Նիկոլն այս անգամ էլ դիտավորյան կձախողի՞ պայմանագրի ստորագրումը
Վերլուծություն
Ամերիկացիներին վերջին փուլում՝ Արցախը հանձնելուց հետո, սեփական միջոցներով եւ տարաբնույթ մակրոններին օգտագործելով, իհարկե, հաջողվեց Նիկոլին ոչ միայն պահել իրենց ուղեծրում, այլ նրան մղել ծայրահեղ հակառուսականության դաշտ: Այն կարգի, որ Նիկոլն ընդհուպ հրաժարվեց մասնակցել ԱՄՀ առաջնորդների գագաթաժողովին՝ առանց որեւէ բացատրություն տալով ժողովրդին: Բնական է, որ պետք է լիներ նաեւ Մոսկվայի ռեակցիան, եւ նույն գագաթաժողովում Պուտինի հայտնի հայտարարությունները հենց այդպես էլ պետք է ընկալել:
ԻՆՉ ՀԻՇԵՑՐԵՑ ՊՈՒՏԻՆԸ ՆԻԿՈԼԻՆ
Պաշտոնական տեղեկատվություն, թե Բիշքեկում կոնկրետ ինչ են պայմանավորվել Պուտինն ու Ալիեւը, չկա: Ոչ պաշտոնապես հեղինակավոր փորձագետները պնդում են, որ կա վերջնական պայմանավորվածություն՝ ռուս խաղաղապահներն առնվազն մինչեւ 2025թ.-ն, այն է՝ նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունների համաձայն մնում են Արցախում: Նաեւ, որ պետք է կյանքի կոչել եռակողմ պայմանավորվածությունների մյուս դետալները եւս, այդ թվում՝ կոմունիկացիաների գործարկման հարցը: Խաղաղապահների մասով Պուտինը մինչեւ իսկ հայտարարեց. «Ֆորմալ առումով մեր խաղաղապահները այնտեղ կլինեն մինչեւ 2025 թվականի նոյեմբերը, եւ մենք, իհարկե, պետք է հարցը լուծենք մեր գործընկերների հետ երկխոսության միջոցով...»: Եվ ահա, փորձագետները պնդում են, որ այդ «հարցը լուծված է»:
Այսպիսով, գլխավոր խնդիրը, որը փորձում էր լուծել Արեւմուտքը, այն է՝ հայաթափելով Արցախը, ստեղծել պայմաններ, որ ռուսական ուժերը հեռանան գործնականում Ադրբեջանի մաս դարձած Արցախից, լուծված չէ: Ինչո՞ւ. շատ պարզ պատճառով, որի մասին ժամանակին քանիցս խոսելու առիթ ունեցել ենք: Այն է՝ ներկա ծանրագույն իրավիճակում Ալիեւը հրաժարվում է սուր բախման գնալ ռուսների հետ, ինչի մեջ Նիկոլը «խրվեց»՝ հույսը դնելով Մուրի, Մակրոնի եւ այլոց «խորհուրդների» վրա: Ու հիմա կանգնած է փաստի առաջ. եթե ռուսները մնում են Արցախում, ապա նաեւ Հայաստանից նրանց հանելն է դառնում շատ բարդ խնդիր: Ընդ որում, այս իրավիճակում Նիկոլը պետք է աչքի առաջ ունենա նաեւ այն ռիսկը, որ ՀԱՊԿ-ից Հայաստանը դուրս բերելու դեպքում Ալիեւը կարող է խաղաղապահները պահելու նույն քայլը կրկնել՝ Ադրբեջանը տանելով ՀԱՊԿ:
Կստացվի գործնականում նույն իրավիճակը, ինչ 1920թ.-ին էր: Եվ, միգուցե, նաեւ պատմությունը հիշելով էր, որ Պուտինը ֆիքսեց՝ այս անգամ էլ, երբ Հայաստանի իշխանություն կոչվածները մտան արեւմտամետ խաղերի մեջ, կորուստները միանգամից հաջորդեցին: «Ինչ վերաբերում է նրան, որ Ղարաբաղի տարածքը հիմա, ինչպես դուք ասացիք, փաստացի դարձել է Ադրբեջանի տարածք, ապա այն հիմա չի դարձել։ Այն վերջնականապես Ադրբեջանի մաս կազմեց այն բանից հետո, երբ անցյալ տարի՝ նոյեմբերին, Պրահայում կայացած հանդիպմանը վարչապետ Փաշինյանը հայտարարություն արեց, որն արմատապես փոխեց Ղարաբաղի կարգավիճակը, այսինքն՝ այն որոշեց Ղարաբաղի կարգավիճակը: Հայաստանը ճանաչեց, որ Ղարաբաղը Ադրբեջանի Հանրապետության մաս է»,- հիշեցրեց Պուտինը: Այն դեպքում, երբ, ըստ նրա, անգամ նոյեմբերի 9-ի պայմանավորվածություններով. «Վերջնականապես որոշված չէր Ղարաբաղի կարգավիճակը»: Ու սա եւս մեկ անգամ հուշում է, որ որքան էլ Նիկոլը շարունակի մեղքն այլոց վրա գցելու փորձերը, Արցախը հանձնողի պատասխանատվությունից խուսափել նա չի կարող:
ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Սակայն այս պահին արդեն ունենք այն, ինչ ունենք՝ հանձնված Արցախ, Ստեփանակերտում դրոշ բարձրացնող Ալիեւ ու, չնայած այդ ամենին, Հայաստանը շարունակում է մնալ սուր վտանգի գոտում: Իրավիճակից ելքը, նաեւ հաշվի առնելով Արեւմուտքի կողմից Նիկոլի «գցված» լինելու, այն է՝ հայ ժողովրդի համար Արցախը հանձնողի եւ դրանով պատմական մեծագույն դավաճաններից մեկի կերպար ստանալու փաստը, այս անգամ էլ մատնանշեց ՌԴ նախագահը:
Բայց Պուտինը նախ նշեց. «Վարչապետ Փաշինյանն ինձ զանգել է, հեռախոսով խոսել ենք… Որքան ես հասկանում եմ, Հայաստանն ԱՊՀ-ից ոչ մի տեղ չի գնում»: Սա ակնա՞րկ է, որ Նիկոլը Պուտինին սկսել է հավաստիացնել, թե ոչ մի Արեւմուտք. նման է: Բայց եթե անգամ այդպես է, ապա Պուտինի հաջորդ մտքերը՝ կապված հնարավոր զարգացումների հետ, գալիս են հուշելու, որ Նիկոլից ոչ թե ինչ-որ խոստումներ ու նման բաներ են սպասում, այլ՝ գործնական քայլեր: Եվ առաջին հերթին. «Մենք պատրաստ ենք եւ կնպաստենք խաղաղ բանակցությունների վերսկսմանը խաղաղության համաձայնագրի կնքման հույսով։ Եվ առաջարկել ենք բոլոր գործընկերներին՝ հավաքվել Մոսկվայում: Վարչապետ Փաշինյանը սրա մասին գիտի, ես նրան ասել եմ։ Ադրբեջանի նախագահը գիտի այդ մասին»: Ընդ որում, Պուտինը նաեւ նշեց, որ Արցախի հանձնումից հետո «խաղաղության պայմանագրի» հարցում որեւէ խնդիր չի տեսնում: «Հաջորդ քայլերը, ինչպես ժամանակին պայմանավորվել էինք, զարգացնել առեւտրատնտեսական կապերը եւ զարգացնել ենթակառուցվածքային նախագծերը»,- ամփոփեց նա:
Այն, որ ներկա իրավիճակում սա Հայաստանի համար դարձել է միակ տարբերակ՝ նոր պատերազմներից եւ հնարավոր կորուստներից խուսափելու համար, հասկանում է ամեն մի ողջամիտ մարդ: Հակառակը պնդողները նաեւ պետք է բացատրեն, թե որքանո՞վ կաճեն պատերազմի ռիսկերը, եւ այդ դեպքում որո՞նք են գոնե չպարտվելու կոնկրետ միջոցները: Ու պետք է դա ասի շատ ռեալ, առանց կեղծ հերոսական զեղումների, «Արեւմուտքը մեզ կօգնի» կեղծ կարգախոսը, որը հերթական անգամ մեզ հասցրեց կորուստների: Հաշվի առնելով, որ խոսքը Հայաստանի լինել-չլինելու մասին է:
ԻՆՉ ԿԱՐՈՂ Է ԱՆԵԼ ՆԻԿՈԼԸ
Այսպիսով, ամբողջ հարցը գալիս-հասնում է հետեւյալին՝ պատրաստվո՞ւմ է Նիկոլը «խաղաղության պայմանագիր» ստորագրել: Վերջերս նա խոսում էր դրան հասնելու ինչ-որ 60-70 տոկոսից, որը հերթական բլեֆն է: Որեւէ էական խնդիր Արցախը հանձնելուց հետո չկա: Ավելին. այս պահին էական չէ անգամ, թե որտեղ կստորագրվի նման փաստաթուղթը՝ Մոսկվայո՞ւմ, թե՝ Բրյուսելում: Վերջապես, այս պահին արդեն մտածելու հարց չէ նաեւ` անկլավները կտրվե՞ն, թե՝ ոչ. դրանք Նիկոլն արդեն տվել է նույն Պրահայում, երբ խոսում էր Ալմա-Աթայի հռչակագրի մասին: Հատուկ «անտեղյակներին» հիշեցնենք. Ալմա-Աթայում խոսվել է հետխորհրդային երկրների այն սահմանների մասին, որոնք առկա էին ԽՍՀՄ-ի փլուզման պահին: Այսինքն, երբ հայ-ադրբեջանական հարաբերությունների հիմքում այդ պայմանագիրն է դրվում, ապա առավելագույնը, որին հնարավոր է հասնել, դա փոխանակումն է՝ Արծվաշենն ադրբեջանական անկլավների դիմաց կամ մի մասի դիմաց. դա պայմանավորվելու հարց է, ինչպես ակնարկեց Պուտինը: Եվ մեդալի մյուս երեսը. երբ ընդունել ես Ալմա-Աթայի հռչակագիրը եւ անկլավները չես տալիս կամ չես պայմանավորվում, ապա դրանով Ալիեւին առիթ ես տալիս՝ «վերականգնել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»:
Այս պահի իրողությունը հետեւյալն է: Բիշքեկում, դրանից առաջ՝ Թբիլիսիում եւ այլ ելույթներով, ըստ այդ հայտարարությունների, նա ցանկացած պահի պատրաստ է բանակցությունները վերսկսել: Նիկոլի ռեակցիան մնում է անհասկանալի: Թբիլիսիում կամ Մոսկվայում հանդիպելու մասին գոնե երեկվա դրությամբ գործնական ռեակցիա չկա: Բիշքեկ հրաժարվեց գնալ: Բրյուսելում հանդիպելու ինչ-որ ակնարկներ եղան, սակայն Եվրոպայում այս պահին շատ ավելի զբաղված են Իսրայելի հարցով:
Այսպիսով, գնալով համոզիչ է դառնում այն տեսակետը, որ անընդհատ խոսելով «խաղաղության պայմանագրից», Նիկոլը նույն հետեւողականությամբ շարունակում է խուսափել նման փաստաթուղթ ստորագրելուց: Այնպես, ինչպես 2018թ.-ից ի վեր էր խուսափում մի շարք ռեալ պայմանագրերից՝ դրա դիմաց ստանալով նոր պատերազմ ու նոր կորուստներ: Այս դեպքում եւս նույն «քաղաքականությո՞ւնն» է շարունակում. եթե ամենամոտ ժամանակներս նրանից էլի գործնական քայլեր չտեսնենք, ուրեմն նոր պատերազմի հավանականությունը կտրուկ կաճի:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ