Էրդողանը շարունակում է «Թյուրքական միջանցք» պահանջել
Վերլուծություն
Թե ինչու է Ալիեւն այս փուլում փորձում Մոսկվայի հետ հարաբերություններում ոչ միայն չգնալ թշնամանքի ճանապարհով, այլ ցույց տալ միանգամայն բարիդրացիական, ավելին՝ դաշնակցային վիճակ, կարելի է հասկանալ: ԱՄՆ-ն, ուկրաինականից զատ (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=269023&l=am), խրվել է նաեւ Մերձավոր Արեւելքի «ճահիճը», կա նաեւ Չինաստանի գործոնը, ներամերիկյան գնալով վատթարացող մթնոլորտը: Իսկ այդ իրավիճակում, հասկանալի է, հարավկովկասյան տարածաշրջանում ռուսական գործոնը դառնում է ավելի առաջնային: Առավել եւս, երբ ուկրաինական պատերազմը կարող է անսպասելիորեն ամեն պահ ավարտվել, որից ռուսական բանակն ու ռազմական տնտեսությունը, մեծ հավանականությամբ, դուրս կգան շատ ավելի մեծ պոտենցիալով, քան մինչ այդ ունեին: Եվ այն, որ Նիկոլն այս իրավիճակում մտածելու շատ բան ունի, դա եւս կարելի է հասկանալ:
Ամեն դեպքում, այս պահին նիկոլյան թիմը մի կողմից փորձում է Հռոմի ստատուտի հետ կապված` ինչ-որ արդարացումներ գտնել, թե՝ ռուսների հետ քննարկում են այն շրջանցելու թեման։ Իսկ երբ Հակոբ Արշակյանի հայտնի հայտարարության հետ կապված ՌԴ ԱԳՆ-ից եկավ արձագանք, թե՝ «Դա չի համապատասխանում իրականությանը», եւ որ՝ «Փոխզիջումային լուծումներն անտեսվել են», ապա Արշակյանի հայտարարությունը սկսեց նմանվել մեսիջի, թե ինչ կլինի, եկեք լուծումներ գտնենք խնդիրը հարթելու համար: Ու անմիջապես էլ Միրզոյան Արոն սկսեց խեսել, թե Ռուսաստանի հետ հարաբերություններում. «Մենք որեւէ այլ դիրքորոշում չունենք, քան կառուցողական կերպով խնդիրները քննարկել, հասկանալ, հարթել եւ բարեկամաբար առաջ շարժվել այդ ուղղությամբ: Սա է մեր դիրքորոշումը»:
Բայց սրա հետ մեկտեղ, նույն Արոն միաժամանակ Գերմանիայի արտգործնախարար Բերբոքի հետ ասուլիսում այս միտքն էր առաջ տանում. «Անվտանգության մեխանիզմները, որոնց վրա հենվել է Հայաստանը, արդյունավետ չեն աշխատել ե՛ւ տնտեսական առումով, ներառյալ էներգետիկ փոխկապակցվածությունը, ե՛ւ ընդհանրապես՝ արժեքների առումով, Հայաստանն իսկապես շահագրգռված է ԵՄ-ի, անդամ երկրների, Գերմանիայի հետ հարաբերությունների խորացմամբ»: Մինչդեռ Բերբոքն այսպիսի մտքեր է առաջ տանում. «Գերմանիան պաշտպանում է Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Սա բանակցությունների հիմքն է։ Շատ դժվար հարցեր են առաջանում սահմանների վերաբերյալ: Հայաստանի և Ադրբեջանի համար մեծ խնդիր է գտնել լուծում»: Ու կարո՞ղ է սույն գերմանուհին բացատրել, թե ինչ սահմանային «շատ դժվար» հարցերի մասին է խոսքը, երբ դրանից առաջ Արոն հայտարարում էր, թե պետք է վերցնել ամենաթարմ խորհրդային քարտեզներն ու սահմանները գծել, եւ Ադրբեջանը դրա հետ համաձայն է: Այստեղ որեւէ «մեծ խնդիր» չկա, եւ եթե Բերբոքն իր այդ խոսքով, ըստ էության, կասկածի տակ է առնում Հայաստանի սահմանները, տեսնես ինչո՞ւ Արոն չի բողոքում, թե՝ մինչեւ Հայաստանի սահմանները չճանաչեք, եվրոպացի դիտորդներին այնտեղ չենք թողնի: Այնպես, ինչպես անում են ՀԱՊԿ-ի պարագայում: Ու դրանից հետո դեռ բողոքո՞ւմ են ռուսներից:
Մի խոսքով, նման է նրան, որ դեռ Եվրոպա երազելով, նիկոլյան իշխանությունները հասկանում են նաեւ, որ եթե Մոսկվան կարողանա վերջացնել ուկրաինական պատերազմը, նաեւ այս տարածաշրջանում է դա տրամադրությունների արմատական փոփոխության բերելու: Առավել եւս, որ Ալիեւը համառորեն հրաժարվում է Բրյուսելի ձեւաչափից: Էրդողանն էլ իր հերթին է համառորեն նույն հայտարարություններն անում, թե. «Կարեւոր է, որ Հայաստանը կատարի Ադրբեջանի հանդեպ պարտավորվածությունները: Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի միջեւ կապը մեծ կարեւորություն ունի։ Այդ ուղղու բացումը ամբողջ տարածաշրջանի բարգավաճման համար աջակցություն կլինի, ինչպես նաեւ Թուրքիային կկապի մեր պապերի հայրենիք Միջին Ասիայի հետ։ Այս գործընթացը հաջողությամբ ավարտին հասցնելու համար, որպես թյուրքական աշխարհ, պետք է շարունակենք աջակցել Ադրբեջանին»:
Եվ այն, որ այս իրավիճակում նորից Հայաստանի համար միակ տարբերակը մնում է ՌԴ-ի հետ հարաբերությունները, դա երեւի չհասկանան միայն նրանք, որ վերջնականապես են խաչ քաշել այս երկրի վրա: Այս տեսանկյունից, հերթական անգամ Մոսկվայից եկավ առաջարկ՝ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի միջոցով: Ըստ նրա, Մոսկվան կապի մեջ է Երեւանի ու Բաքվի հետ նրանց միջեւ հարաբերությունների կարգավորման համար, եւ այս պահին խաղաղության պայմանագրի նախապատրաստական աշխատանքներն են տարվում: «Բոլոր նախադրյալները կան»,- ամփոփեց նա: Ու հասկանալ կարելի է, որ խոսքը նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի շրջանակներում նախատեսված լուծումների մասին է, այդ թվում՝ կոմունիկացիաների գործարկման հետ կապված:
Իսկ այլընտրանքն Էրդողանի կողմից հերթական անգամ հնչեցված «թյուրքական աշխարհ», «պրոխոդնոյ դվոր» դառնալն է: Մնացածը Նիկոլի որոշելիքն է, չնայած, իրականում նա չէ որոշողը:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ