ԿՐՏՍԵՐ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՄՈՒՏՔ Է ԳՈՐԾՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏ
Վերլուծություն
Պարզվում է, «Նոր Հայաստանում» քաղբանտարկյալների քանակը պետք է «կոնստանտ» լինի` մոտավորապես 50+, և այդ տրամաբանությամբ Լևոն Քոչարյանը հենց որ իրավունքի ուժով ազատվեց, տեղնուտեղը կալանավորեցին նախկին պատգամավոր Արագած Ախոյանին` «բռնության կոչերի» կամայական հոդվածով: Երևի, Փաշինյանի դրսի խորհդատուները ասել են, որ պիտի վախի մթնոլորտ ստեղծի, ու բանտարկված ընդդիմադիրները չպիտի պակասեն: Բայց արդյո՞ք «դուրսը` քահանա, ներսը` սատանա» խաղացող վարչապետը կարող է վախ ներշնչել ընդդիմադիրներին, ինչքան էլ ընդօրինակի 1920–կանների «հայ» բոլշևիկներին:
«ԿԱՌԼՈ ՀԱՅՐԻԿԻ» ՊԵՍ ԿԿԵՐՏԻ՞ ՔԱՂԳՈՐԾԻՉ
Լևոն Քոչարյանը բանտը լքելուց հետո խոստովանեց, որ իր համար ինչ–որ չափով անակնկալ էր պատգամավորական մանդատով օժտվելը: Դա հասկանալի է` մինչ այդ նա եղել է հաջողակ մարզիկ, քաղաքացիական ակտիվիստ, նաև բողոքի ցույցեր է առաջնորդել, սակայն հրապարակային քաղաքական ելույթներ չի ունեցել: Եվ դառնալով ԱԺ պատգամավոր` միանգամից ստանում է քաղաքական գործչի վերածվելու պարտավորություն: Ընդ որում, բավականին արագ` Քոչարյան ազգանունը պարտավորեցնող է:
Անշուշտ, դա հեշտ գործ չէ, սակայն այնպես չէ, որ Ազգային ժողովում Լևոնը պետք է սովորի բացառապես սեփական փորձով: Նա տանն ունի ուսուցիչ և խորհրդատու` ի դեմս 1988–ից քաղաքականության մեջ եփվող Արցախի առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի: Անշուշտ, Ռոբերտ Սեդրակիչը կարող է նրանից կերտել քաղաքական գործիչ, ինչպես հայտնի հեքիաթի Կառլո հայրիկը կերտում էր Բուրատինոյին, միայն թե Լևոնն ընդունակ աշակերտ լինի: Դա պետք է նաև ՀՀ երկրորդ նախագահին, քանի որ սերնդափոխության խնդիր ունի, ինչքան էլ լավ մարզավիճակում լինի: Խոստովանենք, որ քաղաքական սերնդափոխության գործում Անդրանիկ Թևանյանն այնքան էլ հաջող կադր չէր, այլ կադրերի տեսակետից էլ Ռոբերտ Քոչարյանն առանձնապես հարուստ չէ, մանավանդ որ սեփական կուսակցություն ու առավելևս սեփական քաղաքական դպրոց չունի: ՀՅԴ–ն թեև ավանդական մտերմություն ունի ՀՀ երկրորդ նախագահի հետ, սակայն Ռոբերտ Քոչարյանը դաշնակցական չէ, ու խոշոր հաշվով չի կարող վերահսկել ՀՅԴ–ն:
Հետևաբար, ՀՀ երկրորդ նախագահի համար լավագույն տարբերակը իր որդի Լևոնին քաղաքական գործիչ դարձնելն է: Դա իհարկե ռիսկային քայլ է, քանզի որդու ձախողումներն ինքնաբերաբար համարվելու են հոր ձախողումներ: Բայց ճիշտ է և հակառակը` որդու հաջողություններն անմիջապես դառնալու են Ռոբերտ Քոչարյանի հաջողությունները: Սակայն երիտասարդ պատգամավորին ԱԺ–ում նաև փորձություններ են սպասվում:
Նախ` իր պատգամավորության ճանապարհը հարթելու համար մանդատից հրաժարվեցին կենսագրություն ունեցող մարդիկ, և դա պարտավորեցնող է: Ճիշտ է, դա արվել է նաև թիմային համերաշխությունից դրդված` ֆիզիկական ազատությունն ապահովելու նկատառումով, սակայն հիմա դա արդեն կաևոր չէ: Լևոն Քոչարյանի համար շատ կարևոր է խորհրդարանական վարքագծի մոդելի ընտրությունը, և «Հայաստան» խմբակցության վարքագծային մոդելը դժվար է համարել լավագույնը: Վճռորոշ է նաև ՔՊ–ի լպիրշ վերնախավից ճիշտ դիստանցավորվելը, որպեսզի նրանց մտքով իսկ չանցնի վարվել այնպես, ինչպես մինչև հիմա վարվում են «Հայաստան» դաշինքի պատգամավորների հետ: Նաև պրոֆեսիոնալ մանիպուլյատոր Փաշինյանի հետ վարվելու կանոնների պահպանումն է շատ կարևոր:
Ինչևէ, շանսեր կան, որ Լևոն Քոչարյանը նոր շունչ կհաղորդի ԱԺ ընդդիմության, ու մասնավորապես հարազատ խմբակցության աշխատանքին: Հակառակը պարզապես ֆիասկո կլինի ՀՀ երկրորդ նախագահի թիմի համար:
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԻ «ԳԵՂԱԿԱՆ» ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Սակայն վերադառնանք վարչախմբի քաղաքական ռեպրեսիաներին ու մասնավորապես Արագած Ախոյանի կալանքին: Իհարկե, չկա իշխանություն, որը քաղաքական նկատառումներով երբեք չկիրառի «անհարմար» անձանց բանտարկությունը, և իհարկե «նախկիններն» էլ սուրբ չէին: Սակայն պետական ավանդույթ ունեցողները դա անում են, եթե այլ ճար չեն ունենում, բայց պարտադիր` գոնե ճշմարտանման զուտ կրիմինալ վարույթներով: Իսկ «ուսապարկավորների» արածը իրենց նման պրիմիտիվ է և զզվելի: Օրինակ, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի փոխանցմամբ. «Արագած Ախոյանը այսօր (նոյեմբերի 6–ին–խմբ.) ձերբակալվել է հինգ ամիս առաջ կատարված գրառման, «բռնության կոչ» հնչեցնելու համար։ Եթե հինգ ամսվա ընթացքում այդ կոչին որևէ մեկը չի արձագանքել, այդ կոչով ոչ ոք բռնություն չի գործել, ապա դա «բռնության կոչ» համարող ցանկացած «իրավապահ»–ի պետք է տանել հարկադիր հոգեբանական բուժման»։ Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն էլ ուղղակի մեջբերում է այն, ինչը 5 ամիս անց դարձել է կալանքի պատրվակ. «Ցուցակագրեք էն բ... թուլեքի ցանկը, որոնց սատկացնելու ենք նիկոլի սիկ․․․ հետո»:
Այսինքն` ընդդիմադիրներին կալանավորում են կամ առնվազն քրեորեն հետապնդում զուտ իրենց ասած խոսքի համար, ու այդպես էլ մրոտում են դատախազա–քննչական մակուլատուրայում: Վառ օրինակ` Ավետիք Իշխանյանյանի դեմ մեղադրանքը «Մահ դավաճաններին» դարձվածքի համար, ինչը նշանակում է, որ իրավապահները այս իշխանություններին ճանաչում են դավաճանակույտ, և պետական դավաճանությունն ուղղակի իրավական պաշտպանության տա՞կ է հայտնվում... Նույնը` Նարեկ Մալյանի գործը: Իսկ ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանի օրինակը, որը ստացել է «Գեբելսի գործ» անունը, լրիվ օրուէլական է: Կրկին Ռուբեն Մելիքյանի մեջբերմամբ, Ա. Ադիբեկյանի գրառումը. «Եթե Փաշինյանը չդիմի Հիտլերի վերջին քայլին, ապա նրան սպասում է Հեբելսի ճակատագիրը»։ Դե, նույն հաջողությամբ կարելի է դատել և, օրինակ, ՌԴ–ում շատ տարածված «Убейся об стенку» մաղթանքի համար:
Այդ բոլոր «քրգործերը» մի բանի մասին են` եթե Փաշինյանին կամ նրա մերձավորագույն շրջապատին դուր չեկավ որևէ ընդդիմադիր գործչի կամ քաղաքացու որևէ հրապարակային խոսք, ապա դատաՂազներն անմիջապես հանձնարարություն կստանան քրեորեն հետապնդել հենց այդ խոսքի համար, առանց այլևայլությունների: Շա՛տ լավ «ժողովրդավարության բաստիոն» է, այնքան լավ, որ Հայաստանին տանում է ուղիղ ավտորիտար ռեժիմների ճամբար, որն ավարտվում է իզգոյ երկրի կարգավիճակով: Սակայն եթե «դասական» ավտորիտար երկրները ունեն սեփական շահերն ու նպատակները, ապա նիկոլապետությունը բացառապես սպասարկում է մեկ մարդու անձնիշխանության պահպանման գերխնդիրը:
Ու արդյունքում ստանում ենք այն, որ մեզ ծաղրում է ամբողջ աշխարհը, որը ցանկանա էլ` չի կարող պաշտպանել ՀՀ շահերը, քանզի այդ շահերը ձևակերպող էլ չկա: Ու գալիս ենք «խաղաղության խաչմերուկի» մոդելին, որը կոպիտ ասած նշանակում է` դառնանք թուրք, որ թուրքերը մեզ չնեղեն: Լավ, բա հետո՞... Արցախցիները թողեցին ամեն ինչ, միայն թե ադրբեջանական դրոշի ներքո ադրբեջանական անձնագրով չապրեն, հիմա ուզում են դրա՞ն մղել ՀՀ այն քաղաքացիներին, ում համար թրքանալն անընդունելի է: Դրան է գնում:
Ա. ՎԱՀԱՆՅԱՆ