Արցախյան խաղը փորձում են Հայաստանի գլխին եւս սարքել
Վերլուծություն
Չէ, ինչ էլ ասես, ակնհայտորեն տարօրինակ իրավիճակ է ստեղծվել հայ-ադրբեջանական գործընթացների շուրջ: Փաստն այն է, որ բոլորը նույն բանն են խոսում՝ իշխանական մակարդակներում չկա հիմնական խնդիրը՝ Արցախի հարցը, պետք է «խաղաղության պայմանագիր» կնքել: Խոսում են նաեւ նույն պայմաններից, սակայն գործընթացն ակնհայտորեն լռվել-մնացել է:
ԻՆՉ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ Է ԽՈՍՈՒՄ ԲԱՅՐԱՄՈՎԸ
Մոտավորապես նույն ոճի մեջ էր Բայրամովը` իր հերթական հայտարարությամբ: Ըստ նրա. «30 տարի անց ադրբեջանական հողերի օկուպացիայի ավարտը եւ այդ հողերի նկատմամբ մեր ինքնիշխանության վերականգնումը նոր հեռանկարներ են բացում Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման համար։ Այս կարգավորումը՝ հիմնված միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման եւ հարգանքի վրա, ոչ միայն կծառայի Ադրբեջանին եւ Հայաստանին, այլեւ կապահովի տարածաշրջանում եւ դրա սահմաններից դուրս համագործակցության չօգտագործված հնարավորությունների իրականացում։ Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ եւս մեկ անգամ ընդգծել Ադրբեջանի խաղաղության օրակարգը։ Հակառակ կողմից ակնկալում ենք կառուցողական մոտեցում եւ փոխադարձ քայլեր։ Հույս ունենք, որ այս առանձնահատուկ շանսը բաց չի թողնվի»:
Բայրամովի խոսքը հատուկ ամբողջությամբ ընդգծեցինք` ցույց տալու համար, որ Նիկոլը եւս իր ելույթներում, այդ թվում` վերջին շաբաթներին մի քանի անգամ բառացիորեն նույն բանից է խոսում: Կարելի է հիշեցնել Թբիլիսիում վերջին ելույթի օրինակը, որտեղ նա նույնիսկ պնդում էր, որ երկու հիմնական սկզբունքներ, այդ թվում՝ սահմանների եւ տարածքային ամբողջականության շուրջ «համաձայնություն ենք ձեռք բերել Ադրբեջանի հետ»: Դրա տակ են մտնում այն ամենը, ինչի մասին խոսում է Բայրամովը՝ միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչումը: Բայց, թեեւ Նիկոլն իր այդ ելույթում միաժամանակ պնդեց, թե. «Մենք հիմա աշխատում ենք Ադրբեջանի հետ խաղաղության եւ հարաբերությունների կարգավորման պայմանագրի նախագծի վրա, եւ հույս ունեմ՝ այս գործընթացը հաջողությամբ կավարտվի մոտակա ամիսներին», բայց ահա Բայրամովի տոնայնությունը դժվար չէ նկատել, որ այլ է: Ավելին, նա օրերս նաեւ հայտարարել էր, թե՝ Հայաստանի հետ բանակցությունները կշարունակվեն, երբ Երեւանն ընդունի Բաքվի պայմանները. «Հայաստանի ոչ կառուցողական, հակասական» քայլերը դանդաղեցրել են ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման գործընթացը»:
Այսպիսով, եթե կողմերը միաժամանակ խոսում են «խաղաղության պայմանագրի» այլընտրանք չունենալուց, միաժամանակ նույն պայմաններն են բարձրաձայնում, ինչպե՞ս հասկանանք հրապարակային ելույթներում ֆիքսվող հակասությունները, եթե Նիկոլը պնդում է, թե բանակցում են, Բայրամովը, թե այս-այս դեպքում բանակցությունները կշարունակենք: Կամ Բաքվի այդ ո՞ր պայմանները Երեւանը պետք է ընդունի, երբ Բայրամովի հրապարակավ ներկայացրած պայմանների մասին Նիկոլը մի հազար անգամ խոսել է: Ամեն դեպքում, երբ տեւական ժամանակ պաշտոնական հանդիպումներ չկան, ապա դա եւս խոսում է բանակցությունների դանդաղ, եթե ոչ՝ մեռյալ վիճակի մասին: Ու հարց է առաջանում. եթե խոսում են բանակցային նույն պայմաններից, ապա ո՞րն է այն, այսպես ասենք, կուլուարային հակասությունը, որ արգելակում է ողջ գործընթացը:
Ասենք, վերջին ժամանակներս նաեւ հրապարակային դաշտում են հակասություններ երեւացել: Այդ թվում, Ալիեւը մատնանշեց հակասություն բանակցությունների վայրի, այն է՝ միջնորդ հարթակի հետ կապված: Հիշեցնենք, որ այս հարցում Ալիեւի վերջին հայտարարությունը վերաբերում էր կա՛մ Ռուսաստանի միջնորդությամբ բանակցությունները շարունակելուն, կա՛մ էլ ուղիղ բանակցային գործընթացի անցնել Թբիլիսիում: Այլ տարբերակների հետ կապված` Ալիեւը հայտարարեց՝ կքննարկենք, կորոշենք: Այլ տարբերակը, հասկանալի է, Բրյուսելն է: Եվ այն, որ Ալիեւը քանիցս բացահայտ հրաժարվեց այդ հարթակում գործնականորեն պայմանավորված հանդիպումներից, գալիս է հուշելու, որ Բաքուն չի ցանկանում Բրյուսելում բանակցել: Իսկ ահա Նիկոլն ու Միրզոյան Արոն հրաժարվեցին գնալ Բիշքեկի հանդիպմանը: Անարձագանք թողեցին նաեւ Թբիլիսիում հանդիպելու առաջարկը: Վերջապես, ՌԴ-ն քանիցս հայտարարեց Մոսկվայում հանդիպում կազմակերպելու պատրաստակամության մասին, սակայն որեւէ շարժ տեսանելի չէ:
ՈՉ ԹԵ ՈՐՏԵՂ, ԱՅԼ՝ ՈՎ
Հասկանալի է, այստեղ խնդիրն այն չէ, թե որտեղ են հանդիպում, այլ, թե ով է կազմակերպողը, ըստ այդմ էլ՝ թե ինչ տիպի «խաղաղության պայմանագիր» է օրակարգում: Ու այս ֆոնին, մեկ նման հանգամանք եւս աչքաթող չանենք:
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մասնակցի նոյեմբերի 8-ին Մոսկվայում կայանալիք Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) մասնակից պետությունների անվտանգության խորհրդի քարտուղարների հերթական հանդիպմանը: Այս մասին հայտնեց Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի խոսնակը: Թե ինչու, որեւէ բացատրություն չկա: Այնպես, ինչպես «հանելուկ» մնաց ավելի վաղ ԱՊՀ-ի միջոցառումներին Նիկոլի եւ Միրզոյան Արարատի չմեկնելը: Ու սա սկսել է արդեն հստակ քաղաքական գծի նմանվել՝ բոյկոտվում են ԱՊՀ-ի միջոցառումները: Իհարկե, խոշոր հաշվով ԱՊՀ-ն, միգուցե, իրենից էական բան չի ներկայացնում: Սակայն իրողությունն այն է, որ հենց ԱՊՀ-ից հետ քաշվելով է, որ Վրաստանը, Ուկրաինան եւ Մոլդովան տեղափոխվեցին կոշտ հակառուսական դաշտ: Այսինքն, դա նմանվում է արեւմտյան ինչ-որ սխեմայի՝ սկսում եք ԱՊՀ-ից եւ գնում ՌԴ-ի հետ հարաբերությունների աստիճանական սրացման: Ու հիմա կարելի է մտածել, որ ինչքան էլ որ նախօրեին Միրզոյան Արոն խոսում էր ՌԴ-ի հետ հարաբերություններում որեւէ այլ դիրքորոշում չունենալու մասին, քան կառուցողական կերպով խնդիրները քննարկել- հարթել եւ բարեկամաբար առաջ շարժվելը, բայց երբ դրա հետ մեկտեղ պարբերաբար բոյկոտում ես հանդիպումները, դա բոլորովին այլ բան է նշանակում: Եվ նույնը կարելի է ասել հայ-ադրբեջանական բանակցությունների մասին. երբ ամեն ինչ անում ես գործընթացը Բրյուսելում առաջ տանելու համար, անգամ հաշվի չառնելով, որ դրա արդյունքում Արցախը հայազրկվեց (հիշեցնենք Պրահայի մասին), ապա դա մեկ բան է նշանակում՝ ռուսական հարթակի բոյկոտ: Իսկ երբ Ալիեւը հրաժարվում է Բրյուսելից, ապա դա արդեն վերածվում է բանակցային գործընթացի արգելակման:
ԳԼԽԱՎՈՐ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆԸ
Կա նաեւ երկրորդ եւ, թերեւս, գլխավոր հակասությունը: Այսպես, բանակցում ես Բրյուսելում, թե Մոսկվայում, դա չէ ամենաէականը: Այլ այն, թե այդ երկու սեղաններին ինչ է դրված:
Երբ արդեն Արցախն էլ չկա, ու միաժամանակ բոլորը խոսում են խորհրդային սահմանները պահելու մասին, ապա միակ տեսանելի հակասությունը, որը կա «խաղաղության պայմանագրի» արեւմտյան եւ ռուսական տարբերակների միջեւ, դա կոմունիկացիաների վերագործարկման հարցն է: Արեւմուտքի թեզը, որը առաջ է տանում նաեւ Նիկոլը, սա է՝ կոմունիկացիաները, եւ կոնկրետ՝ Մեղրիի հատվածը պետք է գտնվեն տվյալ պետության բացարձակ վերահսկողության տակ: Նիկոլն անգամ հայտարարեց անվտանգության վերահսկողության հատուկ կառույց ստեղծելու մասին: Իհարկե, գեղեցիկ է հնչում: Սակայն համաշխարհային պրակտիկան այլ բան է ցույց տալիս: Կոմունիկացիաները, որը 21-րդ դարի գլխավոր հարստություններից են, իրականում վերահսկում են այն ուժերը, որոնց աշխարհաքաղաքական վերահսկողության տակ է այս կամ այն երկիրը: Մնացածը՝ սուվերեն իրավունք եւ նման բան, դա արդեն գեղեցիկ փաթեթավորումն է: Կոնկրետ դեպքում, Մեղրիի հանգույցը կվերահսկի այն գլոբալ ուժը, որը Հայաստանի նկատմամբ կունենա աշխարհաքաղաքական վերահսկողություն: Հայ-ադրբեջանական «խաղաղության պայմանագիրը» կստորագրվի՞ Բրյուսելում, Հայաստանի աշխարհաքաղաքական վերահսկողությունը, նաեւ Մեղրիի գիծը կվերահսկի ԱՄՆ-ն: Կստորագրվի Մոսկվայո՞ւմ, ապա` ՌԴ-ն: Թբիլիսիո՞ւմ՝ Անկարան: Ու վերջին տարբերակը, որ Հայաստանը կմնա առանց որեւէ աշխարհաքաղաքական վերահսկողության, այն է՝ բացարձակ անկախ, դա հեքիաթների ժանրից է:
Այսինքն, երբ Ալիեւը խոսում է բանակցությունները ռուսական միջնորդությամբ կամ Թբիլիսիում շարունակելու մասին, դա մեկ բան է նշանակում՝ կարող է համաձայնվել, որ պայմանագիր կնքվի նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածության հիմքով, ավելի նախընտրելի է, որ կարողանա հասնել Էրդողանի պահանջած «Թյուրքական միջանցքին»: Բայց դեմ է ԱՄՆ-ի վերահսկողությանը: Իսկ դեպի Բրյուսել գնացող Նիկոլն իրականում խոսում է ամերիկյան վերահսկողությունից, թեեւ քաջ գիտակցելով, որ դրան հասնել հազիվ թե կարողանա: Բայց նաեւ այդկերպ ստեղծում է մի այնպիսի բանակցային փակուղի, որ կարող է հանգուցալուծվել նաեւ ռազմական ճանապարհով: Այնպես, ինչպես լուծվեց արցախյան խնդիրը:
Ամբողջ խնդիրը նորից հասնում է հետեւյալին՝ Ալիեւը կարո՞ղ է նման քայլի գնալ, հաշվի առնելով Իրանի, Ռուսաստանի, թերեւս նաեւ այս պահին ռուս-իրանական տանդեմի հետ բախման գնալ չցանկացող Թուրքիայի գործոնը, ահա հենց սա է ամբողջ խնդիրը:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ