաստատում են նման բյուջեներ, երբ պատրաստվում են լուրջ առճակատման։
Ավելին` այն միջոցառումները, որոնք ձեռնարկում էր հայկական կողմը Ղարաբաղյան Երկրորդ պատերազմից հետո, բավարար չէին։ Ակնհայտ է, և այս մասին խոսում էր դեռեւս ՀՀ առաջին նախագահը, որ Հայաստանը, որը գտնվում է թյուրքական աշխարհում, կարող է իրեն լավ զգալ և կայուն լինել միայն Ռուսաստանի Դաշնության հետ լիարժեք կապ պահպանելով։ Հայաստանն այլ շանսեր չունի:
Անկախ Ռուսաստանի նկատմամբ ունեցած վերաբերմունքից` սա հասարակ աշխարհաքաղաքական տրամաբանություն է։ Եվ սա հենց այն է, ինչը ես չեմ տեսնում և չեմ տեսել այն ամբողջ ընթացքում, ինչ հետևում եմ Հայաստանում իրադարձությունների զարգացմանը։
Ես տեսա Փաշինյանին, որը հետևողականորեն, քայլ առ քայլ հայ ժողովրդի դիրքերը զիջեց այն մարդկանց, ովքեր ի սկզբանե Հայաստանն անվանեցին Արևմտյան Ադրբեջան։ Հայաստանի ողջ տարածքը համարվում է արևմտյան Ադրբեջան։ Այս մասին պաշտոնապես հայտարարել է Ադրբեջանի նախագահը, որը 2022 թվականի դեկտեմբերին պահանջել է մեկուկես միլիոն ադրբեջանցիների վերադարձնել իր կոչած արևմտյան Ադրբեջան, այսինքն՝ Հայաստանի տարածք։
Դեռ այն ժամանակ պարզ էր, որ Արցախը դատապարտված է, եթե ինչ-որ քայլեր չձեռնարկվեն։ Երեւանը կարող էր առաջին հերթին ճանաչել Արցախը, մասնակցել ղարաբաղյան պատերազմի ժամանակ ռազմական գործողություններին, ոչ թե Լաչինի միջանցքի մյուս կողմից հետեւել, թե ինչպես են տեղի ունենում իրադարձությունները։ Այդ ժամանակ, հավանաբար, ադրբեջանցիներն այդքան հեշտությամբ չէին կարողանա գրավել Շուշին։ Թերևս Փաշինյանը պետք է հիշեր 101 տարի առաջ Կիլիկիայում տեղի ունեցած իրադարձությունները, երբ ֆրանսիացիները երաշխավորեցին հայերին անձեռնմխելիություն, իսկ հետո սառն ու հանգիստ հետևում էին, թե ինչպես են թուրքերը կոտորում հայերին։ Այս ամենը քաջ հայտնի է։
Տեղի ունեցածի մեջ Հայաստանի շահերը չեմ տեսնում: Իսկ բոլոր որոշումները, որ ընդունում է Փաշինյանը, հակասում են Հայաստանի շահերին։ Չպահելով Արցախը՝ Հայաստանն այժմ արձանագրում է ՆԱՏՕ-ի զորքերի դիրքավորումը Արցախի տարածքում։ Այժմ հայերի վերադարձը Ղարաբաղ և Ստեփանակերտ հնարավոր է միայն մեկ դեպքում՝ եթե ՆԱՏՕ-ն պարտություն կրի Մերձավոր Արևելքում։
- Դուք կապ տեսնո՞ւմ եք Արցախի եւ Իսրայելի իրադարձությունների միջեւ։
-Այն, ինչ հիմա կատարվում է Իսրայելում, իմ կարծիքով, ուղղակիորեն կապված է Արցախում տեղի ունեցածի հետ։ Այս իրադարձությունները որոշակի ազդեցություն ունեցան Հայաստանի ռազմավարական դաշնակից Իրանի վրա։ Իրանը սառը չի նայելու, թե ինչպես է ՆԱՏՕ-ն իր բազաները տեղադրում Հարավային Կովկասում։ Իրանը մտածում է Աստանայի եռյակի մասին՝ համաձայնագրի, որը կնքվել է Մեծ Ռուսաստանի և Հնդկական օվկիանոսի միջև երթուղիների և ճանապարհների կառուցման մասին։
Նա մտածում է այն մասին, որ զիջում է դիրքերը, եթե վաղը Արեւմուտքը (ՆԱՏՕ) հաստատվի Հարավային Կովկասում։ Այսօր չկան ադրբեջանական կամ վրացական բանակներ։ Կա թուրք-ադրբեջանա-վրացական կոնտինգենտ ՆԱՏՕ-ի զորքերի կազմում է ։
Այս հարթությունում Իրանը պարտվում է, քանի որ Իրանի սահմաններին դիրքավորվում է Հյուսիսատլանտյան դաշինքը՝ 32 երկրների հզորությամբ։ Սա, բնականաբար, ձեռնտու չէ Իրանին։ Եվ նա հարվածեց իր ոխերիմ թշնամուն՝ Իսրայելին: Սա ձեռնտու է Հայաստանին: Բայց այս դեպքում ժամանակն է, որ հայերը զենք վերցնեն և լրջորեն հասկանան, որ քանի դեռ իրենք չեն սկսել իրենց արյունը թափել, ոչ մեկ օգնության չի գա։
Հայաստանը ունի շանս, բայց այն ամեն օր ավազի պես սահում է մատների արանքով։ Որովհետև եթե վաղը ՆԱՏՕ-ն իր համար ձեռք բերի Մեծ Հայաստանը, ապա Ադրբեջանը բոլոր հնարավորությունները կունենա դրա տեղում հիմնելու Երևանի խանությունը, ինչպես որ իրենք են ուզում։ Ուստի` Հայաստանը պետք է գործի հիմա, որպեսզի վաղը ուշ չլինի։
-Ձեր կարծիքով՝ Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունների սրումը արվում է արեւմտյան ուժերի դրդմամբ։
- Ռուսաստանի հետ հարաբերությունների սրումը, իհարկե, տեղի է ունենում Հայաստանի տարածքում արևմտյան ուժերի դրդմամբ։ Ռուսաստանը օգնեց սիրիացիներին, Ռուսաստանը պատրաստ էր օգնել հայերին: Ուստի՝ հարցը միայն հայերի կողմի ցանկության մեջ է։ ԱՄՆ 101-րդ «Արծիվներ» օդադեսանտային դիվիզիան ներկայումս տեղակայված է Հայաստանի տարածքում՝ «Զար» բազայում։
Միաժամանակ` Հայաստանի տարածքում շատ մեծ թվով ֆրանսիացի զինվորականներ կան։ Մենք հասկանում ենք, թե ֆրանս-ամերիկյան հետախուզությունը քանի հետախուզական գործողություններ է իրականացրել Հայաստանի տարածքում։ Իսկ հայերին թվում էր, թե ինչ-որ մեկն իրենց կպաշտպանի։ Բայց իզուր չէ, որ հիշեցի 101 տարի առաջ տեղի ունեցածը։ Այն ժամանակ նույնպես հայերը մտածում էին, որ ուրիշները իրենց պաշտպանելու են։
Այն ժամանակ նույնպես Ղարաբաղին անձեռնմխելիություն էին խոստացել։ 1920-21 թթ.-ին և դրանից առաջ բազմաթիվ պայմանագրեր են կնքվել Արցախի վերաբերյալ։ Իսկ հիմա որտե՞ղ են այդ պայմանագրերը։ Դրանք գտնվում են արխիվներում։ Այս առումով Արևմուտքի հետ համաձայնության գալու Հայաստանի մշտական ցանկությունը ոչ մի լավ բանի չի բերել։
Տեսեք, թե ինչ է տեղի ունեցել Հարավսլավիայում և Ուկրաինայում, որոնք պայմանավորվածություն ունեին և նրանց խոստացել էին բոլոր երաշխիքները։ Իսկապե՞ս սա է ուզում Հայաստանը։
Այսօր հայ ժողովուրդը ցնցման կարիք ունի: Իշխանության պետք է գան ոչ անտարբեր մարդիկ: Սա կարող է լինել բանակը, պահեստազորը, նախկին հետախուզական ծառայության ղեկավարը։ Կա «Հզոր Հայաստան Ռուսաստանի հետ. Հանուն նոր միության» շարժման ղեկավար Հայկ Բաբուխանյանը, որը հիանալի հասկանում է իրավիճակը և անընդհատ խոսում է այդ մասին մամուլում։ Այս հայերը պետք է դառնան ինքնիշխան հայեր՝ պատասխանատու իրենց պետության համար։
Հիմա խոսքը գնում է ժողովրդի գոյատեւման մասին։ Հողից զրկված ժողովուրդը մահանում է: Ուստի, որպեսզի հայերը չվերածվեն քրդերի, որոնք Մակեդոնացու ժամանակներից ի վեր միշտ սեփական հող են խնդրել, պետք է հիմա պայքարել։ Եթե ինչ-որ մեկը դավաճանել է հայ ազգի շահերը, նրան պետք է հեռացնել, քանի որ հակառակ դեպքում արդեն ուշ կլինի։
Հույսը դնել միջազգային հանրության վրա՞: Միջազգային հանրությանը ամեն ինչ կուլ կգնա: Բանաձևը նույնն է՝ նախ ժողովուրդը ինքնուրույն է կռվում, ինչպես աֆղանները, Սոմալին, Պաղեստինը, Ալժիրը։ Եթե հայերը սա չհասկանան, ապա Ռուսաստանը չի կարող Հայաստանի փոխարեն հանդես գալ։ Արցախցի հայերի կոչերը այն մասին, որ Ռուսաստանը կարող էր ճանաչել Արցախը, եւ Հայաստանը դրա հետ ի՞նչ կապ ունի...
Պահանջել, որ Ռուսաստանը ճանաչի ուրիշի էքսկլավը և պայքարի դրա համար, երբ Ռուսաստանն արդեն պատերազմի մեջ է, մի փոքր տարօրինակ է։ Իսկ Հայաստանը կնստեր մոտակայքում, կնայեր ու կասեր. «Գնա, ռուս, գնա, կռվիր»։ Այդ ինչպե՞ս: Ես կտրականապես համաձայն չեմ, որ Ռուսաստանը կարող է կորցնել այն, ինչի համար կորցրել է իր երկու հարյուր հազար կյանքը։ Բայց այս դեպքում հայ հին ազգը պետք է ապացուցի իր գոյության իրավունքը։
- Կարո՞ղ ենք խոսել Երրորդ համաշխարհային պատերազմի սկզբի մասին։
- Իմ կարծիքով, Երրորդ համաշխարհային պատերազմն արդեն սկսվել է, և այն ակտիվ ընթացքի մեջ է։ Ավելին` ես տեսնում եմ Երրորդ համաշխարհային պատերազմի ճակատների օրգանական ձեւավորումը։ Կա Ուկրաինա: Ադրբեջանը նրա դաշնակիցն է: Նա բացահայտ հայտարարում է այս մասին: Մատակարարում է սնունդ, վառելիք և քսանյութեր, հնարավոր է՝ անօդաչու սարքեր:
Ուկրաինայի հակամարտությունն ուղղակիորեն կապված է այն բանի հետ, թե ինչպես է Ադրբեջանը իրեն պահում Հարավային Կովկասում։ Ուղերձը, որ Ռուսաստանը մեռնող առյուծ է, և որ անհրաժեշտ է բանակցել Արևմուտքի հետ, պարզ է. Արևմուտքը փորձում է նոր Նաբուկկո խողովակաշար կազմակերպել, որը թյուրքական երկրների միջով կանցնի Կենտրոնական Ասիայից Եվրոպա և կկարողանա այլընտրանքային երթուղիներ կազմակերպել Եվրոպայի համար վառելիքի և քսանյութերի մատակարարման համար։
Խոսքերն այն մասին, որ Ռուսաստանը պատրաստ չէ կռվելու, փշրվել են արդեն մեկուկես տարվա վաղեմություն ունեցող իրողություններից։ Ռուսաստանը պատրաստ է մեռնելու, և այժմ ունի իր նոր նահատակները, որոնք ամեն օր զոհվում են ճակատներում` հանուն հավատքի՝ զենքը ձեռքին։ Ռուսաստանը իր նոր նահատակների արյունով պատրաստ է շարունակել ապրել։ Նույնին կոչ եմ անում Հայաստանին: Մեր թշնամին, որը չի կարողանում մեզ հաղթել Ուկրաինայում, փորձում է հակամարտությունը տարածել Հարավային Կովկաս։
Իսկ փոքրիկ Հայաստանը հայտնվեց սրի եզրին, քանի որ սա ՆԱՏՕ-ի համար Ռուսաստանին հարվածելու միակ հնարավորությունն է։ ՆԱՏՕ-ն թքած ունի Թուրքիայի կամ Հայաստանի վրա: Նրանք փորձում են նոր ճակատ կազմակերպել ու նաեւ էներգակիրներ ստանալ։ Մնացածը ՆԱՏՕ-ին չի հետաքրքրում: Նայեք Սիրիային, Լիբանանին... Ուստի պետք չէ մտածել, որ Արեւմուտքը որեւէ մեկին կպաշտպանի։ Սա գլոբալ հակամարտություն է, եւ այն աճի միտում ունի:
Զրուցեց Զարուհի Բաբուխանյանը