Բայդենը պատերազմել չի կարող, չպատերազմել` նույնպես
Վերլուծություն
Իհարկե, թուրք-ազերիական տանդեմը, մի կողմից «3+3» տրամաբանությամբ շփվելով ռուս-իրանական բեւեռի հետ (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=268057&l=am), նաեւ ամերիկյան բեւեռի հետ ունի իր կապերը: «Մեծ եղբայրը» սկսել է իրեն դրսեւորել, որպես ակտիվ հակաիսրայելյան կողմ, նույն պահին «փոքր եղբայրը» այլ դիրքերում է: Այսինքն, «մի թեթեւ» Իսրայելին հայհոյելով, այնուամենայնիվ, շարունակում է մնալ այդ երկրի նավթի հիմնական մատակարարներից եւ զենք ներմուծողներից մեկը: Սակայն անգամ այդ երկակի խաղը Էրդողանի համար երաշխավորված դրական արդյունք չիերաշխավորում:
Նախ նկատենք, որ այն տպավորությունն է, որ Իսրայելի ներկա վարչակազմը ներկա իրավիճակը տեսնում է «կամ-կամ» հարթության մեջ: Իրանը, Արաբական աշխարհն աչքի առաջ գերհզորանում է, Չինաստանը տարածաշրջանում տեղավորվելու լրջագույն հայտ է ներկայացրել, Ռուսաստանն ամրապնդվում է Սիրիայում՝ սերտ համագործակցության մեջ մնալով Իրանի եւ Չինաստանի հետ, Թուրքիան սեփական խաղն է առաջ տանում՝ դուրս գալով ԱՄՆ-ի անվերապահ կամակատարի դերից, ու այդ ամենը Վաշինգտոնի երբեմնի դիրքերի հաշվին: Այսինքն, անցնում են ժամանակները, երբ հնարավոր էր ուժի միջոցով ապահովել Իսրայելի անվտանգությունը, եւ հենց հիմա պետք է լ, ինչպես նաեւ Բայդենն ակնարկեց, պետք է լուծումներ գտնել, որոնք կդառնան ապագայի երաշխիքներ: Ըստ այդմ, պետք է երկու առանցքային խնդիր ավարտել: Նախ, Գազայի հատվածի յուրացումն է եւ այդ վերջնական տեսքով Իսրայել պետության ճանաչումը պարտադրելը: Երկրորդը, քրդական պետության ստեղծումն է, որը կթուլացնի Իրանին, Իրաքին եւ Թուրքիային՝ դառնալով անվերապահ կամակատար եւ արաբական աշխարհին հակակշիռ: Հակառակ դեպքում Իսրայելի պահել-չպահելու հարցն է գործնական օրակարգում սրվելու:
Մեծ պատերազմի գնալու թեման, որն այս պահին քննարկում են բոլորը, կարող է հենց այդ «կամ-կամ»- ը դառնալ: Այս օրերին համաշխարհային փորձագիտական հանրությունը փորձում է տալ այն հարցի պատասխանը, թե ինչ հնարավոր զարգացումներ կարող են լինել, եթե Իսրայելը սկսի Գազայի հատվածում ցամաքային օպերացիա: Փորձագետների պատկառելի մասը դրանից բխող հնարավոր զարգացումները կապում է այլ հարցի հետ` այլ ուժեր կներգրավվե՞ն: Ըստ այդմ. «Իսրայել պետությունն ունի երկու կարեւոր ենթակառուցվածքային օբյեկտներ, որոնց վնասը կարող է ռազմաքաղաքական պարտություն առաջացնել։ Առաջինը Բեն-Գուրիոն օդանավակայանն է, որով տեղի է ունենում Իսրայել պետության հիմնական հաղորդակցությունն արտաքին աշխարհի հետ, ինչպես նաեւ Հայֆայի նավթավերամշակման գործարանը»: Եթե Գազա ներխուժումը հանգեցնի 150 հազար հրթիռ ունեցող «Հեզբոլլահի» պատասխանին, ապա, Իսրայելը կարող է նաեւ զրկվել իր այդ երկու կարեւորագույն օբյեկտներից: Ինչ վերաբերում է ցամաքային ռազմական բախումներին, ապա. «Վերջին օրերը ցույց տվեցին, որ իսրայելական «Մերկավա-3» եւ «Մերկավա-4» գովաբանված տանկերը լուցկու պես այրվում են ոչ միայն հակատանկային կառավարվող հրթիռների, այլեւ 1970-ականների հին խորհրդային նռնականետերի հարվածներից: Իսկ ի՞նչ կլինի, որ դրանից հետո Իսրայելը ստիպված լինի միաժամանակ չորս ճակատով պատերազմել:
«Եթե պատերազմին միջամտեն ամերիկյան ուժերը ավիակիրներից եւ նավերից, հնարավոր է նաեւ, որ բախումների մեջ մտնեն Իրանի, Եմենի եւ «Հեզբոլլահի» հրթիռային ուժերը»,- ենթադրում են նույն փորձագետները։
Այս ամենից զատ, Իսրայելը մեկ այլ լրջագույն խնդիր եւս ունի: Խոսքը ռազմամթերքի մասին է, որը լուծելու համար ԱՄՆ-ն արդեն իսկ ստիպված է կրճատել ուկրաինական մատակարարումները: Իհարկե, Իսրայելը կարող է դիմել միջուկային զենքի: Սակայն սա արդեն բոլորովին այլ պատերազմ է դառնալու:
Ահա, մոտավորապես այս տրամադրություններն են, եւ որ Իսրայելի կառավարությունը սկսել է տարբեր պատրվակներով հետաձգել Գազայի ցամաքային օպերացիան, վկայում է, որ այդ բոլոր խնդիրները պարզ գիտակցում են ամերիկյան եւ իսրայելյան զինվորականները: Ինչ վերաբերում է Բայդենին, ապա նա թեեւ շարունակում է տարածաշրջանում ուժեր կենտրոնացնել, բայց հասկանալի է, որ նա պատերազմել չի կարող, ասենք՝ չպատերազմել եւս:
Ընդ որում, Արեւմուտքը նաեւ աչքի առաջ ունի այն մասշտաբային բողոքի ալիքը, որը ծավալվում է ողջ Եվրոպայով եւ ԱՄՆ-ով մեկ: Այս առումով ուշագրավ դիտարկում ներկայացրեց հայտնի տեսաբան, «Սեւ կարապի» տեսության ստեղծող Նասիմ Թալեբը. «Գազա ցամաքային ներխուժումը դեռ չի սկսվել, բայց արդեն երեկ (անցած շաբաթ- Հեղ.) մոտ 300 հազար մարդ երթի է դուրս եկել Լոնդոնում։ Եթե հիմա չես կարողանում տեսնել պատմության դինամիկան, լուրջ խնդիր ունես»: Եվ ոչ միայն Լոնդոնում, նման մասշտաբային ալիք ծավալվում է գործնականում արեւմտյան բոլոր մայրաքաղաքներում: Եվ մեծ հարց է, թե այդ ալիքը չի՞ վերածվի հրդեհի: Բայց նաեւ, եթե այս իրավիճակում ԱՄՆ-ն ու Իսրայելը նահանջեն, ապա աշխարհում դա կգնահատվի, որպես վախեցած փախուստ՝ իր համապատասխան հետեւանքներով հանդերձ:
Ի դեպ, «Սեւ կարապի» տեսությունն այն է, որ գրեթե ցանկացած իրադարձության ընթացքը կարող է հանկարծակի եւ անդառնալիորեն փոխվել ինչ-որ անսպասելի եւ անկանխատեսելի իրադարձության պատճառով: Հոկտեմբերի 7-ին արաբա-իսրայելական հակամարտության վերսկսման փուլը շատերն անվանեցին «սեւ կարապ»՝ Ուկրաինայում շարունակվող հակամարտության համատեքստում: Այսինքն, Իսրայելից զատ, ԱՄՆ-ն պետք է հաշվի առնի, թե այս իրավիճակում ուր են գնում ուկրաինական իրադարձությունները: Գումարած չինական նավերը, ընտրությունները. չէ, ծերուկի վիճակը բանի նման չէ…
Ահա այս իրավիճակում Թուրքիան պետք է կողմնորոշվի: Եթե Իսրայելը որոշի նահանջել, այս դեպքում պետք է փորձի լինել հաղթողների թիմում: Եթե Իսրայելը դառնա հաղթող, ապա աչքի առաջ է ունենալու Մեծ Քուրդիստանի ստեղծման ռիսկը, որն իր համար մահացու է: Եվ այն, որ նման բարդ իրավիճակում նախընտրում է «3+3»-ի շրջանակներում ՌԴ-ի եւ Իրանի հետ նույն սեղանի շուրջ նստել, սկսում է ավելի տրամաբանական տեսք ստանալ:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ