ՄՈՍԿՎԱՆ ԵՎ ՊԵԿԻՆԸ ՑՈՒՅՑ ՏՎԵՑԻՆ, ՈՐ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ ԿԳՆԱՆ
Վերլուծություն
Մեկ բան է հաստատ. թե որ ուղղությամբ կգնան մեր տարածաշրջանում իրադարձությունները (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=267656&l=am), մեծապես կախված են ուժերի այն փոխհարաբերությունից, որն այսօր ձեւավորվում է աշխարհում, եւ որի ինդիկատորն է դարձել Մերձավոր Արեւելքի իրավիճակը:
Այս հարցում նախնական ցուցիչ կարելի է համարել նախօրեին Գազա հումանիտար օգնություն ուղարկելու հետ կապված ՄԱԿ-ի ԱԽ-ում կայացած ռուսական բանաձեւի քվեարկությունը: Փաստաթղթին աջակցել են Ռուսաստանը, Չինաստանը, ԱՄԷ-ն, Գաբոնը եւ Մոզամբիկը: Դեմ՝ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Ճապոնիան:
Բնականաբար, ռուս-չինական ոչ պաշտոնական դաշինքին պետք է ավելացնել Իրանին, արաբական, ավելի կոնկրետ՝ իսլամական աշխարհին, որտեղ շատերը թեեւ ունեն Արեւմուտքի ուղղությամբ սերտ շփումներ, սակայն Պաղեստինի հարցում նրանց խաղերը դառնում են սահմանափակ:
Ամերիկյան բլոկին էլ պետք է ավելացնել հիմնականում եվրոպական երկրներին, սակայն այստեղ խնդիրներ կան: Օրինակ, նախօրեին Լեհաստանում կայացած ընտրություններում թեեւ իշխող «Օրենք եւ արդարություն» կուսակցությունը ստացավ մյուսների հետ համեմատած ամենաշատ ձայները՝ 35,38%-ը, բայց ընդդիմադիր երեք կուսակցություններն ունեն միասնական 53,71 տոկոս, եւ փորձագետների գնահատմամբ, այստեղ կլինի իշխանափոխություն: Այն դեպքում, երբ ընդդիմությունը հիմնականում գործում էր թեեւ կայուն արեւմտյան, բայց նաեւ՝ ուկրաինական պատերազմի եւ Ռուսաստանի հետ հարաբերությունների մասով ներկա իշխանությունների քաղաքականությունը կտրուկ փոխելու դիրքերից: Նույն ներքին պատկերն է Գերմանիայում, Ֆրանսիայում, թեեւ Մակրոնը մինչ հաջորդ ընտրությունները դեռ բավական ժամանակ ունի: Ամեն դեպքում, Լեհաստանում հերթական անգամ ֆիքսվեց, որ հանրային կարծիքը դեմ է գործող քաղաքական իշխանությունների մոտեցումներին: Դրան էլ գումարվում են իսրայելյան պատերազմից առաջացող վախերը, որ այն կարող է ողջ Եվրոպայով մեկ ներքին պայթյուններ առաջ բերել, հաշվի առնելով իսլամական, այդ թվում՝ ծայրահեղ իսլամական տարրի քանակը: Եվ այս առումով, ԱՄՆ-ը համար Եվրոպան մնում է ոչ այնքան հուսալի դաշնակցի դերում:
Խնդիրներ, իհարկե, կան նաեւ ռուս-չինական առանցքում, այդ թվում՝ Ուկրաինայում Ռուսաստանի կաշկանդվածության փաստը, սակայն Չինաստանի եւ Իրանի պոտենցիալը դա նկատելիորեն կոմպենսացնում է: Միաժամանակ այն, որ Պետդուման սկսեց Միջուկային համապարփակ համաձայնագրի վավերացումը չեղարկելու ընթացակարգը, դա էլ իր հերթին հուշում է, որ Ռուսաստանը մինչեւ վերջ ձերբազատվում է իրեն կաշկանդող միջազգային գործիքներից, որն էլ իր հերթին է լուծում Ուկրաինայում կաշկանդված լինելուց բխող շատ հարցեր: Բացի այդ, Պուտինի երեկ մեկնարկած այցը Չինաստան եւ հանդիպումը նախագահ Սիի հետ, CNN-ի գնահատմամբ՝ «Կընդգծեն նրանց ընդհանուր տեսլականը նոր միջազգային կարգի վերաբերյալ, որտեղ այլեւս չի տիրի Միացյալ Նահանգների եւ նրա դաշնակիցների գերիշխանությունը»:
Միաժամանակ, պետք է նաեւ հաշվի առնել, որ Պուտինի այցը «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» ծրագրի երրորդ համաժողովին մասնակցության նպատակ էր հետապնդում, եւ այն, որ այս միջոցառման ժամանակ ՌԴ նախագահի ելույթն անմիջապես հաջորդեց Չինաստանի նախագահի ելույթին, իր հերթին է ցույց տալիս այն կարեւորությունը, որը Պեկինը տալիս է Մոսկվային: Գումարած դրան, չմոռանանք, որ չինական այդ նախագծի հիմնական բաղադրիչների թվում է Իրան-Հարավային Կովկաս ուղղությունը, եւ այս միջոցառումն իր հերթին եկավ հուշելու, որ կովկասյան հարթակն Արեւմուտքին հանձնելու միտք անգամ ռուս-չինական հարթակում չի դիտարկվում:
Այսպիսով, ունենք նման պատկեր: Ձեւավորվել է երկու այնպիսի հզոր երկու դաշինք, որոնց բախումը կնշանակի բոլորի ոչնչացում: Ընդ որում, կողմերը շարունակում են ցուցաբերել մաքսիմալ վճռականություն, թերեւս դրանով փորձելով հակառակորդին զիջումներ պարտադրել, սակայն նկատելի չէ, որ որեւէ մեկը պատրաստվում է նահանջել: Այսինքն, չպետք է բացառել, որ դեռ կշարունակեն մի փոքր էլ կռվել՝ ձգտելով դա պահել լոկալ բախումների կարգավիճակում: Ասենք, Իսրայելի հարվածները ՀԱՄԱՍ-ին, միգուցե բախումներ լինեն նաեւ Հեզբոլահի հետ, որը շատ ավելի լուրջ փորձություն կլինի: Բայց եթե բանը հասավ, ասենք, Իրանի դեմ ռազմական գործողություններին, ամենայն հավանականությամբ, ամեն ինչ միանգամից կպայթի: Մինչ այս գործել են մեխանիզմներ, որոնք նման իրավիճակում միանգամից սեղմել են արգելակները: Իհարկե, երաշխավորված չէ, որ այս անգամ դրանք անպայմանորեն կգործեն: Սակայն միջուկային պայմանագրից դուրս գալու ՌԴ-ի քայլն այս պահին հենց այն նախազգուշացումն է, որը Վաշինգտոնը չի կարող անտեսել: Այս առումով, շատ ավելի ռեալ տեսք ունի այն տարբերակը, որ արգելակները, ամեն դեպքում, կաշխատեն, եւ խոշորները կփորձեն գնալ լեզու գտնելու ուղղությամբ: Ինչ պայմաններով, իհարկե, դժվար է ասել: Բայց մեկ բան հաստատ է. կովկասյան տարածաշրջանը Մոսկվան, ասենք նաեւ՝ Իրանը ոչ մի դեպքում չեն տա:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ