Ալիեւը պատրա՞ստ է մեծ ռիսկի գնալ` ներխուժելով Սյունիք
Վերլուծություն
Օրերս հայտարարությամբ էր հանդես եկել Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը, թե առաջիկա օրերին եւ շաբաթներին Ադրբեջանի կողմից Հայաստան ներխուժելու մեծ հավանականություն կա: Իհարկե, նման մտահոգություն միշտ էլ կա, քանի դեռ Հայաստանի վարչապետի աթոռին Նիկոլն է: Սակայն Լեմկինի ինստիտուտի ասածները եւս չենք կարող զուտ մասնագիտական գնահատական եւ ոչ թե՝ քաղաքական խաղ համարել:
ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ «ԲԱՅՂՈՒՇՈՒԹՅՈՒՆԸ»
Ի վերջո, չմոռանանք. Լեմկինի ինստիտուտը թեեւ ցեղասպանության կանխարգելման հարցում ունի որոշակի հեղինակություն, ավելին, այդ կառույցը մի շարք փորձագիտական գնահատականներով հանդես եկավ նաեւ ամիսներ շարունակ արցախահայության գլխին կախված` ցեղասպանության վտանգի հետ կապված: Բայց փաստն այն է, որ այդ կառույցի զգուշացումները՝ ուղղված ինչպես Պետդեպարտամենտին, այնպես էլ արեւմտյան մի շարք լիդերների, մնացին անարձագանք: Ըստ այդմ էլ, տարածվեց նաեւ վարկած, որ նման գնահատականները կարող են նաեւ ամերիկյան պատկան օղակների համագործակցությամբ «գեղեցիկ խաղ» լինել՝ գլոբալ ռեակցիայի ստուգման համար: Այսինքն, ասվում է մի բան, եւ եթե պատասխան ռեակցիան բարենպաստ է, ուրեմն կարելի է գործել:
Եթե այս վարկածով առաջնորդվենք, ապա ադրբեջանական ներխուժման այս հերթական գնահատականը եւս կարող է մի այդպիսի ստուգման միջոց լինել: Հաշվի առնելով նաեւ մեկ այլ փաստ. դեռ վերջերս էր, որ Ադրբեջանի հնարավոր հարձակման մասին խոսեց նաեւ պետքարտուղար Բլինքենը, որը շատ փորձագետներ համարեցին Վաշինգտոնի մեծագույն ցանկություն՝ կովկասյան տարածքում նոր հրդեհ առաջացնելուն ուղղված: Հետո արագորեն որոշեցին սրբագրել Բլինքենի խոսքը, որն էլ ավելի հաստատեց կասկածները, թե՝ բարենպաստ ռեակցիա չեղավ, եւ ԱՄՆ-ն փոխեց ելեւէջները: Ու այս տեսանկյունից նայելու դեպքում, թերեւս պատահական չի կարող լինել նաեւ այն, որ այս նոր կանխատեսման պարագայում էլ պետքարտուղարությունը նախօրեին արձագանքեց, թե՝ ԱՄՆ-ն իր վճռական աջակցությունն է հայտնում Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը. «Մենք ընդգծել ենք, որ այդ ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության ցանկացած խախտում կբերի լուրջ հետեւանքների։ Մենք պարբերաբար շեշտում ենք մեր ակնկալիքները, ինչպիսին է ուժի կիրառման դեմ հորդորը, եւ շարունակաբար հետեւում իրավիճակին։ Հայաստանը Միացյալ Նահանգների մտերիմ գործընկերն է ու բարեկամը…»:
Բնականաբար, պետքարտուղարության նման «ջերմեռանդ» տոնայնությունը մի շարք կոնկրետ հարցեր է առաջ քաշում: Օրինակ, արցախահայությանը եւս նույն «ջերմեռանդությամբ» պաշտպանություն էին խոստանում եւ գոնե մեկ քայլ արեցի՞ն՝ ցեղասպանության կանխարգելման կամ Ադրբեջանին պատժելու ուղղությամբ: Այս առումով, օրինակ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն էլ է կոնկրետ հարցեր առաջ քաշում. «Եթե ԱՄՆ-ն անկեղծ է իր գնահատականներում, ապա պետք է բացատրի, թե ինչպե՞ս ստացվեց, որ Ադրբեջանի համար որեւէ հետեւանք չեղավ, երբ 2021-2022 թվականների ընթացքում խախտեց ՀՀ տարածքային ամբողջականությունը՝ տարբեր ուղղություններով ներխուժեց ՀՀ տարածք ու այս պահին էլ շարունակում է դրանք օկուպացված պահել: Նույնը վերաբերում է ուժի կիրառման վերաբերյալ հորդորներին, որը որպես սկզբունք դրված էր նաեւ Արցախի հարցի կարգավորման հիմքում, սակայն որեւէ հորդոր կամ զսպող միջոց գործի չդրվեց, ու Ադրբեջանը 2020-2023 թվականների ընթացքում ուժի կիրառման միջոցով իրացրեց իր ցեղասպան քաղաքականությունը եւ ամբողջական վերահսկողություն հաստատեց Արցախի նկատմամբ…»:
Իրականում մեկ պարզ փաստ դժվար չէ տեսնել, որ այս պահին ԱՄՆ-ն ամենաշահագրգռվածն է, որ կովկասյան հարթակում մեծ պայթյուն տեղի ունենա: Եվ դա միանգամից մի քանի նպատակներով: Նախ, Իսրայելի շուրջ ընթացող զարգացումների ֆոնին կովկասյան հարթակում՝ Հայաստան-Ադրբեջանից մինչեւ Ռուսաստանի հարավային շրջաններ (նկատի ունենք նաեւ Դաղստանի վերջին իրադարձությունները) նման պայթյունը դառնալու է ոչ միայն ՌԴ-ին, այլ նաեւ Իրանին ուղղված երկրորդ ռազմաճակատ: Հաշվի առնելով նաեւ, որ վերջերս տեղի ունեցած «3+3» ձեւաչափով հանդիպումն ԱՄՆ-ին հղեց ազդակ, որ գոնե տարածաշրջանի առանցքային պետությունների համար նման սցենարն ամենաանցանկալին է, որը փորձում են ամեն կերպ կանխել:
Հաջորդը, ԱՄՆ-ն բացահայտ հայտ է ներկայացնում նաեւ տարածաշրջանի կոմունիկացիոն առանցքային հանգույցները, եւ առաջին հերթին՝ Մեղրիի ուղղությունը սեփական աշխարհաքաղաքական վերահսկողության տակ վերցնելու համար: Մինչդեռ եթե իրականում տեսանելի եւ շոշափելի ձեւով կյանքի կոչվի Մեղրիի շրջանցմամբ Իրան-Ադրբեջան հայտնի նախագիծը, ամերիկյան այդ նկրտումներն ու Նիկոլն առհասարակ, Վաշինգտոնի համար կկորցնեն իրենց արդիականությունը: Ու ամերիկյան այս բոլոր շահերն առաջ տանելու լավագույն լուծումը կարող է դառնալ նոր պատերազմը՝ Ադրբեջանի Սյունիք ներխուժման տեսքով:
ԱՐԱԲՆԵՐԸ ԴԱՎԱՃԱՆՈՒՄ ԵՆ ԱՐԱԲՆԵՐԻՆ
Սակայն ամերիկյան այս նկրտումները եւ դրանք պարբերաբար օրակարգ բերելը նոր բան չէ եւ դեռ հարցի մի կողմն է: Ամբողջ խնդիրը եղել եւ մնում է այն, թե Ալիեւը պատրա՞ստ է գնալ գործնականում այդ բացահայտ հրավերին, որը, ինչպես քանիցս ենք նշել, ոտնատակ գնալու մեծ ռիսկ է ոչ միայն Հայաստանի, այլ հենց Ադրբեջանի համար:
«Հայաստանի ներկա կառավարությունը եւ Ադրբեջանի կառավարությունը երկու ձեռքով կողմ են, որ Ռուսաստանը դուրս մղվի տարածաշրջանից»,- պնդում է Կոնստանտին Զատուլինը։ Միգուցե, սակայն ինչպես պատերազմի, այնպես էլ ռուսներին դուրս մղելու հարցում առաջնայինն այն չէ, թե ինչ են ուզում, այլ այն, թե ինչ են կարող: Օրինակ, ռուսական ռազմաբազան Հայաստանից հանելու հարցում Նիկոլը լուրջ խնդիր ունի. պայմանագրի լուծարման համար պետք է երկու կողմի համաձայնությունը, իսկ Ռուսաստանը հազիվ թե նման համաձայնություն տա:
Միաժամանակ, Ադրբեջանը, բնականաբար, մինչ պատերազմի գնալը, պետք է ռուսներից զատ, նաեւ մի քանի այլ գործոններ հաշվի առնի: Նախ՝ Իրանի փաստը, երկրորդը, Թուրքիայի տրամադրությունները, վերջապես, որ իր հերթին պատերազմի մեջ մխրճված Իսրայելը հազիվ թե կարողանա նախկին ծավալներով զենք-զինամթերք տրամադրել:
Ամեն դեպքում, թվարկվածներից, իհարկե, առաջնայինը եղել եւ մնում է Թուրքիայի իրական ծրագրերը՝ կապված ինչպես Հարավային Կովկասի, այնպես էլ՝ Իսրայելի հետ: Բայց նախ նկատենք, որ արաբական հիմնական տերությունների դիրքորոշումը բավականին տարակուսելի է, որն արդեն իսկ սկսում է ի ցույց դնել Թեհրանը: Օրինակ, թեեւ Հորդանանը որոշել է հետ կանչել Իսրայելում իր դեսպանին, սակայն այդ նույն պահին այդ երկրում տեղակայված ամերիկյան ՀՕՊ համակարգը չեզոքացնում է Եմենից դեպի Իսրայել թռչող բալիստիկ հրթիռները: Նույնկերպ ԱՄՆ-ը նաեւ Սաուդյան Արաբիայում է ՀՕՊ-ի նոր համակարգեր տեղակայելու մասին տեղեկացրել, անկախ նրանից, թե արաբական աշխարհի եւ սունի իսլամի լիդեր հանդիսացող սաուդյան իշխանություններն ինչ են խոսում Պաղեստինի մասին: Եգիպտոսն իր հերթին է շարունակում նավթ մատակարարել Իսրայելին եւ այդպես շարունակ: Ընդ որում, այդ բոլոր երկրներում բնակվում են արաբներ, կա իսլամական խորը տրամադրություններ, եւ դրանք հիմնականում տարակուսած են, թե ինչպես են իրենց սեփական իշխանությունները եւ հավատի ղեկավարները թույլ տալիս նույն արաբ պաղեստինցիների ցեղասպանությունը, մինչդեռ սունիների համար թշնամական շիաների առաջնորդ Իրանը եւ նրան ենթակա համակարգերը հայտնվել են պաղեստինցի արաբներին պաշտպանելու առաջնային դիրքերում: Արդյունքում, սունի արաբները սկսել են որոշակի հույսեր կապել Էրդողանի հետ, եւ նա կցանկանա՞ բաց թողնել այսքան հարմար առիթը: Նաեւ, որ հակառակ դեպքում Իրանին է զիջելու ողջ իսլամի առաջնորդի ֆունկցիան:
ԹՈՒՐՔԻԱՆ ԴԵՌ ՍՊԱՍՈՒՄ Է
Ահա այս իրավիճակում Էրդողանը թեեւ սուր հայտարարություններով հանդես է գալիս, սակայն մինչեւ իսկ Իրանն է սկսել նրան եւ մյուս ամբողջ իսլամական աշխարհին քննադատել, որ խոսելուց այն կողմ՝ գործնական որեւէ քայլ չկա: Օրինակ, Իսրայելը շարունակում է էներգառեսուրսներ ստանալ հիմնականում իսլամական երկրներից՝ Ղազախստանից, Ադրբեջանից, Եգիպտոսից եւ այլն: Ու նախօրեին Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեի հնչեցրած կոչը իսլամական երկրների կառավարություններին՝ Իսրայելին նավթ եւ պարենամթերք չարտահանելու պահանջով, թերեւս կզարգանա սունի իսլամի առաջնորդներին իսլամի դավաճաններ հռչակելու ուղղությամբ:
Ընդ որում` այն, որ այդ հայտարարությունն ուղղված էր առաջին հերթին Ադրբեջան-Թուրքիային եւ հնչեց Անկարա՝ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի այցի շեմին, իհարկե, պատահական չէր: Այս այցը եւ Էրդողանի հետ հանդիպումը, թերեւս, Թեհրանի կողմից մի հերթական փորձ էր՝ Անկարային Արեւմուտքի եւ Իսրայելի դեմ ռեալ պայքարի դաշտ տեղափոխելու համար։ Բանակցությունների արդյունքում, Թուրքիայի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսում, Աբդոլլահյանը հայտարարեց՝ եթե պատերազմն անմիջապես չդադարի, ապա պատասխանատվությունը, որ իրավիճակը տարածաշրջանում դուրս կգա բոլոր կողմերի վերահսկողությունից եւ կընդլայնի պատերազմի մասշտաբներն ու շրջանակները, ընկնելու է Ամերիկայի եւ իսրայելական կեղծ ռեժիմի վրա։ Սա նշանակո՞ւմ է, որ Անկարան եւս համաձայնվել է ակտիվացնել իր գործողությունները, դեռ դժվար է ասել: Առավել եւս, որ Բլինքենը երկու օրից մեկնում է Թուրքիա, եւ, բնական է, Էրդողանը նաեւ նրան է լսելու՝ վերջնական եզրակացության հանգելու համար:
Մյուս կողմից, ԱՄՆ-ն սկսել է Բայդենի մակարդակով ակնարկել Նեթանյահուի պաշտոնանկության հնարավորության մասին, իսկ այդ դեպքում ավելի հավանական կդառնա, որ կփորձեն ինչ-որ փոխընդունելի խաղաղ ելք գտնել: Վերջին հաշվով, եթե այսքան ռեալ է դարձել իրանա-ամերիկյան բախման հեռանկարը, որը միանշանակ տանելու է Երրորդ աշխարհամարտի, ինչ-որ պահի պատերազմը կանգնեցնելու ելք գտնելը դառնում է բոլորի համար ձեռնտու: Սակայն եթե ընդունենք, որ հենց այս սցենարն է օրակարգում, դա պետք է որ նաեւ Ալիեւին վերաբերվի: Այն հաշվով, որ հարավկովկասյան հարթակում նոր պայթյունի դեպքում Երրորդ աշխարհամարտի հեռանկարը կարող է դառնալ անշրջելի գործընթաց:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ