Երրորդ աշխարհամարտի ռիսկը երբեք այսքան ռեալ չի եղել
Վերլուծություն
Հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ կապված Մոսկվայի տեսլականը հասկանալի է՝ արագացնել «խաղաղության պայմանագրի» եւ դրան ածանցյալ գործողությունների թեման (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=267561&l=am): Իսկ ի՞նչ է մտածում այդ մասին Արեւմուտքը:
Արեւմուտքի ներկա ծրագրերի մասին պարզ ակնարկ կարելի է տեսնել Զելենսկու վերջին հայտարարություններից մեկում: Այսպես, Ուկրաինայի նախագահն առաջ է տանում այն թեզը, թե՝ Վրաստանը պետք է պատերազմ սկսի Աբխազիայի եւ Հարավային Օսիայի դեմ: Նրա խոսքով՝ «Անվտանգության նոր հեռանկարներ կհայտնվեն Սեւ ծովի հարեւան հարավկովկասյան տարածաշրջանում փոփոխությունների շնորհիվ… Ռուսական ագրեսիայից մեր պաշտպանության շնորհիվ Վրաստանի համար նոր հեռանկարներ կբացվեն՝ վերականգնելու իր տարածքային ամբողջականությունը»: Իհարկե, առաջին հայացքից այն տպավորությունն է, որ Զելենսկին այդպիսով փորձում է վրացիներին ներքաշել պատերազմի մեջ, դրանով շեղել ռուսների ուշադրությունը եւ թեթեւացնել Ուկրաինայի վիճակը: Մասամբ՝ այդպես էլ կա, միայն թե հարցն այն է, թե դա միայն Զելենսկու ծրագի՞րն է:
Վրացական ներկա իշխանությունները, իհարկե, հասկանում են, թե իրենց համար ինչի կվերածվի նման պատերազմը, դեմ են դրան: Դրա համար շրջանառվում է Վրաստանում նոր «գունավոր հեղաշրջման» գաղափարը: Բայց եթե հաջողվի Վրաստանին ներքաշել պատերազմի մեջ, էլի դրանից Ուկրաինային օգուտ չկա. այս պահին Աբխազիայում եւ Հվ.Օսեթիայում գտնվող ռուսական ուժերը լիովին բավական են որեւէ լուրջ բանակ չունեցող Վրաստանի հարցն արագորեն լուծելու համար: Ուկրաինական իրադարձությունների վրա ազդելու համար պետք է ավելի մեծ պատերազմ, եւ հենց այնպես չէ, որ հնչեցվեց Բլինքենին վերագրվող հայտարարություն՝ Հայաստան Ադրբեջանի ներխուժման հավանականության մասին: Այդ դեպքում արդեն ռուսներին շեղել կկարողանան: Միայն թե դա Զելենսկու ծրագիրը չէ: Իսկ ո՞ւմն է՝ Վաշինգտոնի՞նը, թե՝ լոնդոնյան օֆիսներինը:
Պետքարտուղարությունը հետո հերքեց, թե Բլինքենը նման բան է ասել: Ու դա կարելի է հասկանալ, հաշվի առնելով այն իրադարձությունները, որոնք այսօր ծավալվում են Իսրայելի շուրջ:
Փաստ է, որ դեռ հազիվ էին սկսվել Իսրայելի հետ ՀԱՄԱՍԻ այս նոր բախումները, որ Վաշինգտոնը շտապեց հայտարարել, թե չունի հիմքեր, որ դա կազմակերպել է Իրանը: Ու սա այն դեպքում, երբ բրիտանական աղբյուրները նույն պահին ակտիվորեն մեղադրում էին Թեհրանին: Բլինքենը եւս, մեկնելով տարածաշրջան, շարունակեց Իրանին մեղադրանքների տակից հանելու նույն թեզն ակտիվորեն առաջ տանել՝ դրանով որոշակի հակասության մեջ մտնելով ոչ միայն Բրիտանիայի, այլ նաեւ՝ իսրայելյան իշխանությունների հետ:
Սակայն այն բանից հետո, երբ Իսրայելը վերջնագիր ներկայացրեց Գազայի բնակչությանը, թե ցամաքային օպերացիա է սկսելու, Իրանը ՄԱԿ-ի միջոցով նախազգուշական ուղերձ է հղել՝ կմիջամտի: Ում էր դա ուղղված, եթե ոչ Վաշինգտոնին. եթե չեք կարողանում կանգնեցնել Իսրայելին, մեզանից մի պահանջեք՝ չխառնվել: Արդյունքում, թեեւ սահմանված ժամկետում ցամաքային օպերացիան չեղավ, բայց այն ամենեւին էլ չեղարկված չէ: Այսինքն, սպասում են ԱՄՆ-ի վերջնական խոսքին:
Տպավորությունն այն է, որ ԱՄՆ-ում ի սկզբանե էին պարզ գիտակցում, թե ինչ հետեւանքներ կարող է ունենալ Գազայում` Իսրայելի բանակի ցամաքային ներխուժումը: Նախ, ՀԱՄԱՍ-ը միանշանակ կպատասխանի, ապա, գրեթե միանշանակ է, որ Հզբոլահը եւս կներքաշվի պատերազմի մեջ, եւ այդ դեպքում կտրուկ աճում է Իրանի (եւ մեծ հավանականությամբ` այլ երկրների եւս) միջամտության հավանականությունը: Այս իրավիճակում ԱՄՆ-ն ստիպված է լինելու միջամտել, քանի որ Իսրայելին անգամ միջուկային զինանոցը կարող է չփրկել: Իսկ թե դա ինչ է նշանակում, ինչ գլոբալ ռիսկեր են առաջանում, հասկանում են բոլորը: Պուտինն էլ ավելորդ անգամ հիշեցրեց՝ Արեւմուտքի եւ Ռուսաստանի թեժ հակամարտությունը կլինի բոլորովին այլ պատերազմ:
Այն, որ այս պահին Իսրայելը Գազայի դեմ կիրառում է Արցախի դեմ օգտագործված ռազմավարության մոդեռնիզացված տարբերակը, պարզ ցույց է տալիս, որ առկա են MI6-ի «ականջները»: Ու նաեւ չմոռանանք, թե իրականում ում է ենթարկվում նոր պատերազմ հրահրող Զելենսկին: Հուսով են, թե ԱՄՆ-ի միջոցով բոլորին վախեցնելով, կկարողանա՞ն նույն հաջողությանը հասնել: Եվ արդյոք դրա բաղկացուցիչ չէ՞ր նաեւ Հայաստանի հետ կապված Բլինքենին մտքեր վերագրելը, որը նույնպես կարող է վերջնարդյունքում վերածվել Իրանին հարվածելու օպերացիայի՝ Պաղեստինի հետ այս պատերազմի ֆոնին: Միաժամանակ, այս ամբողջ պատմությունը նաեւ Նեթանյահուի վարչակազմին է կանգնեցրել ներիսրայելյան ճգնաժամի, պաշտոնանկության եւ այդ դեպքում՝ բանտ գնալու հեռանկարի շեմին, եւ փորձում են պատերազմական թեզը մինչեւ վերջ առաջ տանել: Պատերազմական իրավիճակում նրա դեմ ներքին 500 հազարանոց հանրահավաքը, իհարկե, մռայլ մտքեր են ներշնչելու:
Բայց նաեւ նման է նրան, որ Վաշինգտոնը սկսել է չհավատալ, թե այս անգամ սպառնալով, մյուսներին կկանգնեցնի: Իրանի ռեակցիան միանշանակ էր՝ եթե մեծ պատերազմի գնաք, «մատաղացու ոչխարի» կերպար չենք ընդունի, կպատասխանենք, անկախ նրանից, որ դա Երրորդ համաշխարհային է նշանակում: Նույն ազդակը նա ստացավ արաբական երկրներ շրջայցից: Սաուդյան գահաժառանգը Բլինքենին ստիպեց մի ամբողջ գիշեր սպասել հանդիպման, որը շատ պարզ ցուցիչ է: Վերջապես, Չինաստանը մտավ խաղի մեջ՝ հայտարարելով, որ միակ լուծումը կարող է լինել Պաղեստինի ինքնիշխանության ֆիքսումը: Մյուս կողմից, դաշնակիցների հետ մեծ հույսեր կապել չի լինի. Եվրոպայում հակաիսրայելյան այնպիսի մասշտաբային միջոցառումներ են, որ եվրոպական դաշնակիցները լիովին կաշկանդված վիճակում են հայտնվել:
Արդյունքում, Վաշինգտոնը կա՛մ պետք է պատրաստ լինի ԱՄՆ-ի ներգրավմամբ մեծ պատերազմի՝ միանգամայն անորոշ հետեւանքներով, եթե բանը չհասնի միջուկային զենքի: Կա՛մ պետք է կարողանա Նեթանյահուին համոզել՝ գնալ բանտ: Թերեւս, արդեն այսօր-վաղը պարզ կլինի:
Ինչ վերաբերվում է Ալիեւին, ապա նա այնքան խելք ունի, որ զերծ կմնա ավելորդ ռիսկերից, եւ Պուտինի հետ պայմանավորվածությունները նաեւ դրա ցուցիչն էր:
Նիկոլի մասին բան ասել չենք կարող. նրանից ամեն ինչ սպասելի է:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ