Ծերուկ Բայդենի գլխին հերթական փորձանքը եկավ
Վերլուծություն
Ալիեւի կողմից՝ Բրյուսելում Նիկոլի հետ հանդիպումից հրաժարվելու հետ կապված (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=268289&l=am), կա նաեւ մեկ այլ էական հարցադրում: Այսինքն, երբ Իսրայելի շուրջ ներկա խառը իրավիճակն է, որի ընթացքում ԱՄՆ-ն ակնհայտորեն չգիտի, թե ինչ անի, Եգիպտոսում Մակրոնի գլխին ձվեր են նետում, Շոլցը սարսափահար գետնին է պառկում իսրայելյան օդանավակայանում, մի խոսքով, այս բոլոր անորոշությունների պարագայում Արեւմուտքը կարո՞ղ է միաժամանակ շարունակել առաջ մղել Հարավային Կովկասից ռուսներին դուրս մղելու, այսինքն՝ Նիկոլ կոչվող խաղաքարտը նախկին տեմպերով առաջ տանելու ծրագիրը: Առավել եւս, որ Ալիեւը բացահայտորեն հասկացնել է տալիս, որ նման իրավիճակում ավելի նախընտրելի է համարում ՌԴ-ի եւ Իրանի հետ սերտ կապերը, քան Արեւմուտքը, որը, ի դեպ, իր նկատմամբ ճնշումային քիչ լծակներ ունի:
Նկատենք, որ ռուս-իրանական թեւի հետ հարաբերությունները չփչացնելու հարցում միակ քայլն Ալիեւի՝ Բրյուսել չմեկնելը չէ: Խոշոր հաշվով, նման ցուցադրական քայլ է նաեւ «Politico»-ին տված հարցազրույցում Հիքմեթ Հաջիեւի հայտարարությունը, թե՝ «Զանգեզուրի միջանցք» նախագիծն այլեւս գրավիչ չէ Բաքվի համար, իսկ Ադրբեջանը չի պլանավորում գրավել Սյունիքը: Ըստ Հաջիեւի, նախագիծը, այնուամենայնիվ. «Դեռ սեղանին է, բայց հայկական կողմը պետք է ցույց տա, որ իսկապես շահագրգռված է դրանով»։
Այս հայտարարության իմաստն այն է, որ Ադրբեջանը կարող է նաեւ նախընտրել Իրանով Նախիջեւան հասնելու տարբերակը: Իհարկե, դա Ալիեւի երազանքների տարբերակը չէ, շատ ավելի նախընտրելի է «Զանգեզուրի միջանցքը», որը նաեւ «Թյուրքական միջանցքի» հեռանկար է բացում: Միայն թե այդ դեպքում պետք է բախման մեջ մտնել Իրանի եւ ՌԴ-ի հետ: Եվ ահա Ալիեւն էլ Հաջիեւի միջոցով այն մեսիջն է փորձում հղել, որ նման բախումը համարում է անցանկալի, եւ դա, իհարկե, իր լուրջ տրամաբանությունն ունի: Բաքուն, ասենք նաեւ՝ Անկարան, լավ են հասկանում այն մեծ փոփոխությունները, որոնք աչքի առաջ տեղի են ունենում մեծ տարածաշրջանում: Չնայած բազում հոխորտանքներին, Իսրայելն այդպես էլ չի համարձակվում մտնել Գազա եւ քանի դեռ չի համարձակվել, ավելին՝ բացարձակ հաղթանակ չի արձանագրել, Էրդողանի եւ Ալիեւի ներկա վերաբերմունքն Իրան-Ռուսաստան առանցքի հանդեպ հազիվ թե փոխվի:
Ընդհակառակը, այս պահին Թուրքիան է ակտիվորեն տեղավորվում հակաիսրայելյան ուղեծրում: Բանը հասել է նրան, որ Էրդողանը հրապարակավ հայտարարում է Իսրայելի հետ համատեղ էներգետիկ ծրագրերց, այդ թվում՝ Միջերկրականով գազամուղի կառուցման մեծ նախագծից հրաժարվելու մասին, Ֆիդանը դարձավ ՆԱՏՕ-ական երկրների արտգործնախարարներից միակը, ով հանդիպեց ՀԱՄԱՍ-ի ղեկավարների հետ՝ քննարկելով. «Իրավիճակի զարգացումը Գազայում, իսրայելական ագրեսիային դիմակայելու եւ պաղեստինցի քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու միջոցները», եւ այլն:
Բայդենը, իհարկե, կարող էր Էրդողանի նման արարքները համարել դավաճանություն: Միայն թե ԱՄՆ նախագահն այն վիճակում չէ, որ այս խառը պահին գնա Անկարայի հետ «քյալլա տալու» ճանապարհով: Հերիք չէր ուկրաինական խնդիրը, դրան գումարած՝ իսրայելյան այս պատմությունը, դեռ մի բան էլ ներամերիկյան հարթակում է վիճակը դառնում կրիտիկական: Այսպես, ԱՄՆ Կոնգրեսի նախագահ ընտրվեց Մայք Ջոնսոնը, ով Թրամփի մերձավորներից մեկի համարումն ունի, նաեւ դեմ է քվեարկել Ուկրաինային օգնությանը։ Ու իր առաջին իսկ ելույթով նոր խոսնակը կոչ է հնչեցրել՝ հաստատել Իսրայելին տրամադրվող օգնությունը եւ բառ անգամ չի ասել Ուկրաինայի մասին:
Սակայն այս դեպքում Բայդենի հիմնական գլխացավանքը նաեւ Ուկրաինան չէ: Այն պարագայում, երբ Թրամփը կարողանում է իր կողմնակիցներից մեկին դարձնել Կոնգրեսի խոսնակ, դժվար չէ կռահել, թե ներքաղաքական ներկա ծանր պայքարում ինչ մեծ հարված է Բայդենի համար: Գումարած, երբ դեռ կա պետական բյուջե հաստատելու գերխնդիրը: Կարճ ասած, ամենատարբեր դրվագներով ամերիկյան ներքաղաքական կյանքը միայն գերշիկանալու հեռանկար է խոստանում, որը չի կարող էլ ավելի չբարդացնել առանց այդ էլ ոչ քաղցր արտաքին կյանքը: Ու բնական է, որ նման իրավիճակում Էրդողան-Ալիեւ տանդեմն ավելի նախընտրելի է համարում ռուս-իրանական ուղղության հետ չթշնամանալու ուղին, բնականաբար, աչքի առաջ ունենալով նաեւ չինական գործոնը:
Նիկոլի մոտ դեռ հակառակն է՝ Ռուսաստանի հետ թշնամության խորացում եւ Մակրոնի կարգի հովանավորներով դեպի Արեւմուտք թռիչքի ձգտում: Տեսնենք, թե տակից դուրս կգա՞ն…
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ